«Մայրաքաղաքում այսօր համատարած սոցիալական ջարդ է, որի նկատմամբ մենք լուռ ենք: Էս մարդիկ կարմիր գծերով եկան իշխանության, չեմ ասում, որ կարմիր գծերը պետք է վերանան, բայց կարգավորումներ պետք է լինեն: Դեռ էն մեծ բաների մասին չեմ խոսում, անընդհատ խոսել ենք, ի մասնավորի՝ Արցախը, սահմանազատման, սահմանագծման գործընթացը, ստերի շարքը գալիս, հասնում է մինչեւ մեր սոցիալական խնդիրները, բախումները: Մեկին տասը թանկացրել են, ո՞վ է խոսել այդ մասին, ո՞վ է ընդվզել՝ ոչ ոք»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Նա անդրադարձավ նաեւ հանրային տրանսպորտի սպասվող թանկացմանը ու նկատեց. «Այդ նույն մարդիկ տրանսպորտի թանկացման համար իրար պատառոտում էին… միգուցե կան մարդիկ, որոնք մտքի մեջ ստամոքսի հարց չունեն, բայց բոլորս խնդիր ունենք ստի հետ: Միգուցե կան մարդիկ, որոնց համար տրանսպորտի թանկացումը ցածր հարց է, բայց դրանք կապված են մի հարցի հետ՝ սուտ խոսելու հետ: Էդ շղթան է, որ մեծ խնդրից գալիս, հասնում է կենցաղ, այդ շղթան չի ընդհատվելու: Էդ թանկացումները ստի մասին են, չէ՞, ո՞վ էր ծրագրով ձեզ ասել, որ տրանսպորտ են թանկացնելու: Երբ ասում եմ արժեքային փոփոխություն, մի հարց կա ՝ պատասխանատվություն կրելու ու ստի մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ