«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք Բագրատ սրբազանի գլխավորությամբ բողոքի ցույց են անում Քննչական կոմիտեի շենքի մոտ։
Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ անցկացված ցույցի ժամանակ ձերբակալվել է 28 անձ։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել վերանշյալ 28 անձի ձերբակալել։
«Նախ ուզում ենք հասկանալ, թե ի վերջո Քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների՞ դեմ, թե՞ նաեւ գործողություններ ունի ձեռնարկած այն բոլոր ոստիկանական բռնությունների դեմ, որոնք իրականացվել են այս ընթացքում»,- ասաց Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
«Մեր պահանջն ի՞նչ է, նախ պետք է ուզենք, որ պարոն Քյարամյանը կամ որեւէ ներկայացուցիչ իջնի՝ քաղաքացիների հետ խոսելու։ Ի՞նչ են անում այստեղ այսքան շարքերով ոստիկանները, ինչո՞ւ ենք այստեղ, մեզ ահաբեկելու համա՞ր։ Ես ասել եմ՝ մեզ ոչ մեկ չի կարող ահաբեկել, սա պետք է բոլորի ականջներին օղ լինի։ Անցել են վախեցնելու ու ահաբեկելու ժամանակները, այն վախկոտը նստած՝ մարդկանց իրար է խառնել, ոստիկանական շարքերը հանել է ժողովրդի դեմ, մենք այդ գայթակղությանը չպետք է տեղի տանք: Նա ուզում է արյուն տեսնել, նրա սիրտը դա է ուզում, արդեն իսկ շրջանառում են Մարտի 1-ի մասին։ Ասեմ այդ մարդուն՝ քեզ այդ հաճույքը չենք տալու, մի հուզվիր, բայց ուրիշ հաճույք մենք ստանալու ենք»,- ասաց Բագրատ սրբազանը։
ՔԿ ներկայացուցիչն ասաց, որ ոչ ոք չի իջնելու ներքեւ, քաղաքացիների ընդունելության սահմանված կարգով կարող են դիմում գրել ու հերթագրվել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ