Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեգենդար ռեկտորի» դիմաքանդակը՝ Գյումրու պատմական կառույցում

Մայիս 31,2024 22:26

Այսօր Գյումրիում նշվեց այս քաղաքի ամենավառ, կոլորիտային դեմքերից մեկի՝  մեծ փիլիսոփա, բանաստեղծ, 34 տարի անընդմեջ Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը գլխավորած երջանկահիշատակ ռեկտոր Կարապետ Հովսեփյանի  100-ամյակը։

Գյումրու սրտում՝ Գորկու այգու դիմաց գտնվող Տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ երկրաշարժից առաջ գործել  է  Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, բացվեց Կարապետ Հովսեփյանի դիմաքանդակը, որի հեղինակը ժամանակի ամենահետաքրքիր ձեռագիր ունեցող քանդակագործներից մեկն է՝ Ալբերտ Վարդանյանը։

Միջոցառումները տեղի  ունեցան Գյումրու համայնքապետարանի, ՀՀ Գրողների Միության Շիրակի մարզային մասնաճյուղի աջակցությամբ։

Այնուհետ հուշ-ցերեկույթ տեղի ունեցավ, ներկայացվեց ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի հեղինակած ֆիլմը՝  նվիրված Կարապետ Հովսեփյանին։ Տեղի ունեցավ նրա  թվով 9-րդ ժողովածուի՝ «Ծաղիկներ ժամանակի ձյան վրա» բանաստեղծությունների ծաղկաքաղի շնորհանդեսը։ Ընթերցեցին նրա բանաստեղծությունները,  վառ հուշեր  ներկայացրեցին մեծ մտավորականի մասին։

Կարապետ Հովսեփյանի 100-ամյակին մասնակցելու էին եկել  քաղաքի շատ մտավորականներ, որոնք միմյանց հերթ չէին տալիս  հետաքրքրաշարժ դրվագներ պատմելու նրա հետ շփումներից։ Նրան բնութագրեցին որպես խոսքաստեղծ մարդու, շփումների վարպետի, լեգենդար ռեկտորի, բացառիկ հռետորի ու հումորի վարպետի։ «Կարապետ Հովսեփյանն այն եզակի մտավորականներից է, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է սերունդներին կրթելու, դաստիարակելու, նրանց ծառայելու վեհ գործին», -այսպես ներկայացրեցին ռեկտորին։

Նրա ուսանողներից մեկը՝ Արամ Խաչատրյանը, նրան բնութագրեց որպես  մեծատառով մարդ, մարդ-լեգենդ, քայլող հանրագիտարան, որն անսպառ հումոր ուներ, օժտված էր հռետորական խոսքով։

«Նա հումորի մեծ վարպետ էր, ուսանողներն անհամբերությամբ էին սպասում նրա դասերին։ Ինչքան էլ ուսանողները հոգնած լինեին․ վերջին ժամերին դասի լինեին, սպասում էին նրան։ Իսկ ինքը, զգալով, որ ուսանողները հոգնած են, մի փոքր հումոր էր անում, ուժերը վերականգնում ու անցնում էր դասի։ Նա այն եզակի մանկավարժներից էր, որ թափանցում էր ուսանողի հոգու գաղտնարանը, զգում էր, թե նա ինչպիսի հոգեվիճակում է գտնվում։ Մարդն ի  վերուստ ծնվում է, բայց յուրաքանչյուր մարդ ինքն է կերտում իր կերպարը։ Կարապետ Հովսեփյանը ինքը կերտեց իր կերպարը, աշխատեց, ստեղծեց, ծառայեց և վաստակեց ժողովրդի հարգանքը»,-ասաց բանախոսը։

Գիտնական Սերգեյ Բիչախյանն էլ, որը ևս ավարտել  է Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Կարապետ Հովսեփյանին անվանեց  «շփումների վարպետ», ով մարդուն առաջին անգամ տեսնելիս՝ նրան դարձնում էր հարազատ։ Բանախոսը հիշեց, թե ինչպես էր ռեկտոր Հովսեփյանը շփվում ուսանողների հետ, նրանց կողքով անցնելիս՝  ջերմորեն բարևում էր, հարցնում էր նրանց որպիսությունը, շոյում էր գլուխները։

Սերգեյ Բիչախյանը նաև նշեց, որ Կարապետ Հովսեփյանը ծայրաստիճան հայրենասեր անձնավորություն էր։

«Նա  ոչ միայն գիտնական էր, ոչ միայն բանաստեղծ, այլ Աստծո տված կարևոր հատկանիշներով օժտված անձնավորություն։ Եվ պատահական չէր, որ նա տասնամյակներ շարունակ մնաց անփոխարինելի, թիվ մեկ մտավորականը Շիրակի մարզում։ Բոլորը գիտեին, որ Հովսեփյան Կարոն մեծ հռետոր էր, և յուրաքանչյուրը հուշ ունի իր հետ կապված։ Նրա հետ ամեն մի շփումը խորը հետք էր թողնում։ Մի անգամ խմբով կանգնած էինք, աղջիկներից մեկն իմ ընտրյալն էր, Հովսեփյանը եկավ, մոտեցավ, խորաթափանց հայացքով նայեց նրան ու ասաց՝ էս ինչ գեղեցիկ ես ամաչում։ Նա լսարան էր մտնում, մի քանի րոպե կատակ էր անում, հետո անցնում դասի։ Նա փիլիսոփայի այնպիսի խոսք էր ներկայացնում, որ  ուսանողը պիտի տրամադրվեր այդ ամենը լսելու։ Նրա խոսքը միշտ կառուցված էր իրական կյանքի վրա, նա վերացական, հեքիաթներ պատմող դասախոս չի եղել»,-ասաց Սերգեյ Բիչախչյանը։

Վերջինս նաև նշեց, որ ռեկտորն իր երեք որդիներին համեստ է մեծացրել, նրանց հետ շփվելն անչափ հաճելի էր։

Շիրակի մայր բուհի նախկին ռեկտոր Վարևդան Գրիգորյանը, որը նույնպես եղել է Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ ու 40 տարի աշխատել է բուհում,  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարապետ Հովսեփյանը մեծ դերակատարություն է ունեցել իր կարիերայի ստեղծման գործում, նրա հետ ջերմ հարաբերություններ է ունեցել։

«Ես զարմացած եմ նրա ունակություններից, մեկ-մեկ մտածում էի՝ մի՞թե Աստված կարող է այդքան բարեհաճ գտնվել մեկի նկատմամբ, որին շնորհի ամեն ինչ՝ մարդկային որակներ, մասնագիտական որակ։ Ես մի անգամ էլ ասել եմ՝ նման ռեկտոր երկիրը չի ունեցել, որ 34 տարի կարողանար տվյալ բուհը ղեկավարել, նույնիսկ նախկին Խորհրդային Միությունում, ինչքան հիշում եմ, միայն Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը՝ Սադովնիչն է, որ մինչև հիմա ՝ 50 տարուց ավելի ղեկավարում է համալսարանը։ Հովսեփյանը մեր քաղաքում, մեր հանրապետությունում եզակի ռեկտոր էր, որ 34 տարի ղեկավարեց, այն դեպքում, երբ Երևանի մանկավարժական ինստիտուտում այդ տարիներին 5-6 ռեկտոր է փոխվել։ Նա մարդ ճանաչելու վարպետ էր, հռետոր էր։ Այն ժամանակ հանրապետության Կենտկոմի Պլենումը  խնդրում էր Հովսեփյանին, որ ելույթ ունենար, նա տիրապետում էր ռուսերեն լեզվին նույնիսկ հայերենից լավ։ Գիտեմ, որ շատ շատերի ելույթներն ինքն էր գրում․ ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը՝ գերազանցությամբ, այնուհետ ընդունվել  նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։  Մեծ արժանիքների տեր մարդ էր», -ասաց Վարդևան Գրիգորյանը։

Ալբերտ Վարդանյանը, որը  մի քանի ամիս է աշխատել Կարապետ Հովսեփյանի դիմաքանդակի վրա,  նրան պատկերել է ժպտադեմ ու քանդակում ներառել է  նաև նրա գրքերի ժողովածուները, մեզ հետ զրույցում ասաց, որ  Կարապետ Հովսեփյանին քանդակելիս՝ իրեն օգնել են նրա ստեղծագործությունները, «Մարդ արարիչ» խոհափլիսոփայական պոեմը։

Կարապետ Հովսեփյանի կրտսեր որդին՝  ֆիզմաթ գիտություններ թեկնածու, պրոֆեսոր Արա Հովսեփյանը, որը Մոսկվայի արդյունաբերական առաջատար կազմակերպություններից մեկի ղեկավարն է, Aravot.am-ի հետ զրույցում հիշարժան դրվագներ պատմեց հայրիկից։ Նա հիշեց, որ երբ հայրիկը աշխատանքի է անցել Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, այն եղել է մասնաճյուղ՝ բավական փոքր։ Հայրը կարողացել է այսպես ասած անկախություն ձեռք բերել բուհի համար՝ այն դարձնելով առանձին ինստիտուտ։

Կարապետ Հովսեփյանը  դասախոսական բացառիկ կադրերով է համալրել բուհը՝  ճանաչված գիտնականների հրավիրելով թե՛ մայրաքաղաք Երևանից և թե՛ ՌԴ-ից։  Կարճ ժամանակ անց բուհի շրջանավարտներից շատերն են սկսել զբաղվել գիտական գործունեությամբ՝ հզորացնելով ուսումնական հաստատությունը։

Հատկանշական է, որ երկրաշարժից հետո Կարապետ Հովսեփյանը չի թույլատրել, որ կյանքը կանգ առնի Շիրակի մարզում, թեև փլուզվել էին բուհի որոշ մասնաճյուղերի շենքեր, սակայն ռեկտորը ջանք չի խնայել թեկուզ վրանների մեջ դասերը կազմակերպելու։ Նա բուհական կյանքը վերածնել է՝ թույլ  չտալով, որ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը տեղափոխվեն երևանյան բուհեր։ «Բուհը լուծարման վտանգի տակ էր, բայց նա չթողեց»,-ասում է որդին։

Նա, ըստ Արա Հովսեփյանի, ղեկավարել  է հանգիստ, անցուցում՝ անձնակազմի հետ հաճելի շփման մեջ գտնվելով․ պահակից մինչև դոկտոր-պրոֆեսոր նրա ուշադրության կենտրոնում են եղել։ Անձնակազմը նրան սիրել է, ընդունել, հասկացել, որ բարձր ինտելեկտով օժտված անձնավորություն է։

Որդին մեզ հետ զրույցում հիշեց նաև  նրա հումորներից։ «80-ն անցն էր, այլևս աշխատանքի չէր գնում, խոհանոցում նստած էինք, տխուր-տխուր ասաց՝ է՜հ, պալկովնիկ Տիկոյի թաղումն էր էսօր, չգնացի, դե լավ, թող ինքն էլ իմին չգա։ Մի անգամ էլ իր ընդդիմախոսներից մեկը եկավ խոհանոց, ասաց՝ էսինչի թաղումն է, ընկեր Հովսեփյան։ Հետո ասաց՝ ընկեր Հովսեփյան, ճամփու դնողներդ գնալով քչացան, հայրիկը պատասխանեց՝ զատո դիմավորողներս շատացան»։

Կարապետ Հովսեփյանը ծնվել է Շիրակի մարզի  Արևիկ գյուղում, սակայն միջնակարգ դպրոցն ավարտել է Օձունում, ուր  բնակության էր տեղափոխվել  ընտանիքը, քանի որ պապիկին ուղարկել էին աշխատանքի։ Նա դպրոցական տարիներից սկսել է գրել  քնարական բանաստեղծություններ, պատմվածքներ։

«Օձունի դպրոցն ավարտելուց  հետո՝  1942 թվականին գնացել է բանակ, անմիջապես մասնակցել պատերազմի, եղել է տանկիստ, երկրորդ ուկրաինական ճակատում է եղել։ Ես շատ փոքր էր, հիշում եմ՝ ինստիտուտում հայրենական պատերազմին նվիրված երեկո էր, նա ուսանողներին  պատմեց իր հիշողությունները պատերազմից։ Իր պատմած դեպքերը բուն պատերազմի հետ կապված չէին, բռնություն չէր սիրում, չէր պատմում, բայց հետաքրքիր դրվագներ պատմում էր։ Ուսանողներին պատմեց, որ երբ խփել են իրենց տանկին, վառվող տանկից իրենք դուրս են փախել, բայց հետո հիշել է, որ իր օրագիրը մնացել է տանկի մեջ, իսկ օրագրում իր ոտանավորներն են եղել, օրագրի համար վերադարձել է այրվող տանկի մեջ ու դուրս հանել այն։ Այդքան կարևոր է եղել օրագիրն իր համար»-պատմում է որդին։

Կարապետ Հովսեփյանը ծնողների 7 զավակներից ավագն էր։

Այսօր հուշ-ցերեկույթի ընթացքում մասնակիցները հումորային մի դրվագ ևս հիշեցին Կարապետ Հովսեփյանից։ Մի անգամ  բուհի անձնակազմը քեֆի է գնացել Փարվանայի ափին, հանգիստն են վայելել, երբ փոշի բարձրացնելով՝ իրենց է մոտեցել «Վիլիս» մակնիշի մի մեքենա։ Մեքենայից դուրս է եկել անծանոթ մի տղամարդ, մոտեցել ու հարցրել է՝ «Բարև ձեզ,  ի՞նչ եք անում այստեղ»։  Ռեկտորը զայրացած հետաքրքրվել է, թե դու ո՞վ ես։ Անծանոթ տղամարդը պատասխանել է՝ «Ես այս լճերուն տերն եմ», Կարապետ Հովսեփյանն էլ, ցույց տալով իրեն ուղեկցող մարդկանց, կատակել է, թե  «ես էլ այս բճերուն տերն եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031