Նորագյուղ թաղամասում կառուցելու ենք Երեւան քաղաքի նոր կենտրոնը։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը զեկուցեց, որ Նորագյուղ թաղամասի վերակառուցման քաղաքաշինական հայեցակարգի որոշման նախագիծն իրավաբանական վարչությունում է, շուտով փաթեթը պաշտոնական շրջանառության մեջ կդրվի․«Նախագծով առաջարկվում է քաղաքապետին լիազորել, որ ձեռքբերող ընկերության հետ կնքի պայմանագիր, որից հետո գերակա շահ ճանաչելու մասին գործընթացը մեկնարկի»։
Քաղաքապետ Ավինյանն էլ առաջարկություն արեց՝ քննարկել թաղամասի վերակառուցման հետ կապված հեռանկարային հնարավորությունները որոշակի կարգավիճակների վերաբերյալ․«Հիմա մենք այդ հատվածում երկու փուլով պետք է կառուցենք Երեւան քաղաքի նոր կենտրոնը։ Դա պետք է ունենա որոշակի ներդրումային գրավչություն, որպեսզի կարողանանք քննարկել միջազգային խոշոր կառուցապատող ընկերությունների հետ։ Ճիշտ կլինի, որ ԾԻԳ-ը սկսի այդ փաթեթների քննարկումը։ Օրինակ՝ կարելի է Աբու-Դաբիի Ռիմ կղզու օրինակը նայել, թե նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրերին ինչ կարգավիճակներ են տրվել, ինչ հնարավորությունների են տրվել։ Ստանդարտ քառակուսուց կարելի է դուրս գալ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից