Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյանի պաշտպանն այլ որոշում էր ակնկալում՝ արդարացման որոշում

Հունիս 03,2024 12:55

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով վճիռը, համաձայն որի՝ Երանոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվեց, նրա նկատմամբ կիրառվեց համաներում։

Դատարանը որոշեց 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) Երանոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել եւ նրան մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Իսկ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվեց 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ Երանոսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, ապա այդ մասով կիրառվեց համաներում։

Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը Aravot.am-ին ասաց, որ այս պահին չի շտապի գնահատական տալ դատարանի որոշմանը, հրապարակված վճռին, քանի դեռ չեն ստացել որոշումն ամբողջությամբ ու քանի դեռ չի ծանոթացել որոշման նկարագրությանը: Միայն հավելեց, որ այլ որոշում էին ակնկալում՝ արդարացման որոշում:

Հիշեցնենք, որ Լեւոն Երանոսյանը մեղադրվում էր 2018-ի հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930