Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Փափազյանն ու Դաշնակցությունն ուզում են, որ ես մեռնեմ, որ իմ մահն օգտագործեն Նիկոլ Փաշինյանի դեմ. Նիկոլյան

Հունիս 01,2024 12:10

Այսօր լրացավ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հացադուլի 40-րդ օրը՝ Զվարթնոց օդանավակայանում:

«19 կիլոգրամ նիհարել եմ, հիմա սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, արյան բարձր ճնշում»,- Aravot.am-ին ասաց լրագրողը:  Ինչպես արդեն հայտնել ենք, նրա առողջական վիճակը երեկ՝ մայիսի 30-ին, օդանավակայանում կրկին վատացել է: Նիկոլյանն ասաց, որ շատ է հիասթափվել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանից, որ հացադուլի 40 օրերի ընթացքում գոնե մեկ անգամ իրեն չայցելեց. «40 օրվա ընթացքում չուզեց այցելել, տեսնի՝ ով է այս մարդը»:

Նիկոլյանը պատմեց, որ օրեր առաջ իրեն փորձել են ինքնաթիռով Փարիզ ուղարկել, սակայն նրա ուղեւորությունը չի կայացել, քանի որ նույն չվերթով Ֆրանսիա էր մեկնում ֆրանսահայ, դաշնակցական գործիչ Մուրադ Փափազյանը, որն այս օրերին ՀՀ էր եկել:

«Մուրադ Փափազյանը վեր կացավ, կռիվ արեց, թե ինքը չի ուզում, որ ես մտնեմ ինքնաթիռ, իր ընկերներն էլ միացան. ինձ ստիպված դուրս հանեցին ինքնաթիռից: Անկախ իմ կամքից էին ինձ փորձում ուղարկել Ֆրանսիա, քանի որ ՀՀ կառավարության համար մեծ սկանդալային ռիսկ եմ արդեն: Օրեցօր առողջությունս վատանում է, մտել ենք վտանգային  փուլ, ռիսկային է, եթե այստեղ վատանամ կամ մահանամ: Մի անգամ արդեն վատացել եմ, չեն տարել հիվանդանոց, շտապ օգնության մեքենա են բերել, տեղափոխել են ներքեւ: Ռեանիմացիա արեցին, ներարկում արեցին: Հիմա վախենում են, որ կմահանամ, դրա համար անօրինական ձեւով, զոռով արեցին այն, ինչ իրենց ձեռնտու էր, ինքնաթիռ մտցրին, այն էլ դա խափանեցին Մուրադ Փափազյանն ու իր ընկերները: Իսկ ես շատ լավ հասկանում եմ, որ Մուրադն ու Դաշնակցությունն ուզում են, որ ես մեռնեմ, որ իմ մահն օգտագործեն Նիկոլ Փաշինյանի դեմ»,- պատմեց Նիկոլյանը:

Մուրադ Փափազյանը մեզ հետ զրույցում հերքեց իրեն վերաբերող Նիկոլյանի ասածները՝ ասելով, որ ինքը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ Նիկոլյանին Ֆրանսիա տանել-չտանելու հարցում. «Նիկոլյանը ստախոս է: Թռիչքն իրականացնող Տրանսավիա ավիաընկերության ղեկավարները վախեցան նրա՝ Ֆրանսիա ուղեւորության համար, որովհետեւ առողջական վիճակը վատ էր, կարող էր ինչ-որ բան պատահել նրա հետ: Դա է եղել նրան՝ Ֆրանսիա չտանելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի Լեո Նիկոլյան, եթե Դուք այդպիսի կասկածներ ունեք, ապա ավելի խելամիտ չէ՞ դուրս գալ հացադուլից, կազդուրվել, որից հետո Ձեր սկզբունքներով կրկին շարունակել պայքարը Ձեր ազգի ու հայրենիքի համար: Հիմա Ձեր օրգանիզմը շատ թուլացած է և այդպիսի հյուծված վիճակով Դուք չեք կարողանա ինքնաթիռով հասնել Ֆրանսիա:
    Այս ապիկար իշխանության ու իր կամակատար ՄԻՊ-ի հետ հույսեր մի կապեք, թե նրանք խելքի կգան և Ձեր նկատմամբ իրենց վերաբերմունքը կփոխեն: Մի գնացեք ծայրահեղ ռիսկի և խնդրում ենք դադարեցրեք հացադուլը: Խորհուրդ եմ տալիս գոնե այս պահին հիշել Պարույր Սևակի հետևյալ իմաստուն տողերը.

    Խոստանում եմ
    Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:
    Ինչի՞ համար.
    Էլի՛ պատը կմնա պատ,
    Կպակասի մի լավ ճակատ:

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Երկարատև հացադուլից մեր հայազգի եղբոր կյանքը վտանգված է և տեսնելով այս հարցում նիկոլի խամաճիկ ՄԻՊ-ի պախարակելի անգործությունը, անհրաժեշտ է, որ որևէ ազդեցիկ կառույցի (օրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու) կամ որևէ մարդասիրական կազմակերպության (օրինակ՝ իրավապաշտպան կազմակերպությունների) ներկայացուցիչներ այցելեն Լեո Նիկոլյանին, լսեն նրա պահանջները և աշխատեն համոզել նրան, որ նա դուրս գա հացադուլից: Սփյուռքի մեր հայրենակցի նկատմամբ ցուցաբերվող այս անտարբերությունը մեզ պատիվ չի բերում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930