«Իրականում տոտալ ռեպրեսիաները միայն հետաձգում են իշխանափոխությունը՝ փակելով անցնցում հեռացման հնարավորությունը Փաշինյանի համար»,- «Առավոտի» զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
-Ի հեճուկս իշխանական շրջանակների կանխատեսումների` Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը չմեռավ, ավելին, վերջին օրերին իշխանական շրջանակներին կարծես անհանգստություններ է պատճառում։ Ձեր բնութագրմամբ` ի՞նչ փուլում է շարժումը, հետագա ընթացքի կանխատեսումներ ունե՞ք։
-Այս շարժումը, ի հեճուկս իշխանության սպասումների մարել չի կարող, որովհետեւ «սնուցվում» է երկու գործոնով՝ իշխանության ճգնաժամ եւ անվտանգային սպառնալիքներ:
Իշխանության ճգնաժամը միայն խորանալու է, որովհետեւ մեծանում է հասարակության անվստահությունը, ընդ որում՝ իր մեջ ներառելով նաեւ նոր խմբեր, իսկ անվտանգային խնդիրները շարունակվող գործընթացի հետեւանք են: Սահմանազատում-սահմանագծում բառերի շահագործմամբ տեղի են ունենում միակողմանի զիջումներ:
Կարդացեք նաև
-Մի առիթով հայտարարել էիք, որ շարժումը պետք է հստակ քաղաքական ճանապարհային քարտեզ ներկայացնի` ասելով, որ ինքներդ պատրաստ եք դրա սեփական տարբերակը ներկայացնել. ի՞նչ պատկերացումներ ունեք, ի՞նչ է անհրաժեշտ ճիշտ ինստիտուցիոնալիզացիայի համար։
-Պնդում եմ ասածս: Առանց ուժեղ քաղաքական հարթակի եւ օրակարգի հնարավոր չէ հաջողությունների հասնել: Սա 2018-ից հետո ամենազանգվածային գործընթացն է, սակայն դեռ չի հասել համաժողովրդական պայքարի մակարդակի, ըստ այդմ՝ գրեթե անհնար են, այսպես ասած, բլիցկրիգային լուծումները: Պետք է ընտրել պայքարի զարգացման միջնաժամկետ տրամաբանությունը, գնալ շարժման ինստիտուցիոնալիզացիայի, հանդես գալ քաղաքական նախաձեռնություններով, որոնք այդ պահին գուցե էֆեկտ չունենան, բայց երկու երեք ամսում երկիրը հասցնեն այնպիսի քաղաքական ճգնաժամի, որ անխուսափելի դարձնեն Փաշինյանի հեռացումն ու արտահերթ ընտրությունները: Դրանք պետք է լինեն ոչ թե Փաշինյանի, այլ փողոցի նախաձեռնությունը՝ միտված անցնցում իշխանափոխությանը:
-Ինչո՞ւ իշխանությունը որոշեց ուժի ցուցադրությամբ խոչընդոտել Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Այդ քայլի խորքային նպատակը ո՞րն է։
-Այդ զազրելի, ստոր քայլը ունի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ենթատեքստ: Ինչքան էլ եկեղեցին ինստիտուցիոնալ մասնակցություն չունի շարժմանը, հենց նրան է Փաշինյանը համարում ինստիտուցիոնալ հակառակորդ ու թիրախավորում է: Փաշինյանը բացարձակ դիկտատուրա հաստատելու նպատակ ունի: Բայց նաեւ կա Ալիեւի պարտադրանքը: Նրա ճնշմամբ Փաշինյանն իրականացնում է, այսպես ասած, դենացիֆիկացիայի քաղաքականություն՝ թիրախավորելով Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության ինստիտուտ:
-Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի զիջելու, գնալու է առճակատման. պատրա՞ստ ենք նման զարգացումների։
– Իրականում տոտալ ռեպրեսիաները միայն հետաձգում են իշխանափոխությունը՝ փակելով անցնցում հեռացման հնարավորությունը Փաշինյանի համար:
-Հնարավոր իշխանափոխությունից հետո, Տավուշի` սահմանազատման արդյունքում հանձնված տարածքներն ու խաթարված բնագիծը ինչպե՞ս պետք է վերականգնվի, շրջելի՞ է այդ գործընթացը։
-Ցավոք, դա նույնքան անշրջելի գործընթաց է, ինչքան Արցախի կորուստը:
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
01.06.2024