«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր Բենուր Փաշայանի 5-րդ միջազգային հուշամրցաշարը, որին բացի Հայաստանի ըմբիշներից մասնակցեցին Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի ու Շվեյցարիայի 110-ից ավելի մարզիկներ։
Հուշամրցաշարը կազմակերպել էին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եւ Երեւանի քաղաքապետարանը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ մեր անվանի եւ փառաբանված ըմբիշի հուշամրցաշարը իրապես կայացած է եւ միջազգային ճանաչում ունի նաեւ իր բարձր կարգի շնորհիվ։ Հայաստանի բոլոր առաջատար ըմբիշները հանդես են գալիս այստեղ, բացառությամբ Արթուր Ալեքսանյանի։ Մեր ազգային հավաքականի մարզիչները նպատակահարմար գտան, որ նա շարունակի նպատակային պատրաստվել Փարիզի օլիմպիական խաղերին։ Սակայն մասնակցում են մեր մյուս երկու օլիմպիականները՝ Մալխաս Ամոյանը ու Սլավիկ Գալստյանը, որոնց համար այս միջազգային մրցաշարը կարեւորագույն նշանակություն ունի, քանի որ մինչեւ օլիմպիական խաղեր նրանք այլեւս միջազգային մեկնարկ չունեն։ Այս առումով սա նրանց համար նաեւ նախաօլիմպիական մարզումային մրցաշար է։
Հարկ է նշել, որ երեւանյան մրցագորգում հայ մարզասերները հետեւում են ինչպես մեր, այնպես էլ հյուրընկալվող երկրների գրեթե բոլոր լավագույն ըմբիշների մրցելույթներին։ Իսկ այդ երկրները ըմբշամարտի աշխարհում առաջատար տեղեր են զբաղեցնում ու եղանակ թելադրողներն են։ Վկա՝ մրցագորգում ծավալվող մեծամասամբ հավասար գոտեմարտերը»։
Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան. 55 կգ՝ Պանդահի Հումահամադ (Իրան), 60 կգ՝ Պույա Նասերպուր (Իրան), 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Հայկ Մելիքյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Դատա Չախալաձե (Վրաստան), 87 կգ՝ Վիգեն Նազարյան, 97 կգ՝ Վլադիսլավ Պուտաշիլյան (Բելառուս), 130 կգ՝ Ռանջբար Մոհամադսոռուշ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ