Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում հայտարարել էր. «Ես, օրինակ, ուզում եմ վերադառնալ՝ այդ բանավեճը կար չէ, որ բուհերի հետ կապված հայտարարություն, որ ընդհանրապես քաղաքական ներկայացուցիչներ չլինեն, այո, մենք այդ բարի կամքը դրսևորել ենք, բայց հետո տեսանք, որ բուհերը վերածվում են ծայրահեղական խմբավորումների ընդհատակյա ցանցերի համար նպաստավոր միջավայրի: Հիմա էլ դեռ շատ խորը պրոբլեմներ կան այդ առումով: Ոչ, մենք պետք է քաղաքական առաջնորդություն իրականացնենք»:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենը հետեւյալը նշեց. «Փաշինյանն այստեղ կրկին ընդամենը իր քաղաքական ճամբարը լքած Հայկ Մարությանի՝ սեւ ու սպիտակի թեզն է առաջ տանում: Սեւ ու սպիտակ. բոլոր նրանք, որոնք մեզ հետ են՝ սպիտակներն են, մյուս բոլորը՝ սեւեր: Սա դասական բոլշեւիկյան մոտեցում է, որը փաստացի ոչ միայն կործանման է տալու հենց իրենց, արդեն իսկ կործանել է Արցախը, այլեւ կործանման է տանում Հայաստանը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ