«Տուրիզմի ֆեդերացիայի հետ մեր համագործակցությունը կարեւորում եմ, որովհետեւ մշակույթի միջազգայնացման խնդիրը տուրիզմի հետ սերտ առնչություն ունի»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով ֆեդերացիայի հետ պայմանագրի կնքմանը, համաշխարհային հանրությանը հայկական ժողովրդական արվեստի պատշաճ ներկայացման անհրաժեշտությանը, հեռանկարներին:
Ասաց, որ մեկ տարի է՝ համագործակցում են տարբեր նախագծերի շրջանակում: Հավելեց, որ շուտով Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի համերգները կներառվեն զբոսաշրջային փաթեթներում, ինչի արդյունքում օտարերկրացիներին կներկայացվի մեր ազգային մշակույթը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ վաղուց ունեն համագործակցության հաջողված պատմություն, կան նաեւ խնդիրներ, որոնք փորձել են կարգավորել:
«Հանրության մեջ արդեն ձեւավորվում է այն ընկալումը, որ տուրիզմը միայն տնտեսական նշանակություն չունի, նպատակը միայն զբոսաշրջային այցելություններից եկամուտներ ստանալը չէ: Այն ոչ պակաս կարեւոր սոցիալական, մշակութային, նույնիսկ քաղաքական նշանակություն ունի: Մենք պետք է տուրիզմի միջոցով կարողանանք Հայաստանի, հայ ժողովրդի ողջ մշակութային բազմազանությունը պատշաճ ներկայացնել թե Հայաստանում, թե համաշխարհային հանրությանը: Մենք բոլորս հաճախ շատ պատկերացում չունենք մեր մշակութային ժառանգության, այսօրվա զարգացումների մասին: Տուրիզմի միջոցով կարող ենք նպաստել նաեւ միջմշակութային երկխոսությանը, ժողովուրդների միջեւ բարեկամության հաստատմանը, դրանով՝ մեր միջազգային հեղինակության ամրապնդմանը»,-նշեց Ապրեսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ