Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանություններն այլեւս դարձել են այն նույն հանցավոր ռեժիմը, որը մենք, հասարակությունը մերժել է 2018-ին՝ բոլոր իմաստներով»

Հունիս 01,2024 12:30

Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ բոլոր ոլորտներում՝ հատկապես արդարադատության ոլորտում, բոլոր առաջարկվող փոփոխությունները կամ հասարակությանը ներկայացվող իբր փոփոխությունները եղել են արտաքին փաթեթավորմամբ փոփոխություններ. բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել։

«Այն, ինչին ականատես ենք լինում, դա ոչ այսօր է սկսվել, ոչ վերջին երկու օրն է սկսվել, ոչ վերջին հինգ տարում։ Այդպիսի ոստիկանություն մենք ունեցել ենք միշտ՝ բառացիորեն միշտ»,- «Առավոտի» հետ զրույցում գնահատելով վերջին օրերին ոստիկանության գործողությունները՝ մասնավորապես վայրագ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ, այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։

Ըստ նրա՝ միայն 2018-ից հետո շատ կարճ ժամանակ ենք ունեցել իսկապես իրենց բուն գործառույթն իրականացնող ոստիկաններ։ Ըստ իրավապաշտպանի՝ այն պահից, երբ ունենում են քաղաքական հրաման, քաղաքական դիրքորոշում, որ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառի, իրենք ստիպված են լինում այդ գործելաոճին անցնել. «Ու սա ավանդական գործելաոճն է։ Շատ մեծ գումարներ են ծախսվել, բայց ցավալիորեն ունենք այն, ինչ ունենք։ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանություններն այլեւս դարձել են այն նույն հանցավոր ռեժիմը, որը մենք, հասարակությունը մերժել է 2018-ին՝ բոլոր իմաստներով, առանձին դեպքերում գուցե շատ ավելի ծանր մեղադրանքներով։ Հայտնի  ժողովրդական խոսք կա՝ ասում է գնացին, հավասարվեցին հազար տարվա մեռելներին»։

Հարցին՝ որտե՞ղ է եղել բացթողումը, որ կրկին նույն հանցավոր իրավիճակին ենք հասել, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Երբ երկրում տեղի է ունենում հեղափոխություն, եւ իշխանության եկած թիմն իսկապես մտքով, հոգով գաղափարներով հեղափոխական է, իրենք ոչ թե պատճառներ են ման գալիս արդարացնելու, թե ինչու, ինչ պատահեց, կամ ինչը խոչընդոտեց, որ այդ հեղափոխական փոփոխությունները տեղի չունենան, այլ ճանապարհներ, ուղիներ է փնտրում՝ ինչպես կարելի է փոխել։ Ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչը խանգարեց Նիկոլ Փաշինյանին։ Ես ուզում եմ իմանալ՝ ինչ են արել, որ ստանան բարեփոխված համակարգեր բոլոր ոլորտների վերաբերյալ՝ հատկապես արդարադատության ոլորտի, որի մի փոքրիկ մասնիկն է նաեւ ոստիկանությունը։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր ոլորտներում՝ հատկապես արդարադատության ոլորտում, բոլոր առաջարկվող փոփոխությունները կամ հասարակությանը ներկայացվող իբր փոփոխությունները եղել են արտաքին փաթեթավորմամբ փոփոխություններ. բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք ունեցել ենք բառացիորեն հանցավոր համակարգ, որի գործիքներից մեկը եղել է արդարադատության համակարգը, եւ դա եղել է խիստ համակարգված եւ տրամաբանված գործողության մեխանիզմ։ Երբ դու չես կոտրում կայացած հանցավոր մեխանիզմները, երկու տարբերակ կա՝ կամ այդ մեխանիզմները քեզ կլանում, կործանում են, կամ քեզ դուր է գալիս այդ գործելաոճը, ու դու տեղավորվում ես այդ հանցավոր համակարգի մեջ։ Ինձ համար միեւնույն է՝ իրենց դուր եկա՞վ այս համակարգի մեջ տեղավորվելը, թե՝ համակարգն իրենց կլանեց, փաստն այն է, որ հեղափոխությամբ եկած ու այսքան մեծ վստահություն ունեցող իշխանությունները գնացին, հասան հազար տարվա մեռելներին»։

Հարցին՝ իրավապաշտպան իր գործունեությունից հիշո՞ւմ է որեւէ դեպք, երբ ոստիկանները Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտեն, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ես որպես մարդ, քաղաքացի կպատասխանեմ։ Ես շատ հարցեր ունեմ եւ’ եկեղեցականներին, եւ’ առանձին հոգեւորականներին, եւ’ խորին համոզմունք ունեմ, որ մենք բոլոր համակարգերի նkատմամբ լյուստրացիա պետք է իրականացնենք՝ ներառյալ եկեղեցու։ Բայց քանի դեռ այդ գործիքը չեն աշխատացրել, քանի դեռ այդ գործընթացն ավարտին չի հասել, եւ մենք չունենք հիմնավորումներ, ապացույցներ, ինձ համար անձնապես որպես ՀՀ քաղաքացի, եկեղեցում մկրտված մարդ, վիրավորական եւ նվաստացուցիչ է այն ամենը, ինչ տեղի է ունենում, որովհետեւ դա մի անձի որոշումն է, մի անձի քմահաճույքն է խոչընդոտել հանրային վայրերում հայտնվել կաթողիկոսներին եւ եպիսկոպոսներին։ Ես հազար հատ հարց ունեմ տարբեր եպիսկոպոսների եւ կաթողիկոսին ներառյալ, բայց ես ինձ թույլ չեմ տալիս անցնել այն սահմանն այն պարզ պատճառով, էն որ ասում են՝ ձեռքի վրա բարաթ, ապացույց, թուղթ դեռ չունեմ։ Դրա համար կա մի գործիք. դա կոչվում է լյուստրացիա։ Բայց ես վախենամ, որ այդ  լյուստրացիան իրականացնելու ժամանակ նախ պետք է անցներ գործող իշխանությունը՝ անկախ անձերից։ Ու ես վախենամ, որ այդ լյուստրացիայի անցնելու գործընթացում շատ ավելի տխուր պատմություններ բացահայտվեին, շատ ավելի մարդիկ դուրս մնային այսօրվա իշխանություններից եւ հնարավորություն ու իրավունք չունենային որեւէ պաշտոն զբաղեցնելու կամ որեւէ հանրային գործունեությամբ զբաղվելու։ Կամ մենք տալու ենք այդ քաղաքական գնահատականն ու անցնելու ենք լյուստրացիայի գործընթացով, կամ մենք՝ բոլորս բաժանվելու ենք տարբեր խմբերի ու բոլորս մեկը մյուսին ցույց տալով ասելու ենք, որ սա դավաճան ու ագենտ է»։

Դիմելով ժողովրդին՝ իրավապաշտպանը նրանց ուժ ու համբերություն մաղթեց. «Պիտի հիշեն, որ բոլոր ժամանակներում, բոլոր կառույցների ղեկավարները գալիս ու գնում են, բայց մեզ համար ամենակարեւորը չկորցնել ողջամտությունը, որեւէ պարագայում չգնալ բախումների։ Իրավունք չունենք ներսում ունենալ քաղաքացիական պատերազմ կամ քաղաքացիական պատերազմին մոտ իրավիճակ։ Մենք չենք կարող թույլ տալ ներսում ունենալ թշնամանք այն աստիճանի, որն ունենք այսօր։ Բոլորին ողջամտություն, համբերություն ու հիշեք՝ բոլոր իշխանությունները, բոլոր ղեկավար կազմերը գալիս ու գնում են, կարեւորը, կայունը, մնայունը, արժեքավորը պետությունն է ու ժողովուրդը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930