ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (դատավոր՝ Տիգրան Դավթյան) շարունակվում է «Անդրանիկ Փիլոյան +10» կոչվող` ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի, արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Աշոտ Հակոբյանի, ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետ Վիգեն Մկրտչյանի, հատուկ հրշեջ ջոկատի օղակի հրամանատար Գոռ Համբարձումյանի, հատուկ հրշեջ ջոկատի հրշեջ փրկարար Միհրդատ Մաթեւոսյանի եւ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Գագիկ Պողոսյանի, Արտակ Բեյբությանի, Հրաչյա Երեմյանի, Տիգրան Գասպարյանի, Արթուր Օհանյանի, Վիգեն Գրիգորյանի վերաբերյալ բազմադրվագ քրեական գործով դատաքննությունը:
Դատարան են ներկայանում պաշտպաններ Վ. Հովհաննիսյանը, Կ. Ղոնյանը, Տ. Աբրահամյանը, Գ. Մարգարյանը, Ա. Մանուկյանը, Հ. Կարապետյանը, Վ. Բադալյանը, Խ. Ղանդիլյանը, մեղադրյալներ Հ. Երեմյանը, Վ. Մկրտչյանը, Վ. Գրիգորյանը, Ա. Հակոբյանը, Ա. Բեյբությանը, Ա. Փիլոյանը, հանրային մեղադրողն է Կորյուն Սերոբյանը: Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ Աշոտ Հակոբյանի պաշտպանները մաjիսի 24-ի նիստում միջնորդություններ ներկայացրեցին «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումները անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, մեղադրանքի համաձայն, նախկին նախարարը ԱԻՆ աշխատակիցներից մեկի ծանոթին ԱԻՆ-ում ծառայության ընդունվելու դիմաց ստացել է կաշառք՝ գազի ջեռուցման համակարգի, ոսկեգույն մետաղյա ձուլակտորի տեսքով…
Անդրանիկ Փիլոյանը ՀՀ նախագահի 2020թ. նոյեմբերի 20-ի թիվ ՆՀ-312-Ա հրամանով նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին:
2022թ. սեպտեմբերի 29-ից դատավորը ստանձնել է 62239022 քրեական գործի վարույթը։
Կարդացեք նաև
Ներկայացնենք դատարանում գտնվող գործի դատավարական ընթացքը:
2022թ. հոկտեմբերի 6-ի դատական նիստի ընթացքում մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը ներկայացրել է միջնորդություն խափանման միջոց ընտրած կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, ինչը նույն օրվա որոշմամբ բավարարվել է։ Այդ նույն դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վիգեն Գրիգորյանի պաշտպան Կարեն Ղոնյանը նույնպես ներկայացրել էր միջնորդություն՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, ինչը նույն օրվա մեկ այլ որոշմամբ մերժվել է։ 2022 թ. հոկտեմբերի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրյալ Արա Յաղջյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանը միջնորդել էր, որպեսզի դատարանը իր պաշտպանյալին թույլատրի մի քանի օրով բացակայել երկրից, ինչը դատարանի կողմից բավարարվել է: 2022 թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ մեղադրյալ Արթուր Օհանյանի պաշտպան Բ. Գալստյանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու վերաբերյալ, մերժվել է դատարանի կողմից։ Այդ օրը մերժվել են մի քանի պաշտպանների միջնորդություններ եւս, մասնավորապես, մեղադրյալ Արա Յաղջյանի պաշտպան Տ. Աբրահամյանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին, մեղադրյալ Հրաչյա Երեմյանի պաշտպան Խ. Ղանդիլյանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի չափը նվազեցնելու վերաբերյալ, մեղադրյալ Վիգեն Մկրտչյանի պաշտպան Վ. Բադալյանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված պաշտոնավարման կասեցումը վերացնելու մասին։
2022 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Վիգեն Գրիգորյանի պաշտպան Կ. Ղոնյանի միջնորդությունը՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ մերժվում է դատարանի կողմից, դեկտեմբերի իննին երկարացվում երեք ամսով, եւ նշանակվում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:
2023 թվականի հունվարի քսանյոթին նշանակված դատական նիստը հետաձգվում է, քանի որ Վիգեն Գրիգորյանին տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»: Դատարանը սահմանափակում է հետագայում Վիգենի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը երեք ամսով, բացառությամբ մերձավոր ազգականների:
2023 թ. փետրվարի 3-ին կայացվել է արտահերթ դատական նիստ, որի ժամանակ քննարկվել է Արա Յաղջյանի սահմանահատումների վրա կիրառված արգելանքը ժամանակավորապես դադարեցնելու հարցը, իսկ մարտի երեսունմեկին երկու միլիոն գրավով ազատում, թույլատրում մասնակցել բիզնես-ֆորումներին:
Հուլիսի տասնչորսին քննվել է ԱԻ նախարարության պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար, մեղադրյալ Հրաչյա Երեմյանի պաշտպան Խաչատուր Ղանդիլյանի միջնորդությունը՝ վերացնել մեղադրյալ Հրաչյա Երեմյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցումը կամ ընտրել ցանկացած այլընտրանքային խափանման միջոց, այդ թվում՝ նաեւ համակցված. «Պաշտոնվարման կասեցումը կորցրել է իր նշանակությունը, այն բացասական է անդրադառնում մեղադրյալի ֆինանսական վիճակի վրա, այսինքն՝ աշխատավարձ չի ստանում։ Խափանման միջոցի որեւէ պայման մեղադրյալը երբեւիցե չի խախտել»: Դատարանը մերժում է գրավը եւ պաշտոնավարման կասեցումը թողնում անփոփոխ:
Այս տարվա՝ 2024թ. հունվարի տասներկուսին մեղադրյալ Վիգեն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարում է եւ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառում բացակայելու արգելքը, տնային կալանքը եւ գրավը՝ գրավի չափ սահմանելով 5.000.000 ՀՀ դրամ։
Տնային կալանքի ընթացքում մեղադրյալին արգելվում է իր բնակության վայրում շփում ունենալ եւ հյուրընկալել այլ, բացառությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետով նշված անձանց, ունենալ հեռախոսային խոսակցություններ՝ բացառությամբ շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի, ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդակցության այլ ձեւերից՝ բացառությամբ փոստային առաքանուց: Մեղադրյալի նկատմամբ կիրառված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը եւ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը։
Այս տարի մինչեւ երեկ տեղի է ունեցել 11 դատական նիստ: Նշեմ, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին: Այս գործով հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան՝ այս տարվա մարտի 7-ին, ապրիլի 18-ին, 25-ին… ունենք մեկ ինքնաբացարկ. դատավոր Արթուր Նահապետյանի ինքնաբացարկը:
Մարտի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը կոռուպցիոն հանցագործությունների որոշում է կայացնում, բողոքաբերն էլ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր (Գագիկ Պողոսյանի, Միհրդատ Մաթեւոսյանի, Թաթուլ Գեւորգյանի, Գոռ Համբարձումյանի վերաբերյալ միջանկյալ դատական ակտի դեմ):
ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Մ. Մակյան), հատուկ վերանայման կարգով, գրավոր ընթացակարգով քննության է առել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թ. դեկտեմբերի 22-ին կայացված՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Բողոքը մերժվել է, հակակոռուպցիոն դատարանի որոշումը մնացել է անփոփոխ:
Բանն այն է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում անկախ փոխանցված կամ տրված գումարի չափից, անձին չի կարող մեղադրանք առաջադրվել համապատասխան հոդվածի այն ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներով, որոնք կապված են չափերի հետ՝ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարված, քանի որ օրենսգիրքն այդ չափերը չի սահմանել, դրանց վերաբերյալ դրույթ չի նախատեսել, ուստի այլ ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում, յուրաքանչյուր պարագայում ապօրինի վարձատրություն տալը պետք է որակվի որպես հասարակ հանցակազմով կատարված։ Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ Տիգրան Գասպարյանին առաջադրված մեղադրանքը որակյալ դարձնող հանգամանք բացառապես հանդիսացել է գումարի չափը, որը ՀՀ քրեական օրենսգրքով որոշակիացված եւ նախատեսված չէ, որպես պատիժը մեղմացնող օրենք պետք է տալ հետադարձ ուժ եւ արձանագրել, որ վերջինի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին։ Ուստի տեղի է ունեցել անձի վիճակը բարելավվող օրենսդրական փոփոխություն եւ վերջինի ենթադրաբար կատարած արարքի իրավական գնահատականը որոշելիս կիրառելի է ոչ թե արարքի կատարման պահին գործող, այսինքն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, այլ 2021 թ. մայիսի 25-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։ Հետեւաբար՝ Տիգրան Գասպարյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին, որն, ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի, դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Ըստ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի. «Անդրադառնալով հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ որպես ապօրինի վարձատրություն տալու խոշոր եւ առանձնապես խոշոր չափ պետք է հիմք ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը, քանի որ դա բխում է քրեական օրենսգրքի նպատակից, ապա դատարանը գտնում է, որ նմանատիպ մեկնաբանումն ուղղակիորեն կհակասի ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին»։
Մեկ այլ բողոք էլ, որը բողոքաբեր դատախազը բերել էր այս տարվա մարտի 7-ին՝ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. հունվարի 26-ի որոշման դեմ (նախագահությամբ՝ Ա. Հովհաննիսյան), ըստ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հետեւյալ հարցն էր փորձում պարզել. «Իրավաչա՞փ է, արդյոք, Միհրդատ Մաթեւոսյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը: Հարկ է արձանագրել, որ սույն դեպքում, թե արարքը կատարելու պահին գործող օրենսդրության եւ թե ներկայումս գործող օրենսդրության կարգավորումների համաձայն` մի դրվագով 819.876 ՀՀ դրամը, մյուս դրվագով՝ 834.751 ՀՀ դրամը հանդիսանում է խոշոր չափ, ուստի վկայակոչած երկու օրենսդրությունների պայմաններում էլ Միհրդատ Մաթեւոսյանի արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որպիսի պայմաններում գործող քրեական օրենսգրքի պայմաններում արարքի վաղեմության ժամկետը հանդիսանում է 10 տարի, իսկ արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսգրքի կարգավորումներով` 5 տարի, ինչից էլ բխում է, որ Միհրդատ Մաթեւոսյանի արարքին տալով սխալ քրեաիրավական գնահատական` դատարանը եկել է ոչ իրավաչափ հետեւության այն մասին, որ Միհրդատ Մաթեւոսյանի ենթադրյալ արարքների վաղեմության ժամկետը (2 տարին) անցել է: Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել վիճարկվող դատական ակտը՝ մերժելով Միհրդատ Մաթեւոսյանի պաշտպան Գ. Գրիգորյանի կողմից ներկայացված միջնորդությունը»։ Դատարանը այս որոշումը նույնպես թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել էր, որ 2003 եւ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ եւ 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է եւ կիրառելի չէ մեղադրյալի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2024