Լրահոս
Օրվա լրահոսը

«2050թ-ին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ, մեզ պետք է շատ մարդ, որ գան ՀՀ-ում ապրեն, ուրիշ տարբերակ չկա, ակնհայտ է, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու». Արսեն Թորոսյան

Հունիս 03,2024 13:23

Այսօր ԱԺ հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց կատարած աշխատանքը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ տարբեր գնահատականներով, հատկապես ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությամբ, եթե միջին սցենարով գնա մեր ժողովրդագրության զարգացումը, մենք 2050 թվականին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ, թեեւ պլանավորել էինք ավելի շատ. «Ակնհայտ է, որ միայն ծնելիության խթանմամբ չենք կարողանալու ժողովրդագրություն բարելավել, որովհետեւ մեր պտղաբերության ցուցանիշը 1,7 է, իսկ մենք գիտենք, որ անհրաժեշտ է առնվազն 2,1, որպեսզի ունենանք դրական դինամիկա»:

Ինչ առաջարկեց Արսեն Թորոսյանը. «Իմ խորին համոզմամբ, կարող ենք մեր ժողովրդագրությունը բարելավել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկա: Մեզ պետք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնհայտ է նաեւ, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու: Հայեր էլ կլինեն, իհարկե, ոչ այդքան բարվոք երկրներից: Բայց մենք ի՞նչ ենք անում, որ այս հարցը սկսենք լուծել, որովհետեւ առանց աշխատուժի` մեր տնտեսությունը չի կարողանալու ապրել ու աճել»:

Նա հարցրեց, թե ո՞նց պիտի անեն, որ Հայաստան եկած մարդիկ ինտեգրվեն մեր հասարակությունում, հայերեն սովորեն, դպրոց գնան երեխաները:

Արսեն Թորոսյանը նաեւ ասաց, որ ծնելիության անկում ունենք, 2023-ին ավելի քիչ երեխաներ են ծնվել, քան 2022-ին, ընդ որում, եթե արցախցիները չգային ու այստեղ չծննդաբերեին, ցուցանիշն ավելի վատ կլիներ: Բացի այդ, գենդերային ճեղքն էլ է մեծացել. «Մենք ունեինք 111 տղա՝ 100 աղջկա դիմաց, հիմա 112/100 է դարձել: Պետք է կոտրենք հակառակ ուղղության վրա»: Արսեն Թորոսյանը հարցրեց՝ նոր լուծումներ կա՞ն, որովհետեւ հին ձեւերը չեն աշխատում:

Նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ աշխարհում առհասարակ ծնելիության անկում կա:

Նա ասաց, որ այլ երկրներում կազմակերպած աշխատանքային միգրացիա անելու համար լեզվի ինստիտուտներ են ստեղծում, որ մարդիկ, հայտնվելով այդ երկրում, որոշ գիտելիքներ ունենա երկրի մասին ներածական ու հաղթահարել լեզվի բարիերը: Նախարարն ասաց, որ ժողովրդագրության խնդիրները լուծելու համար ռազմավարություն են մշակում, քննարկումներ անում:

Արսեն Թորոսյանն արձագանքեց, որ սովետական իներցիայով երբեմն այլ երկրների քաղաքացիների աշխատանքի իրավունքը մերժում են. «Իմ համար անհայտ է, թե ո՞նց կարելի է մի քաղաքացու ընդունել, մեկին՝ մերժել, ի՞նչ են անում, ֆեյսբուքյան պրոֆիլը սըրչ են անում, տեսնում են՝ ինչ երկրների քաղաքացի ընկե՞ր ունի: Ահազանգեր կան, որ 50 հոգու ներկայացնում են, մի մասին չեն ընդունում ու պարզաբանում էլ չեն ներկայացնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ճշտում` «Եթե մենք մնանք իշխանությանը, ակնհայտ է, որ 2050թ-ին կունենանք հազիվ 1,3 մլն մարդ: Մեզ պետք է շատ մարդ, որ գան ՀՀ-ում ապրեն, ուրիշ տարբերակ չկա, ակնհայտ է, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու:»
    Լրացում. «Նաև ակնհայտ է, որ ազերին չի գալու Հայաստան ապրելու եթե այն չվերնվանվի առնվազ Էրմանիստան:» ….Այլ ‘ակնհայտեր’
    Այս ամենը ունի անուն` ակնհայտ սրիկաների իշխանություն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930