Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալիեւը ցանկանում փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ «Հայացք Երևանից»

Հունիս 02,2024 10:30

Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից ի վեր Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանել է Արցախի հարցը: Ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի խնդիր չունի։ Արցախցիների՝ իրենց տներ վերադարձի հարց նույնպես հայկական քաղաքականության մեջ չկա։ Այն հենքին, երբ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն դադարում հռչակել Արցախի ժողովրդի՝ միջազգային հսկողության տակ վերադառնալու իրավունքը, Երեւանի նման դիրքորոշումն այնքան էլ հասկանալի չէ։ Այս դիրքորոշումը, հավանաբար, թելադրված է Ադրբեջանի վերջնագրով, որը սպառնում է պատժել ՀՀ-ին՝ սոսկ ԼՂ հասկացությունը հիշատակելու համար:

Հիրավի, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը երբեք չի դադարում հրապարակավ հայտարարել, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԼՂ-ին վերաբերող բոլոր հղումներից ու ձեռնպահ մնա միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնելուց: Եվ, նույնիսկ, բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են գործ ունենալ Ադրբեջանի հետ, պետք է իրենց քաղաքականությունից բացառեն Հայաստանի եւ հայերի թեման։ Հայաստանում շատերն են հասկանում այս առումով իշխանությունների լռության պատճառները։ Իրենք՝ իշխանությունները, թերեւս, դրանում տեսնում են թշնամի երկրի նախահարձակ գործողությունները զսպելու ռեսուրսներ։ Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան պարզ է:

Ադրբեջանի գործողությունները հակառակի մասին են վկայում. Հայաստանը պետք է հասկանա, որ «ծառի հետեւում թաքնվել՝ չի նշանակում փրկվել»։ Եթե խնդրի մասին լռում ես՝ նշանակում է մանիպուլացնելու իրավունք ես տալիս քո հակառակորդին։ Եվ մինչ Երեւանի փողոցներում ու կառավարական միջանցքներում վիճում են այն պայմանների մասին, որոնցով արժե վերականգնել հայկական պետությունը նախկին խորհրդային սահմանների շրջանակներում, Ադրբեջանը որոշել է գնալ այլ ճանապարհով՝ կասկածի տակ դնել ՀՀ-ի օրինակարգությունը:

Մեր ղեկավարությունը՝ տարածքային նախնական զիջումների միջոցով ներքաշելով Ադրբեջանին սահմանազատման գործընթացում, հույս ունի, որ այդպիսով «լեգիտիմ» ամուր պարիսպ կստեղծի իր տարածք մտնող յուրաքանչյուրի դեմ։ Բայց, ինչպես պարզվում է, եւս մեկ անգամ թերագնահատում է հակառակորդի հնարամտությունը՝ չի հասկացել, որ Ադրբեջանի համար սահմանի հարցը պարզապես Հայաստանին ավելի լուրջ հարցերում հետագա զիջումների ստիպելու հնարք է։ «Խաղաղության մասին օրնիբուն երազողները», անտարակույս, հեռու են նման բաները հասկանալուց։ Հիմա կփորձենք համառոտակի բացատրել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն այլեւս մնացել է պատմության մեջ եւ գոյություն չունի: Նշել է նաեւ, որ եկել է ժամանակը՝ վերացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ բոլոր հարակից կառույցները։ Նրա խոսքով՝ «ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, եւ որեւէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»։ Միաժամանակ Ալիեւն ընդգծել է, թե Ադրբեջանն իր կամքի եւ ուժի շնորհիվ վերջ դրեց «օկուպացիային»՝ ապահովելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։

Ասել կուզի՝ փակենք անցյալի հաշիվները եւ գնանք դեպի «խաղաղ ապագա»: Ճիշտ նույն կերպ էին մտածում ՀՀ ղեկավարությունում բոլոր նրանք, ովքեր 1991-ին Արցախը ճանաչում էին Ադրբեջանի մաս՝ այն հույսով, որ դրանից հետո կռվելու կարիք չի լինի։ Բայց հետո իրենց միամտության համար պատիժ ստացան՝ դաժան պատերազմ։ Եվ միայն դրանից հետո հասկացան, որ թշնամուն իրավունքներ զիջելն այնքան էլ անվնաս չէ՝ դրա դիմաց կարող ես սարսափելի հարված ստանալ։

Իսկ ինչո՞ւ է Ալիեւը ցանկանում փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյո՞ք դա ընդամենը պատմությունն ամփոփելու համար է: Ի դեպ, նա առաջին անգամ այս առաջարկով դիմել է Մյունխենում գտնվող ԵԱՀԿ քարտուղարին։ Ինչո՞ւ նման համառություն՝ Հայաստանի իշխանությունները մտածե՞լ են այս մասին։ Ըստ երեւույթին՝ ոչ խորությամբ, քանի որ նույն ԵԱՀԿ նախագահի հետ երեւանյան զրույցի ընթացքում նրանք խոսել են միայն այն մասին, թե որքան ջանասիրաբար եւ ուշադիր են իրականացնում սահմանազատումը՝ կերտելով խաղաղություն ու ժողովրդավարություն։ Նրանք չէին հասկանում, որ իրենց դեմ բոլորովին այլ խարդավանքներ են հյուսվում՝ սահմանին Ադրբեջանը պարզապես «մուկ ու կատու» է խաղում Հայաստանի ու աշխարհի հետ։

Եվ դարձյալ մեր քաղքենիներին թվում է, որ սահմանազատումը որոշակի արժեք ունի Ադրբեջանի համար. նրանք չեն կարող հասկանալ, որ սա ընդամենը արդյունավետ մեխանիզմ է՝ Հայաստանին ստիպելու անվերապահորեն հանձնվել՝ ընդունելով օտար տարածքների բռնազավթման մեջ իր մեղքը։ Ադրբեջանն այս ուղղությամբ աշխատում է արդեն մի քանի տարի։ Եվ դա հիմնված է մեկ մշտական թեզի վրա՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20%-ի երեսնամյա օկուպացիայի մասին»։ Հայտարարվում է ինչպես ծրագրված դատավարության, այնպես էլ պատճառված բազմամիլիարդանոց վնասի պահանջվող փոխհատուցման մասին։ Իսկ մեր քաղքենիները պատկերացում չունեն Ադրբեջանի հասցեին մեղադրանքների այն 30-ամյա զինանոցի մասին, որոնք պահպանվում են ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբում։

Ըստ ամենայնի, Բաքվի հետագա պահանջները կսթափեցնեն շատերին. իզուր չէր, որ Ադրբեջանը հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքը լինելու է իր պահանջը, այլ ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրը։ Երեւում է՝ շատերի համար այս վտանգավոր մտադրությունների ողջ էությունը լիովին պարզ չէ: Ուստի հակիրճ կնկարագրեմ Ադրբեջանի այս մտադրությունների էությունը, որոնք սկզբունքորեն բավական թափանցիկ են։ Իսկ տրամաբանությունը հետեւյալն է. կլանելով Արցախը, Ադրբեջանի ղեկավարությունը առանձնահատուկ եռանդով գնում է Ղարաբաղյան առաջին պատերազմի հետեւանքների համար Հայաստանին մեղադրելու ճանապարհով:

Ադրբեջանի հետպատերազմյան քաղաքականության մեջ կա Հայաստանին «մահացու մեղքի» մեջ մեղադրելու եւ դրա համար անվերջ պահանջներ ներկայացնելու համառ սկզբունք։ Ադրբեջանը մտածում է 2020-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված խնդիրները քողարկել 1990-ականների պատերազմի խնդիրներով։ Ավելին՝ նա փորձում է ձեւակերպել Հայաստանի «խեղդամահության» հայեցակարգ: ԼՂ նախկին ղեկավարների կալանավորումը հենց այդպիսի մտադրություն է հետապնդում՝ ՀՀ-ի դեմ կազմակերպել դատավարություն եւ նրան մեղադրել ֆաշիստական գաղափարախոսության ու ծավալապաշտական քաղաքականության համար:

Վերջնանպատակը ՀՀ անօրինականության եւ դրա լուծարման անհրաժեշտության մասին թեզն առաջ քաշելն է։ ԼՂՀ-ի ինքնալուծարման գործում հաջողությունը Ադրբեջանին հույս է ներշնչում Հայաստանի լուծարման ծրագրերի իրագործման համար։ Ալիեւի հույսերը կապված են գլոբալ քաղաքական փոփոխությունների շրջափուլի տրամաբանության հետ, որոնք չեն բացառում համաշխարհային տերությունները՝ հաշվի առնելով, նախեւառաջ, հանգամանքը, որ Սառը պատերազմի շրջանի սկզբունքներն ու ինստիտուտները կորցրել են իրենց արդյունավետությունը։ Բայց կա եւս մեկ պատճառ՝ վախ պատերազմ սկսելու հնարավոր մեղադրանքից։ Ի վերջո, Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները երբեք չընդունվեցին միջազգային հանրության կողմից։

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930