Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Սարգսյանին կալանավորել են բացառապես քաղաքական դիրքորոշման, հայացքների համար». Թաթուլ Պետրոսյան

Հունիս 01,2024 16:22

«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ, քաղբանտարկյալ Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի հրավիրած ասուլիսում այդ խորհրդի ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ իրենք քաղաքական հետապնդումների դեմ մի քանի տարվա պայքարի փորձ արդեն իսկ ձեռք են բերել ի դեմս լեգենդար հրամանատարներ Աշոտ (Երկաթ) Մինասյանի, Գրիգորի Խաչատուրովի։ Իրենց գործունեության նպատակներից մեկն էլ այսօր Հայաստանի իրավապահ մարմինների կողմից իրականացվող ապօրինի հետապնդումների մասին տեղեկատվությունը առավելագույնս հանրայնացնելն է։

«Մեր գործընկերոջը՝ Գագիկ Սարգսյանին, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանում մշակույթի, ազգային երգի զարգացմանը, կալանավորել են բացառապես քաղաքական դիրքորոշումների, քաղաքական հայացքների հիմքով»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը։

Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը տեղեկացրեց, որ Գագիկ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչության, ղրա կազմակերպման հոդվածներով, որոնք դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Նրա խոսքով մեղադրանքների հիմքում դրված ապացույցները բացարձակապես անհիմն են, գործը կարված է շատ փնթի եւ բերեց բազմաթիվ փաստեր եւ օրինակներ։ «Դեռ դատական գործի քննությունից ես ողջամիտ կասկած ունեի կապված արդարացի քննության հետ»,-ասաց նա։

Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի կարծիքով` սա այն դեպքն է, որ պետք չէ լինել քրեական վարույթի մասնագետ կազմված այս քրեական գործին գնահատական տալու համար։ «Սա այն աստիճանի աբսուրդ է, որ անգամ կիսանորմալ երկրում ընդամենը որպես զավեշտ կարող է գնահատվել։ Սա ոչ թե լավ պլանավորված հետապնդում է, այլ ցանկությունների դրսեւորում նման ռեպրեսիվ մեթոդներով»,- ասաց ոստիկանության պետի նախկին տեղակալը։

Մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանը, որy երկար տարիներ ճանաչում է եւ մտերիմ է Գագիկ Սարգսյանի հետ, նշեց, որ պարոն Սարգսյանը դեռ 70-80-ականներից կանգնած է հայ ազգագրական երգի զարթոնքի ակունքներում եւ չէր կարող ահաբեկչության մասնակից, առավել եւս՝ կազմակերպիչ լինել։

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը, որը բանախոսներին միացավ մի փոքր ուշացումով, նույնպես նշեց, որ իր եւ Գագիկ Սարգսյանի մտերմությունն արդեն չորս տասնամյակից ավելի է եւ ընդգծեց, որ նա արեւելագիտության բնագավառում լուրջ հաջողություններ է գրանցել, մասնավորապես, Ադրբեջանի տարածքում ներկայումս բնակվող թալիշների, ուդիների եւ մյուսների պատմությունը ուսումնասիրելով եւ այս հարցում, թերեւս, հանրապետությունում նա հավասարը չունի։

«Միայն այն քարտեզները եւ գրքերը, որոնք հրատարակվել են Գագիկ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ եւ խմբագրությամբ, մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է»,-ասաց Սերժ Սրապիոնյանը եւ հավելեց, որ իր ընկերն այնքան ազնիվ մարդ է, որ եթե նման բան կազմակերպած լիներ, անպայման հստակ կհաստատեր։ Բայց քանի որ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, ինքը հավատում է, որ դա իրոք այդպես է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930