«Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատարանն այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ քննելու մեղադրող դատախազի ներկայացրած միջնորդությունը:
Մեղադրող դատախազը միջնորդում էր փոխել Սամսոնյանի եւ Սաղաթելյանի խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ դատարանն ընտրել էր խափանման միջոց վարչական հսկողությունը:
Ըստ դատախազի՝ դատարանի կողմից ընտրված խափանման միջոցից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, վարչական հսկողության խափանման միջոցի շրջանակներում կիրառված սահմանափակումները խախտվել են:
Կարդացեք նաև
Դատախազը հիշեցրեց, որ դատարանը սահմանել էր, որ մեղադրյալները չվարեն հաղորդաշար, այդ թվում՝ «Իմնեմնիմիին» համանման հաղորդումներ չվարեն, նրանք չպետք հյուր գնան կամ մասնակից լինեն այդ հաղորդմանը. «Մեղադրանքի սահմաններում ընդգրկված որոշակի խոսույթի, բառակապակցությունների վերաբերյալ նման հայտարարություններով հանդես գալու հետ կապված սահմանափակումներ եք կիրառել: Բայց պարզվեց, որ ձեր որոշումից հետո թե Սամսոնյանը, թե Սաղաթելյանը իրականացրել են այն գործառույթը, որը ձեր կողմից սահմանափակվել էր, վերջիններս վարել են հաղորդում, այն վարելու որեւէ իրավունք իրենք չունեին:
Սամսոնյանը երկու անգամ ելույթ է ունեցել ու հաղորդում է վարել, ու այդ հաղորդումն իր բնույթով ու կահավորմամբ համապատասխանում է հաղորդման հասկացությանը ու չի տարբերվում «Իմնեմնիմի» հաղորդումից: Սամսոնյանը մայիսի 24-ին, 28-ին հանդես է եկել որպես հաղորդավար, անդրադարձել ներքաղաքական հարցերի ու իրեն առնչվող քրեական վարույթին: Մայիսի 24-ին Սամսոնյանն այն նույն յութուբյան ալիքով, որով հեռարձակում էին իրենց «Իմնեմնիմի» հաղորդումը, հանդես է եկել կոնկրետ վերնագիր կա՝ Նարեկ Սամսոնյանը իր կալանավորման, ներքաղաքական զարգացումների ու Փաշինյանի ուղերձի մասին: Այնպիսի տաղավարային վիճակ, ինչպիսին եղել է «Իմնեմնիմիում»:
Էլ ինչպես Նարեկ Սամսոնյանը հաղորդում վարեր, որ դա չդիտվեր «Իմնեմնիմիի» նման, կամ դրան հավասարեցված: Որ մեղադրյալները առանձին- առանձին են վարում, դա է միակ տարբերությունը, հարգելի դատարան, Ձեր որոշման ոգին ու բովանդակությունը սրա՞ն էր վերաբերում»:
Մեղադրող դատախազը նաեւ ասաց, որ Սամսոնյանն իր մայիսյան հաղորդման ժամանակ մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ արատավոր, վիրավորական արտահայտություններ է արել, օրինակ, ըստ դատախազի, նշել է այսինչյան այսինչը այսինչ գործողությունն է կատարել, ինչը հանցագործություն է:
Անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանին՝ մեղադրող դատախազը նկատեց, որ վերջինս նույն էջով, նույն ձեւաչափով մայիսի 26-ին հաղորդում է վարել ու հաղորդման երկրորդ րոպեին իշխանությունների հասցեին օգտագործել «քնձղ» բառը:
Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց իր առարկությունները:
Ըստ Մելիքյանի՝ դատարանի սահմանած սահմանափակումներով նախատեսված «Իմնեմնիմիին» հավասարեցված հաղորդում չվարելը ընկալել են այսպես. «Անունը փոխենք, բովանդակային ու ֆորմալ ատրիբուտները պահենք, ինչ-որ ուրիշ անուն դնենք ու ասենք՝ սա «Իմնեմնիմի» չէ»:
Պաշտպանն ասաց, որ արգելել են իրենց վստահորդներին որեւէ հաղորդման մեջ ներկայանալ, որը կոչվում է փոդքասթ, ինչպես՝ «Իմնեմնիմին». «Լայվ կարո՞ղ ենք անել, դատարանը պարզաբանեց՝ այո: Ինչո՞վ է տարբերվում լայվը փոդքասթից, լայվը բովանդակություն է առանց ձեւի, իսկ փոդքասթը հստակ բովանդակային ատրիբուտներ ունեցող մեդիա արտադրանք է: Լայվը չի կարող հավասարեցված համարվել փոդքասթին: Փոդքասթ միշտ երկխոսություն է: Եվ իմ պաշտպանյալի մասով, կարող ենք արձանագրել, որ մեղադրող կողմը չի արձանագրել, որ Սամսոնյանի կողմից հրապարակվել է հայհոյանք կամ անպարկեշտ արտահայտություն»:
Մելիքյանը միջնորդեց մերժել միջնորդությունը, նրան միացան մյուս պաշտպանները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ