2019-ի մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունում հյուրընկալելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ վեհափառին, ասաց. «Իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ առիթ ունեցա ընթերցել եւ վերընթերցել Նոր կտակարանը»:
Հին եւ նոր կտակարաններն ընթերցելը դեռ չի նշանակում ճանաչել Աստծուն, մոտ լինել եկեղեցուն ու քրիստոնեական արժեքներին: Իրական քրիստոնեական արժեքները սերմանելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռեւս 1991-ին երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք հիմնադրեց Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական բացումը 1996-ին էր՝ Գարեգին Ա Կաթողիկոսի օրոք: Սկզբում կենտրոնը զբաղվում էր կիրակնօրյա դպրոցների ստեղծմամբ, կրոնի ուսուցիչների վերապատրաստմամբ, հոգևոր գրականության հրատարակությամբ։ Իսկ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2005 թվականից կենտրոնը վերակազմավորվեց եւ ամբողջովին փոխեց իր ռազմավարությունը: Այդ ժամանակ հանրակրթական դպրոցներում ներդրվեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, որը շրջադարձային եղավ քրիստոնյա հայորդիներ կրթելու եւ դաստիարակելու առումով:
Բայց, ինչպես պարզվեց, հեղափոխական կառավարությունը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելը քայքայիչ գործունեություն որակեց: Խոստացան առարկան Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում ներառել, բայց դա էլ չհաջողվեց: Արդյունքում եկեղեցու պատմությունը կրճատվեց, իսկ հայոց պատմությունը սրբագրվեց:
Կարդացեք նաև
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա մեծ բաց է լինելու նոր սերնդի կրթության մեջ ու պիտի փորձեն լրացնել այդ բացը, որովհետեւ միայն կրթությամբ եւ դաստիարակությամբ կարող ենք ունենալ հոգեպես եւ մարմնապես առողջ սերունդ. «Այսօրվա մեր հասարակության մեջ տեղ գտած արատները խոսում են մեր հոգեւոր վատթար վիճակի մասին»:
Հոգեւոր դաստիարակության պակասը բերել է մի շարք խնդիրների: Կրոնական տարաբնույթ կազմակերպությունները սնկի պես ավելանում են մեր երկրում, եւ հավատացյալ հանրությունը հաճախ չի էլ ընկալում, որ այդ կազմակերպությունները որեւէ կապ չունեն Հայ առաքելական եկեղեցու հետ: Ինչպես նշեց Հայր Զաքարիան, այդ կազմակերպություներն օգտագործում են իրենց սիմվոլները ու մոլորեցնում. «Տեսեք, աղանդավորները սկսել են հայ եկեղեցականի նման մորուք պահել, խաչեր են գցում, այսինքն, փորձում են սիմվոլիկայի, նաեւ խորհրդանիշների առումով մոլորեցնել: Բայց եթե մեկը գիտի իր եկեղեցին, ճանաչում է, այդ մարդուն շատ դժվար է շեղելը»:
Մինչ Հայ առաքելական եկեղեցին փորձում է քրիստոնեական դաստիարակության լույսը տարածել, սոցցանցերում տարաբնույթ տեսահոլովակներով կանչում են մեր երեխաներին՝ Հիսուսի անունից: Փողոցում նրանց բաժանում են QR կոդերով թերթիկներ, տիկտոկյան հնարքներով, կոնֆետներով ու նվերներով գայթակղում ու իրենցով անում: Օրինակ՝ այս երեք նկարները այլ կրոնական կազմակերպությունների ինստագրամյան էջերից են:
Հայր Զաքարիան համոզված է, որ Մայր աթոռը նույնպես պետք է օգտագործի սոցցանցային հարթակները. «Ընդհանրապես վաղուց ժամանակն է, որ հայ եկեղեցականը առավել մտնի ժողովրդի մեջ: Հայ հոգեւորականին կարող են ամեն տեղ տեսնել: Վերջերս պրոսպեկտում քայլում էի սքեմով եւ խաչով, մոտ 200 մետր արդեն գնացել էի, հետեւիցս երկու հայ կին բարձրաձայն ասում էին՝ տեսեք, աղանդավորները ինչքան են լկտիացել, որ արդեն սենց ափաշքյարա քայլում են: Այդ բառն էլ հենց ասացին: Ես պտտվեցի, ասացի, լավ է, որ դուք նախանձախնդիր եք, բայց վատ է, որ կրթված չեք: Դուք այսպիսի խաչով հայկական աղանդավոր տեսե՞լ եք»:
Քրիստոնեությունը սնահավատություն չի ընդունում: Բայց սիրած մարդու անունը գուշակելու համար հաճախ Մայր տաճար այցելողները բակում տեղադրված այս խաչքարի շուրջ մի քանի պտույտ են անում ու աչքերը փակ մատը դնում որեւէ տառի վրա: Հայր Զաքարիան պատմեց, որ նրանք հավատում են՝ որ տառը եղավ, սիրած աղջիկը կամ սիրած տղան հենց այդ տառով պիտի լինի. «Ու դու պատկերացրու, հանկարծակի եթե սիրում է Պողոսին ու «Ն» տառն է եղել, ինքը նստում ու լացում է»:
Անտեղի աղի արցունք թափողներին հոգեւորականները ստիպված բացատրում են, որ դա ընդամենը խաչքարի արձանագրությունն է, թե ով է կանգնեցրել: Տարատեսակ երազահանների ու գուշակների դռներից հեռու պահելու համար եկեղեցին փորձում է հոգեւոր գիտելիքը հասցնել ընթերցողին: Մայր աթոռի հրատարակած բազմաթիվ գրքեր շատ արագ սպառվում են, դա բարոյախրատական գրականությունն է, պարզ աղոթագրքերը, տոնածիսական համակարգի մասին տեղեկագրերը:
«Եղիշեն շատ գեղեցիկ ձեւով բանաձեւել է: Ասում է՝ բոլոր չարիքները մարդու մտքի մեջ մտնում են տգիտությունից: Եվ եկեղեցու նպատակը մեկն է եղել՝ ատել խավարը եւ լույս տարածել: Ասօրվա մեր գաղջ կյանքում խնդիրները, զանազան մարտահրավերները մեզ երբեմն ընկճում են, եւ քրիստոնյան, որը ծանոթ է Աստծո խոսքին, ինքը այլ կերպ է կարողանում հաղթահարել դժվարությունները: Ուրեմն մենք այսօր պիտի կարողանանք կրթել, դաստիարակել ճշմարիտ քրիստոնյայի, որը կլինի հավատքով, հույսով, սիրով, լավատեսությամբ, որը կգիտակցի, որ ինքը հաղթանակած կրոնի զավակ է, որովհետեւ մեր Տերը՝ Քրիստոսը, հաղթանակ է տարել: Եթե հավատք ունենանք, մեր կյանքում էլ այդ հաղթանակները պիտի ունենանք»,– ասաց Հայր Զաքարիան:
Զուտ ավանդույթի ուժով եկեղեցի գալը բավարար չէ: Որտե՞ղ ու ինչպե՞ս քրիստոնեական դաստիարակությունը հասցնել երեխաներին, երիտասարդներին, տարեցներին: Սա խնդիր է, որը ներկայումս փորձում է լուծել Մայր աթոռը:
«Մենք հիմա փորձում ենք վերակենդանացնել կիրակնօրյա դպրոցների համակարգը՝ ծածկելով դպրոցական տարիքը եւ նոր կրթական համակարգ ենք ստեղծում՝ զրոյից: Նոր դասագրքեր պիտի ունենանք շուտով, որոնք պիտի լինեն ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա: Պիտի դարձնենք այնքան հետաքրքիր, որ երեխան իսկապես կարողանա շաբաթ կամ կիրակի այդ մեկ-երկու ժամը կտրվի խաղուպարից, թվային աշխարհից եւ գա այս դասընթացին: Սրանից բացի, մենք մեկ այլ ծրագիր ունենք երիտասարդների համար, որոնք դպրոցն ավարտել են: Այդ ծրագրով նրանք պիտի ծանոթանան մեր դավանանքին, տոնածիսական վիճակին, քրիստոնեական բարոյագիտությանը, էթիկային: Երրորդ ծրագիրը մենք մտածում ենք իրականացնել ավելի հասուն տարիքի մարդկանց հետ, որոնք չեն անցել ո՛չ դպրոցում, ո՛չ երիտասարդ տարիքում, բայց ցանկություն ունեն ծանոթանալու քիստոնեական վարդապետությանը, մեր եկեղեցուն»:
Կիրակնօրյա դպրոցները կազմակերպվելու են եկեղեցուն կից շինություններում, կամ դպրոցների տարածքներում, որովհետեւ կա օրենք, որը թույլ է տալիս եկեղեցուն դասերից հետո օգտագործել նաեւ դպրոցի շենքերը. «Մենք լիահույս ենք, որ խնդիր չենք ունենալու, որովհետեւ սահմանադրությամբ պետությունը ճանաչում է Հայոց եկեղեցու բացառիկ առաքելութունը նաեւ կրթության գործում: Մենք պիտի փորձենք շատ երեխաների բերել այս դպրոց, որովհետեւ ոչ միայն գիտելիք է լինելու, այլ լինելու են ուխտագնացություններ, հայրենաճանաչողություն, մենք կարիք ունենք միասին քայլելու, մեր հայրենիքը ճանաչելու, այդ հայրենիքով զորանալու, հողի զորությունը զգալու»:
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ՝ տարեկան շուրջ 2000 աշակերտ է այցելում Մայր աթոռ սուրբ Էջմիածին: Ամեն այցելությունից հետո երեխաները մեծ ոգեւորություն են ապրում:
Հայր Զաքարիան համոզված է, որ այսօրվա երիտասարդը ծարավ ունի եկեղեցի գալու. «Այսօր զարմանալիորեն անհատական խոստովանությունները շատացել են: Սա խոսում է հոգեւոր բարձր գիտակցության մասին: Մեծ հետաքրքրություն կա տոների հանդեպ, ուզում են իմանալ եւ այդ առումով ՔԴԿ-ն հենց այն միջնորդն է, որը պիտի կարողանա համապատասխան գիտելիքը մարդանց հասանելի դարձնել: Այսօրվա մարդը թվային է, եւ մենք պիտի փորձենք նաեւ թվային աշխարհում գերիշխանություն ունենալ: Օրինակ, TikTok-ում կարող են մեկ րոպեանոց Reel-եր լինել: Մենք պիտի փորձենք խտացնել, ճշմարտությունը այդ ֆորմատով էլ հանձնել: Մեզ պետք է այսօր վերաավետարանացում եւ նոր Թարգմանչաց շարժում: Ես վստահ եմ, որ մենք մոտակա տարիներին պիտի կարողանանք մեր աշխույժ, բուռն գործունեությամբ հոգեմտավոր հեղափոխություն կատարենք»:
Եկեղեցին միայն տատիկների ու պապիկների համար չէ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ոչ թե պարզապես ավանդույթի ուժով գա եկեղեցի, աղոթի ու մոմ վառի, այլ լինի գիտակից հավատացյալ, որի կյանքում եկեղեցին կարեւոր դերակատարություն ունի:
Առաջարկում ենք դիտել մեր պատրաստած տեսանյութը՝ կրոնական կազմակերպություների Instagram-յան, TikTok-յան հնարքների ու Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ձեռնարկած կրթական նոր շարժման մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ