«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք Բագրատ սրբազանի գլխավորությամբ բողոքի ցույց են անում Քննչական կոմիտեի շենքի մոտ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ներկայացրեց իրենց պահանջները։ Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ անցկացված ցույցի ժամանակ ձերբակալվել է 28 անձ։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել վերանշյալ 28 անձի ձերբակալել։
«28 անձանց մեղադրանք չի առաջադրվել, դա նշանակում է, որ այսօր ժամը 3-ից մինչեւ 5-ը նրանք ձերբակալվածներին պահելու վայրերից պետք է ազատ արձակվեն։ Այնքան շատ էին ձերբակալվածները, որ մարդկանց ստիպված տեղափոխվել են Մասիսի եւ Աբովյանի ձերբակալվածներին պահելու վայրեր։ Մարդկանց 72 ժամ պահել են, ըստ էության պատժել են։ Մարդուն ոչնչի համար 72 ժամ պահել ձերբակալվածների պահման անմխիթար վիճակում գտնվող վայրում, դա մարդկային նորմերի հետ որեւէ աղերս չունի։ Մարդը 72 ժամ զրկվել է ազատությունից, ինչի՞ համար, որովհետեւ 72 ժամ իրականացրել է իր սահմանադրական իրավունքը, որովհետեւ համաձայն չէ, որ իր երկիրը մաս-մաս նվիրեն թշնամուն»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Էլինար Վարդանյանն անդրադարձավ նաեւ Արցախի համայնքապետերի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներին։ «Մարտակերտի, Ասկերանի ու Ստեփանակերտի համայնքների ղեկավարների նկատմամբ վարույթներ են հարուցվում, ինչի՞ համար, որ համայնքի գո՞ւյքն են փրկել, ո՞վ է տուժողն այդ դեպքում։ Ադրբեջանն այդ նույն համայնքների հազարավոր գույքերին է տիրացել, ո՞ւր է, մեկ հատ քրեական վարույթ ցույց տվեք, որ Ադրբեջանի նկատմամբ համայնքների գույքի հետ կապված որեւէ վարույթ է հարուցված»։
Կարդացեք նաև
«Քաղաքացու դեմքին ոստիկանի կոշիկի հետքն է, այդ գործով վարույթն ո՞ւր է։ Այսինքն՝ միայն ոստիկաններին մարդկանց վրա բորենու ու խուլիգանի նման ուղարկելու համա՞ր են այս իշխանությունները։ Բայց այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու մասին որեւէ մեկը չի խոսո՞ւմ։ Այստեղ ամենակարեւոր հարցը հետեւյալն է՝ արժեզրկվում է համակարգը, որը հետո խժռելու է այս համակարգը ստեղծողներին։ Վաղը դուք ձեր ստեղծած համակարգի ձեռքը կրակն եք ընկնելու։ Ձեր գործերը քննելու է այն համակարգը եւ այն ընթացակարգով, ինչ ընթացակարգով այսօր եք գործում»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ