Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարմիր բերետների» գործելաոճը համատեղելի չէ խաղաղ հավաքների վարչարարության հետ. հայտարարություն

Մայիս 31,2024 18:30

«Կարմիր բերետներն» ընդդեմ մարդու իրավունքների

Ներածություն

2024 թ․ ապրիլին Տավուշի մարզում սկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները, որի արդյունքում Հայաստանը Սահմանադրության հակասող եղանակով միակողմանիորեն զիջեց տարածքներ։ Ընդդիմանալով այս գործընթացին, սահմանամերձ Կիրանց բնակավայրում սկսված բողոքի գործողությունները մայիսի 9-ից շարունակվեցին Երևանում՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման ընթացքում  ցուցարարները առավոտյան ժամերին արգելափակում են փողոցներ, իսկ ոստիկանությունը, որպես կանոն, բերման է ենթարկում նրանց։ Հավաքները գտնվում են մեր մշտադիտարկման ներքո, որի արդյունքները կներկայացվեն առանձին հրապարակումներում։

Սույն հայտարարության պատճառը ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների գործելաոճն է` խաղաղ հավաքների համատեքստում։ Ստորաբաժանումը, որն առավել հայտնի է՝ որպես «կարմիր բերետներ», խաղաղ հավաքների ընթացքում հիմնականում ներգրավվում է միայն ուժի կիրառման և ցուցարարներին բերման ենթարկելու համար։ Մինչդեռ նախկինում, ոստիկանությունը ներկայացնում էր, որ «կարմիր բերետները» մասնագիտանում են զինված հանցագործների դեմ պայքարում՝ հետապնդելով զինված անձանց, գրոհելով զինված ահաբեկիչների կողմից գրավված շինությունները։

Ստորաբաժանման անհաշվետու գործելաոճը և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները ստացել են աննախադեպ բնույթ և համատեղելի չեն հավաքների ազատության իրավունքի նկատմամբ իրավաչափ ներգործության չափանիշների հետ։

«Կարմիր բերետները» և խաղաղ հավաքները

Մայիսի 27-ի առավոտյան Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության գրասենյակի առջև, հերթական բողոքի ցույցերի ընթացքում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների (առավել հայտնի որպես «կարմիր բերետներ») և «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի միջև տեղի ունեցավ վիճաբանություն, որը վերածվեց ֆիզիկական հաշվեհարդարի։ Հատուկ նշանակության գումարտակի շուրջ 30 ոստիկաններ շրջապատեցին նրան և բոլոր կողմերից հարվածներ հասցնելով և հայհոյելով դաժան ծեծի ենթարկեցին։ Այնուհետև, պատգամավորին զրկեցին ազատությունից՝ տեղափոխելով ոստիկանական մեքենա։ Այս գործողություններում, ի թիվս այլ իրավախախտումների, ակնհայտորեն առկա էին ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգման հատկանիշներ։

Սույն հայտարարության հրապարակման օրը քրեական գործ հարուցելու մասին դեռևս հայտնի չէ։ Ներքին գործերի նախարարությունում նշանակվել է ծառայողական քննություն և դադարեցվել են միայն մեկ ոստիկանի լիազորություններ։ Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին «կարմիր բերետների» կողմից խմբակային ծեծի ենթարկելու և հայհոյելու դեպքը մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողներին, թե. «Լավ, դուք կողմ ե՞ք որ պատգամավորը մեր քրֆի ոստիկանին», փաստացի ընդունելով, որ ծեծը կիրառվել են որպես ենթադրյալ հայհոյանքի համար պատիժ։

Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններով «կարմիր բերետները» աչքի են ընկել գրեթե մշտապես, ինչպես 2018 թ․-ից առաջ, այնպես էլ հետո։ Սակայն վերջին տարիներին նրանց ոչ իրավաչափ վարքագիծը ստացել է աննախադեպ դրսևորումներ։  Ստորև ներկայացված են մի քանի դրվագներ․

  • 2020 թ․ հետպատերազմյան ցույցերի ընթացքում «կարմիր բերետները» այն եզակի ստորաբաժանումն էին, որոնք, բացի հրամանատարական կազմից, ընդհանրապես չէին կրում ոստիկանին անձնապես նույնականացնող տարբերանշաններ։ Հաջորդող ժամանակաշրջանում խաղաղ հավաքների նկատմամբ առավել կոպիտ միջամտությունները իրականացվել են նրանց կողմից։
  • 2022 թ․ ընդդիմության ցույցերի ընթացքում «կարմիր բերետները» բռնություն են կիրառել կին ցուցարարի նկատմամբ, ինչպես նաև կոպիտ կերպով խոչընդոտել հավաքի մեկ այլ մասնակցի կողմից իրենց գործողությունների տեսանկարահանումը։ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել էր, որ բերման ենթարկված ցուցարարները առավել հաճախ բողոքել են «կարմիր բերետ կրող ոստիկանների գործողությունների ակնհայտ կոպտությունից, կիրառված ուժի անհամաչափությունից, անհարգալից լինելուց»։
  • 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «կարմիր բերետները» ցրել էին 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ծնողների կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ անցկացված բողոքի ցույցը։ Ն․ Փաշինյանի՝ պանթեոն այցելելուն ընդառաջ «կարմիր բերետները» քարշ տալով բերման էին ենթարկել խաղաղ հավաքի 37 մասնակիցների, որոնց մի մասը հայտնել էին ստացված մարմնական վնասվածքների մասին։ Շուրջ 35 հասարակական կազմակերպություն խստորեն դատապարտել էին գործողությունը և պահանջել ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Փոխարենը, մոտ երեք ամիս անց, վերջինս նշանակվել էր Ներքին գործերի նախարար։ Հարուցված քրեական գործով որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվել, իսկ գործը կարճվել էր 2023 թվականին։
  • 2023 սեպտեմբերի 22-ին ստորաբաժանման կապիտանը կոպտել և հարվածել է կին ցուցարարին, երբ վերջինս հարցնում էր, թե ուր են տեղափոխում բերման ենթարկվածներին։ Նույն օրը Ամիրյան փողոցում, ոստիկանական մեքենայի մեջ, չորս «կարմիր բերետներ» ծեծի էին ենթարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Մեկ ամիս անց նրանց հրամանատար Հայկազ Ջոմարդյանը պարգևատրվել էր Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
  • Ստորաբաժանման ծառայողները աչքի են ընկել լրագրողների հանդեպ ագրեսիվ և անհանդուրժողական վարքագծով։ Օրինակ՝ 2024 թ․ ապրիլի 30-ին Ազգային ժողովրդավարական բևեռի երթի մասնակիցներին բերման ենթարկելիս, «կարմիր բերետների» հրամանատար Հայկազ Ջոմարդյանը գոռգոռում էր ցուցարարների վրա և պահանջում թույլ չտալ լրագրողներին մոտենալ ոստիկաններին։ Այնուհետև, շարունակել էր գոռգոռալ հավաքը լուսաբանող լրագրողների վրա, պահանջել հեռու գնալ և կարգադրել էր իր ենթականերին հրելով հեռացնել նրանց։ Իրավիճակին ստիպված էին միջամտել այլ ստորաբաժանումների ոստիկաններ։

Առ այսօր որևէ ոստիկան հավաքների մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունների համար չի ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ավելին, անպատժելիության արդյունքում «կարմիր բերետների» գործելաոճը դարձել է ավելի անպատասխանատու և վտանգավոր՝ քողարկված բռնություններից հասնելով խմբակային ծեծի և հայհոյանքների միջոցով պատժիչ գործողությունների և պատգամավորական անձեռնմխելիության բացարձակ անտեսման։

Եզրակացություն

Տարիների ընթացքում ստորաբաժանման վարքը և անպատժելիությունը հանգեցրել է վերջիններիս կողմից մարդու իրավունքների բացարձակ անտեսման։ Նման պայմաններում «Կարմիր բերետների» գործելաոճը համատեղելի չէ խաղաղ հավաքների վարչարարության հետ։

Հաշվի առնելով այս հանգամանքները, պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն / Հայաստանի հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031