Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեր վերջին շանսն է» . Գյումրու Թատերական հրապարակում մեկնարկեց ցույցը (թարմացվում է)

Հունիս 01,2024 18:52

Գյումրու Թատերական հրապարակն այս պահին լեփ-լեցուն է. Բագրատ Սրբազանը ցույցը սկսեց աղոթքով։

Այնուհետ ելույթ ունեցավ քաղաքագետ Գագիկ Համբարյանը` նշելով, որ Սրբազան շարժումը մեր վերջին շանսն է, սա պիտի գիտակցենք բոլորս։

Այնուհետ խոսափողը փոխանցվեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանին, որը կոչ արեց կանգնել «ղայդին մարդու»՝ Բագրատ Սրբազանի կողքին։ Նա նշեց, որ իջևանցի Փաշինյանը իր քայլը սկսեց Գյումրիից՝ կործանելով բոլորի կյանքը, իսկ հիմա գյումրեցի Բագրատ Սրբազանը Իջևանից եկել է Գյումրի` փրկելու հայրենիքը։

Այս պահին ելույթ է ունենում Սրբազանը։

Սրբազանը, հիշեցնելով, որ ինքը Գյումրիից է, ապրել ու մեծացել է ծերանոցի շենքի կողքին, նշեց, որ իր ծննդավայրում անհանդուրժող են ստի նկատմամբ։

Նա ասաց, որ առանց սահմանագծման սահմանազատում են անում, իսկ դա, ըստ Սրբազանի, չլսված բան է, ու այս ամենն անում են կեղծ, մուրացիկ խաղաղության պաստառի ներքո, տնազրկել են կիրանցիներին։ Ըստ Սրբազանի, անհայտ են հաջորդ քայլերը, չգիտեն` ինչքան կշարունակվի այս ամենը, թշնամին ինչ ասում է, ասում են` այո։ «Թուրքական, ադրբեջանական իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապասախանում են ՀՀ չիշխանության բոլոր թեզերին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նաև հայտարարեց, որ այս մարդիկ խաբեբայության չեմպիոններ են, նրանք խաբեությամբ գողացել են ժողովրդի քվեն ու հիմա մատ թափ տալով` հայտարարում են` եթե չհամաձայնեք միակողմանի զիջումների, պատերազմ կլինի։

«Ամենավերջին աստիճանի վախկոտ, ստախոս, առավոտ մի բան կասի, հաջորդ վայրկյանին` ուրիշ։
Այս պայքարը ըննդեմ ստի է, սուտը դառնում է մշակույթ մեր կյանքում, ամեն տեղ է մտնում։ Օրինակ` Գյումրիում է այսօր է տեղի ունեցել, իմ տղաներն են ասել, մի կին մատնացույց է արել ինձ` ասելով` ինչու իմ տղաները պիտի ծառայեն, իր տղաները չծառայեն»,- ասաց Սրբազանը։

Սրբազանն անդրադարձավ նաև Գյումրիի զարգացմանը, նշեց, որ այս քաղաքի զարգացման հիմքը դրվել է Կարեն Կարապետյանի օրոք, իսկ ներկայիս իշխանություններն ասֆալտ անել անգամ չգիտեն։ Նա քննադատեց իշխանություններին կոռուպցիայի մեջ թաղված լինելու, շքեղության մեջ ապրելու համար։

Ըստ Բագրատ Սրբազանի, հիմա իրենք պայքարում են, որ սուտը չդառնա մեր կյանքի առանցքը։

«Մարդը նստել է վերևը ու ասում է` չեմ իջնի», -Նիկոլ Փաշինյանին այսպես բնութագրեց Սրբազանը։ «Կիջնի, կիջնի»,-հակադարձեց մասնակից տարեց կանանցից մեկը։

Նա անդրադարձավ նաև ոստիկանության կողմից ցուցարարների ծեծուջարդին, նրանց բերման ենթարկելուն ու «գործ կարելուն»։
Սրբազանը նշեց, թե զանգվածային անկարգության հիմքով քրգործեր են նախաձեռնում` իբրև ցուցարարները քար են նետել, մինչդեռ այդ տարածքում մի քար անգամ չես գտնի։ Նա ոստիկաններից ոմանց անվանեց խուլիգան, ոչ ոստիկան։

Սրբազանը հայտարարեց, որ իրենց ոչ մի բան չի վախեցնում։

«Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քարամյան, կտեսնեք` կկալանավորես ինձ, թե չես կալանավորի»,-ասաց Սրբազանը։ Նա նշեց, որ հանրային վերահսկողություն պիտի լինի նրանց հանդեպ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի, որն, ըստ Բագրատ Սրբազանի, Քննչական կոմիտե չի էլ կարելի անվանել։

Սրբազանը նշեց, որ Փաշինյանը ստի սիմվոլն է, իսկ սուտը պիտի հեռանա մեր երկրից։

Որպես ստախոսության ակնառու օրինակ` նա մեջբերեց Աննա Հակոբյանի` «Սև ու սպիտակ» փարթին Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ֆոնին։

«Մեր երկրում չպիտի լինեն հալածյալներ, քաղբանտարկյալներ, եկեղեցին պիտի ազատ գործի, մեր բանակը պիտի լինի ամենահզորը»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, որ ճշմարտության հաղթանակով պիտի կառուցեն երկիրը։

Սրբազանը նշեց, որ մեկ-երկու քաղաք ևս կգնան, առաջինը ուզեցին գալ հայրաքաղաք, իսկ մնացած գործողությունները կծավալեն Երևանում։ Առաջիկա օրերին կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որտեղ կտոնեն ճշմարտության վերջնական հաղթանակը։

Բագրատ Սրբազանը, օրհնելով գյումրեցիներին, ցույց տվեց իր խաչն ու ասաց. «Այս խաչը ինձ նվիրել է Արտակ Թադևոսյանը, որը զենքից է կերտել այն, ուխտել եմ` խաչը կմնա իմ պարանոցին` մինչև հաղթանակը»։ Նա աղոթքով ավարտեց իր խոսքը ու բացականչեց` «Դուք կյանք եք, կյանք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930