Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր կասկածը չփարատվեց, կարծես թե մեղադրող կողմը փորձում է ավելի շատ սահմանափակել խոսքի ազատությունը, քան ողջամիտ է ենթադրել. Ռուբեն Մելիքյան

Հունիս 03,2024 16:06

Դատարանն այսօր մերժեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը: 

«Գոհ ենք դատարանի որոշումից, ինչպես տեսաք՝ դատարանը մերժեց միջնորդությունը: Ցավոք սրտի, մեր կասկածը չփարատվեց, կարծես թե մեղադրող կողմը փորձում է ավելի շատ սահմանափակել խոսքի ազատությունը, քան ողջամիտ է ենթադրել: Այս դեպքում խափանման միջոց կիրառելու նպատակը երեք ռիսկերից մեկի սահմանափակումն էր, հանցանք կատարելը կանխելը: Մենք փորձել ենք կարմիր գիծը նախանշելով, նույնիսկ մի քանի մետր կարմիր գծից այս կողմ բերենք, որ խնդիրներ չառաջանան: Շարունակելու ենք փորձել, որովհետեւ տեսնում ենք, որ խոշորացույցով հետեւում են, հետեւություններ են անում, վերլուծում: Չենք ցանկանում, որ մեր ընկերները հայտնվեն ճաղավանդակի հետեւում»,- նիստից հետո լրագրողներին ասաց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նարեկ Սամսոնյանն էլ դատարանի այսօրվա որոշումն արդար է համարում. «Քաղաքացին դատարանում, երբ որ զգում է անարդարությունը, դրանից վատ բան չկա: Շատ ուրախ եմ եւ ուզում եմ, որ ցանկացած քաղաքացի դատավճռի արդարությունը զգա: Ես չեմ զարմանում այդ միջնորդությունից, այլ հետաքրքիր հանգամանքներ էլ կան, ընթացքում կիմանաք: Այս գործը բացառապես քաղաքական է, այս գործը քաղաքականության, մեզ լռեցնելու մասին է, մեզ երկու ամսով պատժելը խափանման միջոց չի եղել, եղել է մեզ պատժել: Արդեն 6 տարվա հետապնդվող ենք, մեր հետապնդումները նորություն չեն: Չեմ պատկերացնում այսպիսի Հայաստան, ուզում եմ՝ ապագայի Հայաստանը չունենա քաղաքական հետապնդումներով դատախազություն»:

Վազգեն Սաղաթելյանն էլ կրկնեց դատարանում տված միջնորդության իր որակումը՝ անհեթեթ միջնորդություն: Լրագրողի դիտարկմանը, թե դատարանում այդ որակումը դուր չեկավ մեղադրող կողմին, Սաղաթելյանը շարունակեց. «Յուրահատուկ ճաշակ ու ընկալում ունեն իրականության մասին, կարծում են, երբ մարդուն ապօրինաբար ուղարկում են կալանքի, կալանքից դուրս գալուց հետո ինքը պետք է վերաիմաստավորի իր կյանքն ու քաղաքական հայացքները սկսի դրական բաներ խոսել իրենց հարմար մարդկանց մասին»:

Հիշեցնենք, որ դատարանը Սամսոնյանի եւ Սաղաթելյանի համար ընտրել էր խափանման միջոց վարչական հսկողությունը:

Հաղորդավարները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։ (խուլիգանություն)

Ըստ մեղադրանքի՝ 2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930