Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում. Սարդարապատում պարզել են՝ վեղարով եկած խումբը չի՞ պատրաստվում իր գործընկերների նման սադրել». Արայիկ Հարությունյան

Հունիս 03,2024 15:56

Այսօր ԱԺ հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցրեց. «Վերջերս մենք ականատես եղանք Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքի արգելքին, խոչընդոտին Սարդարապատ, արդյոք կառավարության աշխատակազմում քննարկվե՞լ է այն հարցը, որ կաթողիկոսն ունի անարգել իրավունք Կառավարական թիվ 1 մասնաշենք, ավելին՝ կաթողիկոսի մեքենան համարվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոց եւ պետք է ուղեկցում ապահովի ՊՊԾ-ն: Ձեր աշխատակազմում այս հացերը քննարկման առարկա եղե՞լ են, թե՞ ոչ եւ առհասարակ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա կառավարման ներքո գտնվող պատմամշակութային եկեղեցիները, մատուռները ֆինանսավորելու հարց դրվե՞լ է, թե չի դրվել: Խոսքը նաեւ այլ երկրներում գտնվող եկեղեցիների մասին է»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փորձեց միջամտել, թե դա 2023-ի բյուջեի հաստատման ժամանակի պետք է տար, ոչ թե կատարողականի, որը հիմա քննարկվում է:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «2018-ից հետո վարչապետի առաջարկով պետք է քննարկումներ տեղի ունենային Հայ առաքելական եկեղեցու եւ կառավարության միջեւ եւ դրա արդյունքում պետք է լուծվեին բոլոր այդ հարցերը, այդ թվում՝ հարկային դաշտի եւ աջակցության հետ կապված, բայց ցավոք սրտի Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համապատասխան պահվածքի պատճառով այդ երկխոսությունը չստացվեց: Երբ ՀԱԵ ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանությունը համապատասխան գործիքներով է հարաբերվում տվյալ կառույցի հետ, այնպես, ինչպես կլինի ցանկացած քաղաքական խմբավորման հետ կապված, որը մասնակցում է քաղաքական այս կամ այն գործընթացին»:

Ինչ վերաբերում է Սարդարապատի դեպքին, նա ասաց, «Երբ ՀԱԵ գլխին կանգնած կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժման առաջնորդություն եւ այդ շարժման ներկայացուցիչները թե՛ տվյալ օրը, թե՛ նախորդ օրը դրսեւորում են հասարակական կարգը խախտելու, ոստիկանության եւ տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելուն, հետեւաբար եւ եթե խոսքը կոնկրետ մայիսի 28-ին է, անվտանգությունը ապահովող մարմիները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին՝ պարզելու, թե արդյոք վեղարով տվյալ տարածք եկած խումբը չի պատրաստվում իր մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը: Երբ որ պարզվել է, որ նրանք ընդամենը 2-3 րոպեով պետք է բարձրանան եւ հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է այցելել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»:

Արծվիկ Մինասյանը մեջբերեց «Կրոնական կազմակերպությունների» մասին օրենքը, որի համաձայն, հոգեւորականները կարող են մասնակցել հասարակական, քաղաքական կյանքին այլ քաղաքացիների հետ համահավասար. «Բա էն մյուս կրոնական կազմակերպություններին, որոնք համարվում են ոչ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ուղղվածության կազմակերպություն, նրանց նկատմամբ ի՞նչ վերաբերմունք եք ցույց տալիս, համարժե՞ք վերաբերմունք՝ սկսած սատանիստական կազմակերպությունները»:

Արայիկ Հարությունյանը հարցրեց՝ ի՞նչ գործողություններ են արել, որ չենք արձագանքել: «Սկսած Եհովայի վկաներից, ավարտված վերջին օրերի դեպքերը, դուք հանիրավի նորից շարունակում եք մեղադրանք հնչեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը եկել է 2023-ի կատարողականը ներկայացնելու, ոչ թե իրեն հարող շարժման քարոզչությանը մասնակցելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930