Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ ելույթ ունենալով՝ անդրադրաձավ հարցին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություները Նիկոլ Փաշինյանին սատարող հայտարարություններ են անում։
«Թուրքիայի անվտանգության խորհուրդը նիստ է արել, 5-6 կարեւոր հարցերից մեկը հայաստանյան իրադարձություններն են։ Եթե մեր պայքարն անհանգստացնում է մեր թշնամիներին, ուրեմն մենք ճիշտ գործ ենք անում։ Ուրեմն, մեր պայքարը ազգային-ազատագրական պայքար է»,- ասաց նա։
Վարուժան Գեղամյանը հայտարարեց, որ այստեղ լուծվում է պետության լինելու հարցը, եւ այս պայքարը շատ կարեւոր է։
«Շատերն ասում են՝ լրիվ ճիշտ եք ասում, բայց Թուրքիային ու Ադրբեջանին ո՞նց դիմադրենք, ամեն ինչ արդեն հանձնված է, մենք այդքան ուժ չունենք։ Պայքարը վերջացած չէ՛, եթե պայքարը վերջացած լիներ, Թուրքիան ու Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի քանի անգամ չէին մեծացնի իրենց ճնշումը Հայաստանի վրա, մի քանի անգամ չէին մեծացնի իրենց ռազմական բյուջեն։ Իրենք մեզնից շատ ավելի լավ են հասկանում, որ եթե մենք ոտքի ենք կանգնում, իրենք չեն կարողանում մեզ ճնշել։ Հետեւաբար, նորից ամեն ինչ դեռ առջեւում է։ Եվ այս պայքարը մղում ենք նրա համար, որպեսզի կարողանանք դիմակայել սպառնալիքներին։ Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ անընդհատ չէին ասի՝ ժողովուրդ, ամեն ինչ վերջացած է։ Ով մեզ ասում է՝ ամեն ինչ վերջացած է, ինքը նպաստում է Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ այս տարածաշրջանի նվաճմանը, մեր պետության նվաճմանը։ Ոչ մի բան վերջացած չէ։ Հետեւաբար, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մեր պայքարի մասին անհանգստությունները պետք է ընդունել որպես լավ նշան, դրանից ուժ ստանալ եւ պայքարը շարունակել»,-նշեց նա։
Կարդացեք նաև
Վարուժան Գեղամյանն ասաց, որ չպայքարելու դեպքում պահանջները հասնելու են ոչ թե Արցախ, Կիրանց ու Տիգրանաշեն, այլ գալու են մտնեն յուրաքանչյուրիս տուն։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ