Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական կոմիտեի ղեկավարին ընդամենը մեկ անգամ եմ տեսել՝ Արցախում, հիմա գնում ենք որոշակի պահանջներ ներկայացնելու»․ Բագրատ սրբազան

Հունիս 03,2024 11:06

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ քաղաքացիներն այցելում են Քննչական կոմիտե։

Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ անցկացված ցույցի ժամանակ ձերբակալվել է 28 անձ։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել վերանշյալ 28 անձի ձերբակալել։

Բագրատ սրբազանը Սուրբ խաչ եկեղեցում նախ դիմեց քաղաքացիներին․ «Այսօր շատ-շատ կարեւոր գործ ունենք անելու, եւ մենք մեր հանդարտությունը, մեր ուղղամտությունը, արդարության զգացումը որեւէ վայրկյան չենք կորցնելու»։

Լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանն ասաց, որ Քննչական կոմիտեի ղեկավարին ընդամենը մեկ անգամ է տեսել Արցախում՝ պատերազմի օրերին։ Հարցին, թե ինչո՞ւ են գնում հենց Քննչական կոմիտե, կոմիտեն գործո՞ն է, ազատ կարձակի՞ ձերբակալվածներին, նա պատասխանեց․ «Մենք ուղղակի գնում ենք, որոշակի պահանջներ ունենք ներկայացնելու, որոնք իրենց գործառույթների մեջ են։ Մեր երկրում խորքում ոչ մեկ էլ գործոն չէ։ Այս ամբողջը մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց ես հավատում եմ, որ մարդիկ, որոնք պաշտոնների գլուխ են, կարող են ինչ-որ ընթացք բեկել, իրենց արդարության սկզբունքով հնարավոր է դա անել։ Ամեն մարդ չէ, որ կարող է ենթարկվել քմահաճույքներին, ապօրինի հրամաններին ու հրահանգներին»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով էր երթեւեկում, լսե՞լ է իր հորդորը, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ասացինք, արեց, հուսամ, որ մյուս բաներն էլ ասում ենք, կանի»։

Անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունների տարբերակը դիտարկո՞ւմ են, նա պատասխանեց․ «Եկեք դրան չանդրադառնանք, դրա մասին չխոսենք»։

Բագրատ սրբազանը նաեւ ասաց, որ շարժմանը միացած դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներն այսօրվանից սկսած այցելելու են բոլոր դեսպանատներ, Եվրամիության ներկայացուցչություն՝ ներկայացնելու իրավիճակը, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930