Հայաստանում՝ պղնձի արդյունահանման արդի վիճակի եւ մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողով անցկացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Ձեռնարկության ղեկավարությունը հյուրընկալել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երեւանի պետական համալսարանների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսորների, դոցենտների, գիտաշխատողների:
«Եթե մենք սահմանել ենք նշաձող՝ ունենալ ամենաբարձր ցուցանիշներով ձեռնարկություն՝ թե՛ տեխնոլոգիական, թե՛ բնապահպանական, թե՛ կառավարման, թե՛ կորպորատիվ պատասխանատվություն առումներով, ուրեմն մենք ճիշտ վայրում ենք՝ ու ոլորտին իսկապես տիրապետող մարդկանց հետ ենք։ Այստեղ այն մարդիկ են, որոնց հետ կարեւոր է աշխատել եւ ունենալ քննարկումներ։ Սրանք զուտ խոսքեր չեն, սա մեր հայեցակարգն է»,-ասաց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Կարդացեք նաև
Քննարկման հիմնական թեման՝ որոշ մետաղների ձուլարաններով պատրաստված իրեր ունենալուն էր վերաբերում, այդ ճյուղում Սյունիքի դերին ու պաշարներին: Աշխատաժողովի մասնակիցները միաձայն արձանագրեցին, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առաջատարը:
Կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն ամփոփ ներկայացրեց ձեռնարկության վերջին տարիների գործունեությունը, հաջողություններն ու ձեռքբերումները: «2023թ-ի ցուցանիշներով վճարել ենք մոտ 200 մլն դոլար հարկ, մեր արտադրանքը կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 2,2 տոկոսը, 4666 աշխատող ունենք, միջին աշխատավարձը 683 000 դրամ է, որը Հայաստանում բարձր աշխատավարձ է համարվում»,-մասնավորապես նշեց Վարդան Ջհանյանը։
Տնտեսագետներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչպես են կարողանում զարգացում ապահովել՝ տարադրամի փոխարժեքների եւ պղնձի միջազգային շուկայական գների տատանման պայմաններում:
Աշխատանքային քննարկումից հետո մասնակիցները եղան կոմբինատի բաց հանքում ու ջարդիչ կայանում:
ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը շատ անգամ է եղել այս հանքավայրում ու նկատում է՝ թե՛ բնապահպանական, թե՛ կազմակերպչական առումով առաջընթացը չարձանագրել հնարավոր չէ:
Իսկ Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող այս ձեռնարկության մասին ոչ մասնագիտական հայտարարությունները՝ երկրին վնասելու ամենակարճ ճանապարհ որակեց:
Աշխատաժողովում ձեռք բերվեցին համագործակցության մի քանի պայմանավորվածություն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ