Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը դժգոհ է Կոնդի կառուցապատման ծրագրի մրցույթի ընթացքից․ «Քաղաքական պաշտոնյաների ժամանակը շատ սահմանափակ է․ միգուցե այլ գործընկերներին խնդրենք առաջարկ տան»

Հունիս 03,2024 11:32

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է Կոնդ թաղամասի կառուցապատման ծրագրի մրցույթի ընթացքից։

Այսօր քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը զեկուցեցեց, որ քաղաքաշինության կոմիտեի հայտարարած Կոնդ թաղամասի կառուցապատման միջազգային բաց մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփված են․ «Առանձնացված յոթ աշխատանքները պետք է մասնակցեին մրցույթի երկրորդ փուլին։ Ապրիլի 30-ին հայտարարվել է 2-րդ փուլի մրցույթը։ Նախատեսված է, որ 2-րդ փուլի ամփոփման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է։ Ենթադրվում է, որ արդյունքները պետք է ամփոփվեն եւ գնահատվեն մինչեւ դեկտեմբերի 20-ը։ Այսինքն, ենթադրվում է, որ տարեվերջին մրցույթի հաղթողները կհրապարակվեն»։

Տիգրան Ավինյանը դժգոհեց՝ անտրամաբանական երկար է տեւում՝ հաշվի առնելով, որ այս գործընթացը 2021 թվականից է սկսվել․ «Գոնե մենք կարո՞ղ ենք ունենալ հավանական հաղթողներ։ Խնդրենք մեր գործընկերներին որոշակի ինֆորմացիա տրամադրեն, որ կարողանանք սկսենք աշխատել նախագծի վրա, ներդրողներին փորձենք ներգրավել, որովհետեւ ժամանակը գնում է, անվերջ չէ, քաղաքական պաշտոնյաների ժամանակն էլ շատ սահմանափակ է։ Այս ժամանակում կամ հասցնում ես մի բան անել կամ չես հասցնում։ Եվ այդ անվերջանալի մրցույթների տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ»։

Բաբայանն ի պատասխան ասաց, որ նոր նշանակման հետ կապված չի կարողացել քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ անձամբ հանդիպել ու քննարկել․ «Կփորձենք հնարավորինս մեծ մասսայականություն ապահովել, հարցն առաջ քաշել, դա չափազանց կարեւոր է հատկապես միջազգային մրցույթների ժամանակ ՝գոնե դիմելիություն եւ թեկնածուներ ներգրավելու համար»։

Քաղաքապետն էլ նկատեց՝ մեկ տարուց ավելի է՝ և ընտրված սուբյեկտ կա, ովքեր պետք է անցնեն երկրորդ փուլ․«Շատ երկար է տեւում 2-րդ փուլը, առաջին փուլն էլ էր շատ երկար։ Անտրամաբանական շատ երկար է։ Մենք չէինք ուզում վերջնական նախագիծ այս մրցույթի տրամաբանությամբ, այլ ուզում էինք կոնցեպտուալ առաջարկ որոշակի մակարդակով, չենք գնում կոնստրուկտորական մասերն էլ պահանջում»։

Ավինյանի խոսքով․ «Անկախ նրանից, թե որ մարմինն է կազմակերպում, քանի հոգի է ներգրավված, քաղաքաշինության կոմիտեի գործընկերների համար էլ դժվար է, որովհետեւ ահռելի ծավալի ժյուրի է հավաքված, չգիտեմ, միգուցե այլ պատճառներն էլ․․․բայց յուրաքանչյուր հարց, մանավանդ Երեւան քաղաքի վերաբերյալ մեր պատասխանատվությունն է, ժամկետներն էլ մեր պատասխանատվությունն է, եթե ստանում ենք առաջարկ, մեծ հաճույքով բոլոր գործընկերների հետ այդ առաջարկով կխոսենք, եթե չենք ստանում՝ միգուցե արդեն միջազգային այլ գործընկերներին խնդրենք իրենք տան առաջարկ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930