jam-news.net. Ռուսաստանը ցանկանում է 2024 թվականին գլխավոր հյուպատոսություն բացել հայաթափված Ստեփանակերտում (ադրբեջանցիները քաղաքն անվանում են Խանքենդի)։ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։
JAMnews-ի ադրբեջանական խմբագրությունը այս հարցի վերաբերյալ մեկնաբանության է խնդրել քաղաքական մեկնաբան Հաջի Նամազովից։
Փորձագետի կարծիքով՝ Ղարաբաղում Ռուսաստանի հյուպատոսության անհրաժեշտություն չկա.
«Ղարաբաղում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։ Ընդհանրապես չկան։ Իսկ ռուսական կողմի ցանկությունը կարելի է գնահատել այսպես՝ Ռուսաստանը չի ուզում դիրքեր կորցնել Ադրբեջանի այս հատվածում, մասնավորապես՝ իր խաղաղապահ ուժերի դուրսբերումից հետո։ Բայց սա պե՞տք է Ադրբեջանին։ Հարցը հենց դա է։ Կարծում եմ՝ ոչ։
Կարդացեք նաև
Վերջին 30 և ավելի տարիների ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանում իր ներկայության համար կուլիսային պայքար է մղում Թուրքիայի հետ: Բայց նա ամբողջությամբ պարտվել է այդ պայքարում: Եվ այստեղ խոսքը նույնիսկ դիվանագիտական ներկայության մասին չէ։
Թվում է, թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանը այս ամենի հետ։ Երկու երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, այսինքն՝ Ադրբեջանի քաղաքացիներին Ռուսաստանի դեսպանություն պետք չէ։ Երկրում շատ քիչ ՌԴ քաղաքացիներ կան, և նրանք իրենց հարցերը հեշտությամբ լուծում են Բաքվի դեսպանատան հյուպատոսական բաժնի միջոցով։ Բայց Ղարաբաղում [ՌԴ քաղաքացիներ] գործնականում չկան։
Եթե նույնիսկ Ստեփանակերտում հյուպատոսություն բացվի, այդ հաստատության աշխատակիցները պարզապես ժամավաճառությամբ են զբաղվելու։
Ռուսաստանը, չնայած աշխարհագրական հարևանությանը և Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությանը, այստեղ իրական ներկայություն չունի։
Անկեղծ ասած՝ դա լիովին համապատասխանում է ադրբեջանական հասարակության տրամադրություններին։ Ադրբեջանը տրամագծորեն հակառակ վերաբերմունք ունի Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ։ Եվ դա ակնհայտ է բոլորի համար»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: