«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ-ում այսպես հերքեց լուրերը, որ կառավարությունից զգուշացնում են արցախցիներին, որ եթե մասնակցեն Բագրատ սրբազանի ցույցերին, կզրկվեն սոցիալական աջակցության ծրագրերից:
Նա հայտարարեց. «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ցանկացած մարդ ցանկացած հարթակում իր կարծիքը կարող է արտահայտել, այդ թվում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնակցել»:
Խոսելով շարժման մասին՝ նախարարն ասաց. «Հիմա ես խուճապի մե՞ջ եմ: Չէ, կառավարությունում խուճապային տրամադրությունների մեջ չեն: 2018-ից հետո Հայաստանում ստեղծվել է ժողովրդավարական իրավիճակ, եւ յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր շարժում՝ հանուն տարբեր գաղափարների, կարող են իրենց կամքը արտահայտել, մինչեւ այն պահը, քանի դեռ օրենք չի խախտվել»:
Նա վստահեցրեց, որ իրենք միշտ ժողովրդի կամքի հետ հաշվի են նստելու. «2018-ից հետո իրավիճակն այն է, որ ցանկացած մարդ կարող է դուրս գալ եւ զբաղվել քաղաքականությամբ, լինի դա հոգեւորական, թե այլ: Գնահատականը ժողովուրդը կտա»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Փաշինյանը 2018-ին հայտարարել էր՝ եթե այս հրապարակում այսքան մարդ ասի՝ հեռացիր, ես կհեռանամ, արդեն մի քանի անգամ այդ հրապարակում երկու անգամ ավելի շատ մարդ է հավաքվել, ինչո՞ւ չի հեռանում՝ Նարեկ Մկրտչյանը ասաց. «Եթե ժողովուրդը տա գնահատական, մենք հաշվի կնստենք»: Հարցադրումներին՝ բա հրապարակում ժողովո՞ւրդ չի՝ նա չպատասխանեց ու հեռացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ