Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտապես խոսվել է հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից, ըստ էության, առաջին անգամ է տեղի ունենում

Հունիս 01,2024 23:47

Մայիսի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին հետազոտողներ ՀՑԹԻ-ից, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Մատենադարանից, Հայ – ռուսական (սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտից և Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայից:

Գիտաժողովն անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)» գիտական թեմայի շրջանակներում:

Բացման խոսքում ՀՑԹԻ տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանը նշեց, որ թեև տարբեր ուսումնասիրություններում մշտապես խոսվել է հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից, ըստ էության, առաջին անգամ է տեղի ունենում։

ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ և վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար պ.գ.թ. Շուշան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ կա անհրաժեշտություն հասկանալու, թե ինչ բառով պետք է բնութագրել կամ սահմանել երևույթը, որը դարեր ի վեր մինչև արդի ժամանակաշրջանը շարունակվող բռնությունների տեսքով անընդհատ տեղի է ունեցել հայերի նկատմամբ։

Մինչ բուն գիտաժողովի մեկնարկը ներկայացվեց թուրք-ադրբեջանական բռնությունների, ցեղասպանության և ցեղասպանական արարքների տարեգրությունն ու պատմական դեպքերը, որոնք ընդգրկում են 19-րդ դարի կեսերին Զեյթունի և շրջակայքի հայերի նկատմամբ իրականացված բռնություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը։

Երկու օրերի ընթացքում հնչեց 19 զեկույց: Բոլոր մասնակիցների ելույթներից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում, ծավալվեց քննարկում՝ կապված հետագա անելիքների հետ: Որոշվեց ներկայացված զեկույցների հիման վրա պատրաստել երկլեզու տեղեկագիր հայաստանյան և միջազգային տարբեր կառույցներ ուղարկելու և կոնկրետ օրինակներով թուրք-ադրբեջանական հայատյացության տարբեր կողմեր ցույց տալու նպատակով:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ- ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930