Հարցազրույց ռուս լրագրող, արձակագիր Յան Շենկմանի հետ
– Հարգարժան Յան, երբ ժամանեցիք Հայաստան, այստեղ մնալու ծրագրեր չունեիք։ Բայց արդեն 3 տարի է, ինչ այստեղ եք։ Ի՞նչն առաջին հերթին ազդեց ձեր՝ այստեղ մնալու որոշման վրա։
– Եթե ավելի ճշգրիտ լինենք՝ երկուսից մի փոքր ավելի։ Այո, ծրագրեր չեմ ունեցել։ Արտագաղթի մեր ալիքից գրեթե ոչ ոք նման ծրագրեր չի ունեցել, բացառությամբ էթնիկ հայերի, այն էլ ոչ բոլորը։ Սա պարտադրված իրավիճակ է, բոլորս գնում էինք ոչ թե դեպի, այլ «-ից»։ Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ այլ երկրների մեծ մասին։ Իսկ հայկական արտագաղթի համար իրավիճակը կրկնակի պարտադրված է՝ շատերն այստեղ են եկել առանց անձնագրի կամ վիզայի։ Նրանք փախել են այստեղ քաղաքական եւ քրեական հետապնդումների պատճառով, ուկրաինական ճակատ ուղարկելու վտանգի պատճառով։ Հեռանում էին արագ, հանպատրաստից, երբեմն միայն մեկ ճամպրուկով կամ սպորտային պայուսակով։
Ես էլ նույն կերպ եմ եկել։ Արտերկրի անձնագիր ունեի, բայց առանց վիզաների։ Բացի այդ, առաջին անգամը չէր, որ Հայաստանում էի, այնպես որ, զգացում չունեի, որ գնում եմ լիովին դեպի անորոշություն։ Ապագայի ոչ մի ծրագիր չկար։ Ես նույնիսկ գնացի ուրիշ երկրներ՝ մտածելով, որ կտեղափոխվեմ այնտեղ։ Բայց այնտեղ բարոյական առումով ինձ լավ չէի զգում ու աշխատանք էլ չունեի, ոչ էլ ընկերներ։ Կենսամակարդակը, իհարկե, բարձր էր, բայց դա ինձ համար բնավ ամենակարեւոր բանը չէ։ Բարոյական հանգստությունը շատ ավելի կարեւոր է։ Բացի այդ, ամոթ գոյություն ունի։ Այստեղ ինձ լավ ընդունեցին, այնքան ընկերներ ունեմ, մարդիկ, ովքեր աջակցում ու հավատում են ինձ… Չեմ կարող ասել նրանց. «Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ հիմա ես ապրելու եմ Սան Ֆրանցիսկոյում»։ Դա ճիշտ չէ։
Կարդացեք նաև
Անհասկանալի ու վտանգավոր իրավիճակում չի կարելի այսուայնկողմ քեզ գցել, ժամանակ կկորցնես, ուժ, ինքդ քեզ։ Պետք է ընտրություն կատարես ու համոզված լինես դրանում. այդ դեպքում հաջողելու հնարավորություն կունենաս։ Այդպես են ինձ սովորեցրել։ Բայց կար նաեւ հստակ՝ զուտ մասնագիտական պատճառ։ Ասենք կա հիանալի Արգենտինա երկիրը, բայց ես չեմ պատկերացնում, թե ինձ նմանը ինչով կարող է այնտեղ զբաղվել։ Գրում ու խոսում եմ ռուսերեն, ինչը իմ ինքնության մասն է։ Բայց խնդիրը միայն լեզուն չէ, այն կարելի է եւ պետք է սովորել, եւ ես սովորում եմ։ Չեմ հասկանում՝ ինչպիսին է կյանքը Արգենտինայում ու ինչի մասին են մտածում այնտեղ մարդիկ։ Իսկ թե ինչպիսին է կյանքը Հայաստանում ու ինչն է մարդկանց մտահոգում այստեղ, ինձ քիչ թե շատ պարզ է։ Քայլում եմ փողոցով, հանդիպում եմ մարդկանց ու ինձ պարզ է դառնում, թե ինչ է գրված նրանց դեմքին։ Իսկ թե ինչ է նկարած ղազախների, հունգարացիների, ֆինների, կանադացիների, հրեաների դեմքներին, ինձ հայտնի չէ, թեեւ համոզված եմ, որ եւս ինչ-որ լավ բան։ Այնտեղ հաճելի է լինել զբոսաշրջիկի կամ հյուրի կարգավիճակում, բայց ապրել, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող եմ միայն այստեղ։
– «ԱՐԻ գրականության հիմնադրամը» վերջերս հրատարակել է ձեր «У нас в Ереване» գիրքը, որը, ըստ էության, ձեր շուրջ 6 աշխատանքների թվում առաջինն է, որ հրատարակվել է արտասահմանում՝ Հայաստանում։ Ի դեպ, գրքի վերնագիրը բազմանշանակ է, բայց ընթերցելուց հետո, կարծես ամեն բան տեղն է ընկնում։ Ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր ընկալում են վերնագիրը որպես շատ իմպերիալիստական։
– Այո, հանդիպել եմ նման արձագանքներ։ Դրանք շատ չեն, բայց կան։ Շատ ավելի շատ մարդկանց ուրախացնում է հենց գրքի վերնագիրը, այն բարի է։ Բայց արձագանքը հասկանալի է։ Իրավիճակը Հայաստանում շատ անհանգիստ է. մարդիկ սթրեսի մեջ են, ու երբ ինչ-որ արտասահմանցի է գաիս ու տանդ մասին ասում «մեզ մոտ», քեզնից անկախ անհանգստանում ես։ Մյուս կողմից, երբ այստեղ եկանք, հայերը, չնայած լավ վերաբերմունքին, այնուամենայնիվ, զգալի անվստահությամբ էին մոտենում մեզ։ Ասում էին. «Միեւնույն է՝ գնալու եք, թողնեք մեզ, դուք թքած ունեք մեր խնդիրների վրա»։
Ու մասամբ դա ճիշտ էր, Ռուսաստանի ներգաղթյալների մեծ մասը Հայաստան էր եկել այլերկիր տեղափոխվելու նպատակով։ Շունչ քաշեցին, ստացան անհրաժեշտ փաստաթղթերը ու շարունակեցին ճանապարհը դեպի այլ երկրներ։ Էլ չասեմ նրանց մասին, ովքեր վերադարձան Ռուսաստան, նրանք շատ էին։ Բայց մի ստվար զանգված էլ, իհարկե, մնաց։ Նրանց թվում եւ ես։ Երկու տարի է՝ Հայաստանում ենք ապրում, ինչպես վրացիները, հույները, սիրիացիները, ուկրաինացիները ու այլ էթնոսների ներկայացուցիչներ։ Մենք մեզ վրա ենք վերցնում այստեղի խնդիրները ու այստեղ ապրելու հետ կապված ռիսկերը։ Սա մեր ընտությունն է։ Երկու տարին քիչ չէ։ Եթե ցանկանայինք, վաղուց գնացած կլինեինք։ Բայց մենք այստեղ ենք։ Ուրեմն ինչո՞ւ չասենք «մեզ մոտ»։
Կյանքն այնպես դասավորվեց, որ մենք միեւնույն նավում ենք, ավելի ճիշտ՝ միեւնույն տապանում։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է, տասը բալանոց փոթորիկ է։ Եթե տապանը չխորտակվի, կփրկվենք ու կշարունակենք միասին ապրել։ Հակառակ դեպքում բոլորս կմահանանք ու այստեղ արդեն կարեւոր չէ՝ ով է հայ, ով ռուս, ոչ ոքի դա չի հետաքրքրի։ Մեր ճակատագիրը հիմա ընդհանուր է, ու դրանից չես փախչի։
– Ո՞ւմ է հասցեագրված այս գիրքը։
– Բարդ հարց է։ Չեմ մտածել դրա շուրջ գիրքը գրելիս, բայց հետին թվով տեսնում եմ, որ ռուս ընթերցողի համար այստեղ չափազանց շատ է հայկական իրականությունը, պատմությունները չափազանց սպեցիֆիկ են, իսկ հայերի համար գուցե ոչ բավականաչափ սպեցիֆիկ։ Ամեն մեկը չէ, որ մանրամասն գիտի՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում Ռուսաստանում, թեեւ շատերը տեղյակ են։ Բոլորը չէ, որ հստակ գիտեն, թե որ երկրում են ապրում հիմա։
Այնուամենայնիվ, կարող եմ ասել։ Հասարակ տեսողական մակարդակի ուսումնասիրությունը ցույց է տաիս, որ իմ լսարանի 80 տոկոսն այստեղ է՝ Հայաստանում։ Այստեղ ամենալավն է վաճառվում գիրքս, իմ տեքստերի ու տեսագրությունների դիտումներն էլ են ամենաշատն այստեղ։ Ֆեյսբուքի իմ հետեւորդների ամեն երրորդի ու նույնիսկ ամեն երկրորդի ազգանունը հայկական է։
Շատ ուրախ եմ այդ առիթով, բայց չգիտեմ՝ ինչու է այդպես։ Դա եւս մեկ պատճառ է, թե ինչու եմ ապրում Հայաստանում։ Զգացում ունեմ, որ պետք եմ այստեղ։ Ամեն անգամ, երբ երկրում իրավիճակը վատացել է ու իմ համերկրացիները Երեւանից թռչող ինքնաթիռի տոմսեր էին գնում, ինձ որոշ հայեր գրում էին. «Մի գնացեք, խնդրում եմ, դուք մեզ պետք եք»։ Սա անչափ հուզիչ է։ Ես երբեք նման խոսքեր չեմ լսել Ռուսաստանում։ Եթե լսած լինեի, գուցեեւ չհեռանայի։
– Դուք լրագրող եք։ Հնարավո՞ր է, արդյոք, զբաղվել լրագրությամբ՝ գտնվելով արտագաղթի մեջ։
– Իհարկե, հնարավոր է։ Բայց կախված է նրանից, թե ինչի մասին ես գրում։ Կարծում եմ, որ անհնար է ու սխալ, հեռանալուց հետո գրել այն մասին, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։ Ինտերնետը, նորությունները ու սկայպը բավական չեն։ Պետք է ներկա լինել, զգալ մթնոլորտը, միայն այդպես։ Իսկ սյունակներ հորինել ու անառիթ կարծիք հայտնելն ընդհանրապես լրագրություն չի կարող համարվել։
Իհարկե, լավ կլիներ հայերեն գրել այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եվ ամեն դեպքում մենք բավականաչափ լավ չենք հասկանում կոնտեքստն այդ անելու համար։ Այն, ինչ մեզ համար անհավանական բացահայտում է, վաղուց հայտնի է հայերին։
Ես այլ միջոց եմ ընտրել։ Գրում ու խոսում եմ նրանց մասին, ովքեր տուն են կորցրել, ի դեպ, անկախ որ երկրից են՝ Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ… Միլիոնավոր այդպիսի մարդիկ կան։ Այսօր շատ կարեւոր թեմաներ կան, ամեն օր ճակատագրական մի բան է տեղի ունենում։ Բայց սա ինձ համար հիմա ամենակարեւորն է։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.06.2024