Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանը՝ ադրբեջանական կեղծ քարոզչության հերթական «հանգրվան». «Գեղարդ» հիմնադրամ

Հունիս 03,2024 12:48

Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, «Ադրբեջանի աստվածաշնչյան ընկերություն» քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռասիմ Խալիլովը և այլք։ Հիշեցնենք, որ այս անձինք ինտենսիվորեն ներգրավված են Արցախում հայ ժառանգության բռնայուրացման քաղաքականության մեջ: Մասնավորապես՝ Ռ․ Մոբիլին, լինելով ուդիական համայնքի առաջնորդ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուդիական համայնքը բազմիցս  «ուղղորդել» է հայկական եկեղեցիներ՝ Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք՝ կրոնական ծիսակատարություններ կատարելու նպատակով։

Միջազգային մի շարք համաձայնագրերով և հռչակագրերով (Հաագայի 1954 թվականի I և II արձանագրությունները, 2003 թվականի Մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագիրը, 2005 թվականի Ֆարոյի կոնվենցիան և այլն)՝ հանցագործություն է համարվում ոչ միայն հուշարձանների ֆիզիկական ոչնչացումն ու վանդալիզմը, այլև եկեղեցիների ինքնության ջնջումն ու վերափոխումը:

Միջոցառման՝ բացման իր խոսքում դեսպան Նարգիզ Գուրբանովան խոսել է Ադրբեջանում մուլտիկուլտուրալիզմի ավանդույթների մասին՝ նշելով. «Պատմականորեն մեր երկրում տարբեր կրոնների և ժողովուրդների ներկայացուցիչներ ապրել են կողք կողքի՝ խաղաղ և ներդաշնակ»։

Ի՞նչ խաղաղության և ներդաշնակ ապրելու մասին է խոսքը, երբ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որը սանձազերծել էր Ադրբեջանի իշխող ռեժիմը, անխնա թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությանը, իսկ «բազմամշակութային ավանդույթներ ունեցող» ադրբեջանական բռնապետությունը շուրջ տասը ամիս շրջափակման մեջ էր պահել 120.000 հայ բնակչությանը՝ մատնելով սովի, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:

«Հանդուժող» երկրի իշխանությունները, գերտերությունների թողտվությամբ, շրջափակումից հետո խաղաղ բնակչությանը ենթարկեցին բռնի տեղահանության և շարունակեցին յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը` խաղալով  «խաղաղ և բազմամշակութային» իրենց դերը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի պետական ռեժիմի վարած քաղաքականությունը և հորդորում է միջազգային կազմակերպություններին ու ժողովրդավարական երկրներին՝ դատապարտելու ալիևյան բռնապետական ռեժիմը, կանխելու հայ մշակութային ժառանգության ոչնչացումը:

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930