«Տեսա՞ք՝ էսօր ինչ է տեղի ունեցել: Էնքան ասացինք՝ հեծանիվ չի քշում, գնաց հեծանիվ քշելու: Հիմա ի՞նչ ասեմ քշի՝ ինքնագլո՞ր, ինքնագլդոր, մարդը գնաց հեծանիվ քշելու, ժողովուրդ: Էլ ինչ ունեք ասելու: Ժողովուրդ, ասե՞նք գնա լողալու, մեր Էդգարը կասեր լողանալու: Գնացել է հեծանիվ քշելու մարդը, լավ, ասեք տուն գնա, բավարար է»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներից հետաքրքրվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Հետո նա անդրադարձավ հունիսի մեկին իրենց՝ Գյումրի կատարած այցին եւ հիշեցրեց մանրամասները, թե ինչպես չեղարկեցին Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի երեխաների ելույթը:
«…Մենք հասանք, բեմն արդեն քանդած էր, պաշտպանում էին մեր երեխաներին: Ասում են՝ մենք չէինք ուզում, որ դա քաղաքական միջոցառում դառնա, պատկերացրեք՝ սրանց ուղեղի ծալքերը, չի ուզում, որ քաղաքական դառնա, բայց ինքը քաղաքականացրել է ծայրից ծայր, սա վախն է: Էն մարդը, որ պիտի գնար, չի գնացել, իրենք էլ որոշել են ավիրել ամեն ինչը՝ երեխաներին խոցելով, տրամադրությունը ջարդուփշուր անելով : Հետո ասում են ատելությունը որտեղի՞ց, թշնամությունը որտեղի՞ց, այ հենց այդպիսի առիթներից, որ պետական ծառայողի միտք չունեն: Ինձ համար միակ ցավալի կետը Գյումրիում դա է եղել»,- ամփոփելով անցնող շաբաթը՝ պատմեց Բագրատ սրբազանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ դիմեց շարժման մասնակիցներին հատուկ կոչով. «Դիմում եմ բոլոր նրանց, որոնք կլինեն այս շարժման միջից, որոնք դիտորդ ու դերասան կլինեն, ավելի լավ է հիմիկվանից որոշեն այդ կարգավիճակը թողնել ու իսկապես դառնան այս շարժման կրողը: Ես բոլորին տեսել եմ հատկապես ԱԳՆ-ի դիմաց, դուք մի նայեք, որ համբերությամբ փորձում եմ իմ մեջ վերլուծել: Գիտեմ նաեւ՝ որոշ ջրեր որտեղից, ուր են գնում, սա չակնկալիքների պայքար է, չկա ակնկալիք որեւէ մեկի նյութականացված, այլ ուղղություններով… անընդհատ գնալով ու խոսելով շարժման հնարավոր ձախողման, մարելու մասին, մի խոսեք այդ մասին: Եկեք, մասնակցեք, թող չմարի, եթե մասնակից չեք, ուրեմն մի մտածեք մարելու մասին: Եթե ժամը գա, անուններով էլ կասեմ, բան չկա կորցնելու, կորցնելու ենք միայն պետություն, պատիվ»:
Բագրատ սրբազանը, որպես այս շաբաթվա ամփոփում, նկատեց նաեւ, որ այս ժամանակահատվածում փորձել են ուղղակիորեն ամեն հաստատություն այցելել, մարդկանց հաշվետվության ենթարկել: Ապա հավելեց, որ իրենց շարքերում հայտնվում են մարդիկ, որոնց ձեռքին տարբեր գործիքներ են, ինչը իրենք դատապարտում են այնպես, ինչպես ոստիկանական բռնությունները. «7-8 հոգով մարդ ծեծելը ուղղակի թշնամություն է, որը հարուցված է դարձյալ այս մարդկանց կողմից, այսինքն՝ այդ հրահանգը, որը վերածվել է թշնամության: 7-8 հոգով մա՞րդ եք ծեծում, տղերք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ