Փաստաբան Վարազդատ Հարությունյանը թիվ 1 հիվանդանոցից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ հիվանդանոցում են գտնվում ոստիկանական բռնություններից տուժած Դանիել սարկավագ Գեւորգյանը եւ բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը:
«Իրենք փաստացի ձերբակալվել ու արգելանքի էին վերցվել ոստիկանության կողմից ժամը 3:30-ին, իսկ 9:30-ին՝ մոտ արդեն 6 ժամը լրանալու պահին իրենց ձերբակալելու վերաբերյալ դեռեւս որոշում չէր հանձնվել: Դրանից մի կես ժամ էլ ավել անցավ, ուղեկցող ոստիկանները թողեցին հիվանդանոցը, մեկնեցին՝ փաստացի հռչակելով Նիկոլայ Գրիգորյանի եւ Դանիել սարկավագ Գեւորգյանի ազատությունը»,-նշեց փաստաբանը:
«Հասկանալի է, որ թղթաբանության կազմակերպման առիթով նաեւ չհասցրին ներկայացնել ձերբակալումից ազատ արձակելու վերաբերյալ որեւէ որոշում, բայց հայտարարեցին, որ մեր երկու ընկերները փաստացի ազատ արձակված վիճակում են: Դա նշանակում է, որ այս պահից սկսած, երբ ավարտվեն բժշկական հետազոտությունները, իրենք ազատ են լինելու դուրս գալ հիվանդանոցից: Իսկ «լայվ» անելու իմաստն էլ հետեւյալն էր, որպեսզի հետագա բացասական հետեւանքների առումով մեկնաբանությունների առիթ չտանք քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Մեր ընկերները բռնության են ենթարկվել բավականին բիրտ կերպով, ծեծի են ենթարկվել, բայց լավ են, ոգիներն էլ տոկուն է»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ