Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն աճուրդի է հանում հանրապետության միակ Գիտատեխնիկական գրադարանը

Հունիս 03,2024 12:30

Առհասարակ չի թույլատրվում պետական գրադարանների ապապետականացումը, մասնավորեցումը, ինչպես նաեւ այդ գրադարաններին կցված շենքերի վաճառքը կամ օտարումը Միջպետական փաստաթղթերի համաձայն: ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ 2030թ. 16-րդ նպատակի 10-րդ թիրախը նույնպես վերաբերում է գրադարաններին. «Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը եւ պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության եւ միջազգային համաձայնագրերի»:

2024թ. մայիսի 2-ին անակնկալ էր սպասվում հանրապետության միակ Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցներին, երբ ընդունվեց ՀՀ կառավարության 2024թ. N 640-Ա որոշումը «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին»: Երեւանի եւ մարզային մասնաճյուղերի թվով 72 աշխատակիցների սպառնում է գործազրկությունը: Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը, որը մեր տեղեկություններով նախորդ օրը պաշտոնանկ արվեց, տեղեկացրել էր, որ գրադարանի ֆոնդի մի փոքր մասը նախատեսված է փոխանցել Ազգային գրադարանին, իսկ մնացյալ մեծ մասը արխիվացնել: Սակայն, ինչպես «Առավոտին» ասացին գրադարանի աշխատակիցները, դեռ չկա հատկացված շենք, հստակ որոշված փոխանցման մեխանիզմներ, քանի որ որեւիցե մեկն այս հատուկ ֆոնդերի բացառիկ բնույթն ու ահռելի ծավալը չի պատկերացնում: Այս ամենն իրականում ենթադրում է գրադարանի ոչնչացում: Գրադարանի աշխատակիցները փաստում են, որ Ազգային գրադարանի ֆոնդը, որին նախատեսված է միացնել Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերից ինչ-որ հատված, կազմում է մոտ 7 մլն, անգամ ողջ հանրապետության խոշոր գրադարանների փաստաթղթային ֆոնդերի հանրագումարը չի գերազանցում Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի չափը, որը կազմում է մոտ 22 մլն փաստաթուղթ: Ստորեւ ներկայացնում ենք գրադարանի աշխատակիցների բողոքն ու առաջարկները:

Անցյալ տարի շրջանառության մեջ դրվեց մի նախագիծ, որը քննարկվել էր e-draft հարթակում 19.09.2023-10.10.2023թ., որի մասին գրադարանի կոլեկտիվը անգամ տեղեկացված չէր, այն է՝ «2009 թ. ապրիլի 23-ին N 454-Ն որոշման մեջ լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»: ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 23-ի N 454-Ն որոշումն առ այսօր գործող է համարվում եւ որոշման մեջ կազմակերպության գործունեության առարկան է հանդիսանում` գիտատեխնիկական համապատասխան ռեսուրսների պարբերական եւ կանոնակարգված հավաքագրումը, մշակումը, պահպանումը եւ սպասարկումը` ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ, կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի միջոցով: Իսկ 2023թ. դեկտեմբեր ամսին Հայաստանի կառավարությունը աճուրդի է հանում Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն»-ի (ՆՁԱԿ) եւ Գիտատեխնիկական գրադարանի երկու շենք, հետեւաբար, անօրինական ենք համարում այդ գործընթացը:

Հարկ է նշել նաեւ, որ կոլեկտիվը անտեղյակ է եղել ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի լուծարման մասին:

Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցներս, մնալով առանց ղեկավարի եւ աջակցության, պայքարում ենք Հանրապետության միակ գիտատեխնիկական գրադարանն անդառնալի կորստից փրկելու համար։ Շատերին առաջին հայացքից՝ տեղային եւ նեղ շահեր հետապնդող թվացող այս գոյամարտն իրականում պայքար չէ մի գրադարանի համար, այն էլ այն օրերին, երբ անվտանգային խնդիրներն այսքան առաջնային են, իսկ միջազգային աշխարհաքաղաքական զարգացումները՝ հակասական ու մտահոգիչ, այլ պայքար ազգային, պետական եւ, ինչու չէ, համամարդկային արժեքների համար, արժեքներ, որոնց պահպանումն ու տարածումը եւ ամբողջականությունն ամրագրված են միջազգային եւ տեղական տարբեր նորմատիվ, իրավական փաստաթղթերով, ինչպես օրինակ` IFLA «Preservation and Conservation» (PAC)՝ Գրադարանային ասոցիացիաների եւ ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի 2016 թ. զեկույցում, համաձայն հայտարարության՝ գրադարանների գլխավոր առաքելությունը գրադարանային ֆոնդերի պահպանությունն է` անկախ փաստաթղթի կրիչի տեսակից եւ ընթերցողական պահանջարկից։

Գրադարանային ֆոնդերի պահպանությունն առաջնային է նաեւ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության եւ դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրում։ Համաձայն վերջինիս՝ ոլորտային քաղաքականության նպատակներից է գրադարանային հավաքածուների պահպանությունը։

Ցավոք, լուծարման որոշման մեջ հաշվի առնված չէ նաեւ այն հանգամանքը, որ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը գիտատեխնիկական փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) գրադարան է եւ միակն է ողջ Հանրապետությունում, այն նաեւ գիտամեթոդական օգնություն է ցույց տալիս շուրջ 35 կազմակերպությունների գիտատեխնիկական գրադարանների։

Որոշման մեջ անտեսվել է նաեւ այն հանգամանքը, որ ըստ «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, գրադարանային գործի ոլորտում ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունն է:

Այս նախարարությունն է իրավասու որոշում ընդունել պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից նյութական կրիչների օտարման կամ պահպանության տեղի փոփոխման վերաբերյալ, ինչպես նաեւ վերահսկել պետական գրադարանային հավաքածուի պահպանությունը եւ օգտագործումը։

…1962թ. մարտի 20-ի ՀՍՍՀ Մինիստրների Սովետի N45 հրամանով Գիտատեխնիկական ինֆորմացիայի եւ պրոպագանդայի կենտրոնական բյուրոյի բազայի հիման վրա ստեղծվեց Գիտատեխնիկական ինֆորմացիայի հայկական ինստիտուտը:

Այնուհետեւ, ՀՍՍՀ Մինիստրների Սովետի գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման պետական կոմիտեի կոլեգիայի 1963թ. հունվարի 24-ի N2 որոշմամբ՝ արդյունաբերության եւ տնտեսության համաչափ կառավարումն ու զարգացումն ապահովելու նպատակով, որպես ինքնուրույն միավոր կազմավորվեց Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը: Այն ստեղծվեց որպես գլխադաս՝ եզակի մասնագիտացված կենտրոնական գիտատեխնիկական գրադարան ողջ հանրապետության մասշտաբով՝ իրականացնելու գիտական եւ տեխնիկական փաստաթղթերի հավաքագրման, պահպանման եւ սպասարկման գործառույթներ՝ միաժամանակ հանդիսանալով որպես ԱՎԱՆԴԱՊԱՀ (դեպոզիտար) գրադարան: Հետագայում Հայաստանի խոշոր արդյունաբերական կենտրոն հանդիսացող քաղաքներում ստեղծվեցին գրադարանի 4 մասնաճյուղերը՝ 1972թ. Գյումրիում եւ Վանաձորում, 1973թ. Ղափանում, 1986թ. Հրազդանում:

Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը հանրապետության մյուս բոլոր գրադարաններից առանձնանում է ֆոնդերի բնույթով՝ իր մեջ ներառելով տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ՝ արտոնագրեր, պետական, միջպետական, ճյուղային ստանդարտներ, շինարարական նորմաներ եւ կանոններ, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, սարքավորումների տեխնիկական անձնագրեր, գնացուցակներ, գիտական պարբերական հրատարակություններ՝ ամսագրեր, ճյուղային սեղմագրային հանդեսներ, որոնք կազմում են ֆոնդի՝ շուրջ 22 մլն օրինակ գրականության 91,4%-ը, մնացյալը գրքային ֆոնդն է: Գրադարանն իր մեջ ներառում է եւ հատուկ մասնագիտական տեխնիկական ֆոնդերը, ինչպես նաեւ գիտատեխնիկական ուղղվածության ոլորտն ընդգրկող տարատեսակ փաստաթղթային հարուստ ֆոնդեր՝ գրքեր, պարբերական եւ էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր։ Արտոնագրային ֆոնդերի հարուստ հավաքածուն, որը ներառում է 77 երկրների եւ 5 տարածաշրջանային արտոնագրային կազմակերպությունների շուրջ 17 մլն անուն արտոնագրային փաստաթուղթ եւ հանրապետության միակ մասնագիտացված ֆոնդն է՝ ներառյալ գյուտերի նկարագրություններ, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ:

1983-1984թթ. Գիտատեխնիկական լրատվության եւ տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտը եւ Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը տեղափոխվում են Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում գտնվող հատուկ գրադարանի եւ ինստիտուտի համար նախագծված եւ կառուցված նորակառույց բարձրահարկ գլխավոր մասնաշենքը, որտեղ եւ գրադարանը գործում է մինչ օրս: Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը 1995թ. վերջից հանդիսանում է միակ մասնագիտական կենտրոնը՝ ունակ բավարարելու տնտեսության բոլոր ոլորտների շահառուների եւ մասնագետների հարցումներին: 1991թ.-ից գրադարանն անցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո: 2002թ. ՀՀ կառավարության հունիսի 13-ի N887-Ա որոշման համաձայն՝ ՀայԳՏԼԳՀԻ-ն վերակազմավորվում է որպես «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ԳՏԼՀԿ ՊՈԱԿ, որի վարչական կառուցվածքում շարունակել է իր գործունեությունը գիտատեխնիկական գրադարանն` իր չորս մասնաճյուղերով, սակայն ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ կորստով։

2009թ. ՀՀ կառավարության ապրիլի 23-ի №454-Ն որոշմամբ ԳՏԼՀԿ-ի լուծարումից հետո, ստեղծվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ը, որի վարչական կառուցվածքում առ այսօր իր գործունեությունն է շարունակում գիտատեխնիկական գրադարանը և գրադարանային ավանդական գործառույթների շարքում զարգացնում նորանոր ժամանակակից տեղեկատվական ծառայություններ՝ էլեկտրոնային քարտարանի ստեղծում և դրանից օգտվելու հնարավորություն ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի կայքէջից, ինչպես նաև փաստաթղթերի էլեկտրոնային առաքում։

Բազմիցս դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, նույնիսկ խնդրել գրադարանի գործունեությունը շարունակել գրապահոցում, որտեղ պահպանվում են գիտատեխնիկական տարաբնույթ փաստաթղթեր եւ դրանց տեղափոխությունը անտրամաբանական է, ստացել ենք նրանց գրավոր պատասխանները, բայց հարցը այդպես էլ չի հանգուցալուծվել: Ոչ մի անգամ պատկան մարմինները չեն բարեհաճել ուսումնասիրել Կազմակերպության շենքերն ու ֆոնդերը, քննարկել եւ բանակցել կոլեկտիվի անդամների հետ գրադարանի հետագա ճակատագիրը:

Հանգուցալուծման համար ունենք հստակ առաջարկներ՝

1.Գրադարանի գործունեությունը շարունակել գործող գրապահոցում, որտեղ պահպանվում են գիտատեխնիկական տարաբնույթ փաստաթղթերը, որոնք կազմում են մեկ անքակտելի ամբողջություն եւ դրանց տարրալուծումն ու մասնատումը անթույլատրելի է:

2.Գրապահոցի պահպանման անհնարինության դեպքում հատկացնել համապատասխան շինություն՝ ամբողջ գրապահոցն իր ֆոնդերով եւ աշխատակազմով տեղափոխելու համար:

3.Վերջապես կարեւորագույնն այս խնդրի հանգուցալուծման մեջ՝ որպես առանձին միավոր ստեղծել Հանրապետական գիտատեխնիկական գրադարան՝ վերականգնելով նախկինում կորսված հանրապետական կարգավիճակը: Հանրապետությունում գործող բյուջեից ֆինանսավորվող 14 գրադարանների շարքում ներառել նաեւ Գիտատեխնիկական գրադարանը:

4.Գրադարանը լուծարելու փոխարեն գնալ կառուցողական ճանապարհով՝ շարունակել գրադարանի գործունեությունը եւ իրականացնել ֆոնդերի թվայնացման գործընթաց:

Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցներ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930