Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում անկում է ապրում». СNN-ի նախկին փոխտնօրեն

Մայիս 31,2024 19:34

«Մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում անկում է ապրում»,- «Լրագրության վիճակն այսօր. ապատեղեկատվություն և այլ մարտահրավերներ» թեմայով Հայաստանի ամերիկյան համալսարանի Լրագրողական գերազանցության կենտրոնի կազմակերպած քննարկումից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց մեդիա կապերի քոուչ, СNN-ի նախկին փոխտնօրեն Ջիմ Լըմեյը։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է հուշում իր փորձառությունը՝ ինչպե՞ս կարող է ազատ մամուլը հաղթահարել այն դժվարություններն ու մարտահրավերները, որոնք այսօր գոյություն ունեն։ Մեր զրուցակիցն այս հարցում կարևորեց եկամուտների նոր աղբյուրների գեներացումը․ «Օրինակ՝ հոդվածների մեջ կարելի է հղումներ տեղադրել՝ նշելով, թե ավելին կարող եք կարդալ այս հղմամբ, և երբ ընթերցողն անցնի այդ հղմամբ, այդտեղ կարող է տեղադրված լինել նաև թվային գովազդ»։ Մյուս խորհուրդն էր՝ աշխատել բաժանորդագրության ծառայություն մատուցելու ուղղությամբ, չնայած դա շատ մեծ եկամուտներ չի բերում․ «Եթե դուք հայտնի եք, ձեր լրատվամիջոցին կվճարեն, որ մի փոքր ավելի շատ ձեզ հասնեն»։

Այն փաստին, որ մամուլի ազատությունն ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհում է անկում ապրում և հարցին՝ ինչպե՞ս պայքարել դրա դեմ և ի՞նչ անել, որ ազատ մամուլը կարողանա զարգանալ, Ջիմ Լըմեյը պատասխանեց․ «Այս առումով աշխարհում միտումը հովանավորությունն է՝ թափանցիկ հովանավորությունը։ Եվ հովանավորի անունն առաջին էջում է գրվում։ Մյուսը՝ բաժանորդագրություններն են, ինչն անում են հեղինակավոր շատ լրատվամիջոցներ՝ օրինակ Նյու Յորք Թայմսը և այլն։ Այսպես է, որ ազատ մամուլը շարունակում է գոյություն ունենալ»։

Ջիմ Լըմեյից հետաքրքրվեցինք՝ ծանո՞թ է հայկական մեդիադաշտին, նա պատասխանեց․ «Այո, տեղյակ եմ, հարուստ մեդիաշուկա չէ, բայց սա նորմալ է, քանի որ դուք գործ ունեք փոքրաթիվ բնակչության հետ, և հիմնականում բնակչությունը երկու մեծ քաղաքներում է կենտրոնացած, երկրի գյուղական բնակավայրերը ներգրավված չեն։ Բայց կան հնարավորություններ սովորելու, թե ինչ են ուրիշներն արել և լավագույնը վերցնելու ու բերելու այստեղ՝ նույն սխալները չկրկնելով»։

СNN-ի նախկին փոխտնօրեն Ջիմ Լըմեյը շեշտեց՝ անհրաժեշտ է կենտրոնանալ YouTube-ի վրա, քանի որ այն սկսել է ավելի հաճախ ծառայել որպես  տեղեկատվության աղբյուր և նաև հեշտ է աշխատացնելը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031