Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. Ողջունում եմ այն մոտեցումը, որ չպետք է շտապել, տրանսֆորմացիան մարդկանց մտքի մեջ պիտի կատարվի. «Փաստ»

Հունիս 01,2024 09:55

Մեր հիմնական ռեսուրսը ազգային համախմբվածությունն է: Այս միտքը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ մեր զրույցներում պարբերաբար հնչել է նրա կողմից: Վերջին օրերին հանրային խոսույթի հիմնական շեշտադրումներից հաշտության և համերաշխության կյանքի կոչման կարևորությունն է:

«Այդ հաշտությունը կարող է կայանալ, եթե լինենք համբերատար և բոլորի մոտ այդ գիտակցությունը գա: Ամենասկզբից մեզ թվաց, թե մայիսի 9-ին ամեն ինչ արդեն եղավ, հետո տեղի ունեցան հանդիպումներ, կարծես ամեն ինչ լավ էր, հետո եղան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ չեն միանում գործընթացին տարբեր պատճառներով: Այս ամեն ինչը պետք է «մարսվի»: Ի՞նչ է նշանակում, երբ քաղաքական թիմն ասում է՝ գաղափարը լավն է, միանում ենք, բայց ուզում ենք, որ «նախկիններ» չլինեն, վարչապետի թեկնածուի անուն է հնչում, մեկ էլ ասում են՝ գործընթացն ուրիշ կերպ էինք պատկերացնում և այլն: Սոցհարցումները ցույց են տալիս, որ հայ ազգն ուզում է նոր դեմք տեսնել, նոր դեմքը գալիս է, սկսում են նրան կապել ուրիշների հետ: Կարծես ինչ-որ մոդայիկ արգումենտ են հորինում, որ ոչինչ չանեն, հենց դրան հակադարձում են, սկսում են նոր բան հորինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ եթե այս ձևով նայենք, պրոցեսը դժվարին է լինելու, լյուստրացիոն: «Շատերի դեմքերը բացահայտվելու են: Իսկապես ազգային միասնության նպատակի համա՞ր են պատրաստ, թե՞ միայն իրենց մոտեցումն առաջ տանելու: Եթե նույնիսկ չեմ կիսում այսօրվա մարտավարությունը, բայց ռազմավարական նպատակս նույնն է, ինքս կնախաձեռնեմ բանակցային գործընթաց: Սիրում ենք հարցազրույցների ժամանակ ասել՝ ես ասել եմ, ու գնալ: Ո՛չ բանակցությունների գինն ենք հասկացել, ո՛չ ռազմավարական հաղորդակցության, ո՛չ էլ իրականում ազգային նպատակին ծառայելու համար չակնկալիքներդ ու քո բաժին զիջումներն անցնելուն ենք պատրաստ:

Շատ մարդիկ կան, որոնք այդ տեսակի գործողություն արել են՝ միանալով պայքարին, աշխատանքից են զրկվել, ինքնակամ հրաժարական են գրել, սրանք գործողություններ են: Դրանք շատ դեպքերում չենք տեսնում քաղաքական գործիչների մեջ, գուցե նրանք էլ շատ ժամանակ ազգային միասնության մեծագույն խնդիրներն են ձևավորում, չնայած սիրում են դրա մասին խոսել, բայց հենց գալիս է հերթը, երբ պետք է քո քայլն անես, տեսնում ենք խուսանավումներ և այլն: Հուսով եմ, հավատքով լի դեպի Աստված, դեպի գործընթացներ, ուրախ եմ, որ Սրբազանն ունի համբերություն և շատ լավ գիտակցում է, որ մեր տեսակի մեջ պետք է շատ բաներ փոխվեն: Շատ անգամ ինձ ուղղում են հարցեր, որ բլից կրիգով ամեն ինչ պետք է արվեր, ինչո՞ւ գործընթացները արագ տեղի չեն ունենում: Առաջին հարցը՝ ի՞նչ եք հասկանում բլից կրիգ ասելով, արձագանքում են՝ դե, ինչպես 2018 թ.-ին եղավ:

Երբ մանրամասն ներկայացնում ես 2018 թ.-ը, պարզվում է, որ գործընթացը երկու ամիս է տևել: Եթե Սրբազանի շարժումը վերցնենք մայիսի 1-ից, ապա կտեսնենք, որ երկու ամիսը դեռ չի լրացել: Երկրորդ՝ երբ ուզում ենք արագ փոփոխություն, պետք է մեկ բան հասկանանք: Երբ նույն մարդիկ այդ արագ փոփոխության միջով անցնում են, հետո իրենց վարքագիծն ինչպիսի՞ն է լինելու: Նույնն է մնալու: Ողջունում եմ այն մոտեցումը, որ չպետք է շտապել, տրանսֆորմացիան մարդկանց մտքի մեջ կատարվի դեպի սեր, հոգատարություն, վարքագիծ, մտածելակերպ, դրանից հետո ինչ էլ փոխվի, մարդիկ այդպիսին կմնան: 2018 թ.-ի արագ փոփոխություններն ինչի՞ բերեցին՝ հին ձևերին ավելի վատ ու խորացված տարբերակով: Ազգային ժողովում անհարգանք, մեծամասնության շատ կոպիտ վերաբերմունք, խոսքից զրկել, արհամարհել, պետական ինստիտուտների փնթի աշխատանք և վերաբերմունք, անպատասխանատվություն, յուրայիններին չնեղացնել, ընդդիմադիրներին անտեղի և անօրինական պատժել, քաղբանտարկյալներ: Արագ փոփոխության հետևանքը բերեց սրան: Նկարագրելու չէ կորուստների քանակը՝ մեր գալիքներին չթողնել ո՛չ տարածք, ո՛չ հող, ո՛չ պետական ինստիտուտներ, ո՛չ Արցախ, ո՛չ հաղթանակ, ո՛չ փառք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930