«Հրապարակ»-ի զրուցակիցը ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն է։
-Պարոն Տարասով, ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։
-Մոսկվան ուշադիր հետևում է հայաստանյան զարգացումներին։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, և Մոսկվան անտարբեր չէ ներհայաստանյան զարգացումների նկատմամբ, բայց դա Հայաստանի ներքին գործն է։ Հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ու ինչ գործողություններ չընդունել։ Ժամանակին ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի օգտին, հիմա նրա դեմ է հանդես գալիս։
-Մարդիկ փողոց են դուրս եկել` ընդդեմ սահմանազատման անվան տակ Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումների:
Կարդացեք նաև
-Ինչ վերաբերում է այդ գյուղերին, Մոսկվան բազմիցս իր աջակցությունն առաջարկել է սահմանազատման և սահմանագծում գործընթացում, բայց Հայաստանը հրաժարվել է Մոսկվայի միջնորդությունից, որին Բաքուն դեմ չէր։ Նրանք ընտրեցին ուղիղ երկխոսության ճանապարհը և արեցին այն, ինչ արեցին: Դուր է գալիս մեզ, թե` ոչ, դա Հայաստանի տարածքն է, և հայ ժողովուրդը պետք է որոշի։ Մոսկվայի համար ի՞նչ տարբերություն` այս կամ այն գյուղը որ երկրի կազմում կգտնվի։ Մյուս կողմից, իհարկե, մենք շահագրգռված ենք, իրավիճակի կայունությամբ, որովհետև Հայաստանում իրավիճակի ապակայունացումը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, ինչը անհանգստություն է առաջացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը փորձում է նոր դաշնակիցներ գտնել, դա նրա իրավունքն է։ Մեզ, իհարկե, դուր չի գալիս, որ Հայաստանը դեպի Արևմուտք է գնում, Մոսկվան դա համարում է սխալ որոշում, ճիշտ այնպես, ինչպես մենք գտնում ենք, որ Հայաստանը սխալ որոշում ընդունեց Ղարաբաղի հարցում, բայց, ցավոք, նրանից, թե ինչ ենք մենք կարծում, ոչինչ չի փոխվում։
-Հայտարարվում է, որ 1976 թվականի քարտեզն է դրված գործընթացների հիմքում։ Ինչպիսի՞ն է Մոսկվայի կարծիքը, նախկինում խոսք էր գնում 1926թ. քարտեզների մասին։
-Մոսկվան իր քարտեզներն ունի, իր աջակցությունը արել է սահմանազատման գործընթացում։ Եթե այդ աջակցությունը ընդունվեր, Մոսկվան ներկա գտնվեր, այդ ժամանակ մենք կկարողանայինք ինչ-որ կերպ մեկնաբանել իրավիճակը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ընդունած որոշումները` այն, թե ինչ և ինչու են նրանք ճիշտ համարում, Մոսկվան մեկնաբանել չի կարող։ Ենթադրվում է, որ Երևանն ու Բաքուն առաջնորդվել են սահմանի վերաբերյալ ինչ-որ բազային պատկերացումներով, համաձայնության են եկել, որովհետև եթե չլիներ այդ համաձայնությունը, դժվար թե սահմանազատում տեղի ունենար։ Սա նրանց երկկողմ որոշումն է։ Փաշինյանն ու Ալիեւն են ասում, որ շուտով պայմանագիր են ստորագրելու, նրանք են ասում, որ իրականացրել են սահմանների սահմանազատում, ի վերջո, Փաշինյանն է ասում, որ վերջապես, մենք ստանում ենք իրական, այլ ոչ թե պատմական Հայաստանը։ Սա խոսում է այն մասին, որ դա նրա ինքնուրույն որոշումն է։ Դուր է գալիս դա հայ ժողովրդին, թե ոչ, բայց բանակցությունները ընթանում են։ Մենք չենք կարող կոնֆլիկտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում