Լրահոս
Օրվա լրահոսը

 Պապոյան. 2023 թվականի արդյունքներով ՀՆԱ-ն գերազանցել է 9,5 տրիլիոն դրամը: Աճը կազմել է 8,7 տոկոս

Մայիս 31,2024 18:14

Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում: Պլանավորվել էր 64 մլրդ 784 մլն դրամ, փաստացի ծախսվել է 62 մլրդ 722 մլնդ դրամ՝ ապահովելով 96 տոկոս կատարողական: Նախորդ տարվա համեմատ գումարն աճել է 15 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ մայիսի 31-ին քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Մինչ հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներին անդրադառնալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է տեղեկատվություն 2023 թվականի մակրոտնտեսական վիճակի վերաբերյալ: Նրա խոսքով 2023 թվականի արդյունքներով ՀՆԱ-ն գերազանցել է 9,5 տրիլիոն դրամը: Աճը կազմել է 8,7 տոկոս: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 8,200 ԱՄՆ դոլար՝ ավելանալով ավելի քան 24 տոկոսով:

Զեկուցողի տեղեկացմամբ տնտեսական զարգացման ոլորտում 4 ծրագրից բխող 20 միջոցառման իրականացմանը հատկացվել է 19,2 մլրդ դրամ: Ճշտված պլանը կազմել է 16,8 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ 14,7 մլրդ դրամ կամ շուրջ 80 տոկոս:

Զբոսաշրջության ոլորտում 1 ծրագրով 5 միջոցառման իրականացման համար հատկացվել է 7,7 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 97 տոկոս:

Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիտորինգի շրջանակում իրականացվել է 1 ծրագիր եւ 9 միջոցառում. փաստացի կատարողականը կազմել է 2,7 մլրդ դրամ:

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ առեւտրային ներկայացուցիչների նպատակների եւ խնդիրների իրագործում միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 310,7 մլն դրամ, ճշտված բյուջեն՝ 62,5 մլնդ դրամ, իսկ կատարողականը՝ 60,6 մլն դրամ:
Տնտեսական հետազոտություններ եւ վերլուծություններ միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 27,4 մլն դրամ, կատարողականը՝ 25 մլն դրամ: Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ միջոցառման շրջանակում իրականացվել են ոլորտային, թեմատիկ հետազոտություններ, վերլուծություններ եւ գնահատումներ՝ արտահանման խթանման, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունների եւ խոչընդոտների բացահայտման առումով:

Արտասահմանյան պաշտոնական գործուղումների միջոցառմանն ուղղվել է 14,5 մլն դրամ, կատարողականը նույնպես կազմել է 14,5 մլն դրամ:

Նախարարության կողմից իրականացվող «Պետական աջակցության ծրագրին՝ հանրային իրազեկման միջոցառումներ» ծրագրի կատարման ճշտված բյուջեն եղել է 137 մլն դրամ, կատարողականը կազմել է գրեթե նույնը:

Գեւորգ Պապոյանը բարձրաձայնել է նաեւ 2023 թվականին նախարարության կողմից իրականացված այլ միջոցառումներ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են կատարված ծախսերի արդյունավետությանը, զբոսաշրջության զարգացմանը, արտահանման խթանմանը, գենդերազգայուն բյուջետավորմանը, Տավուշի եւ Լոռու մարզերում աղետի հետեւանքով գործարար միջավայրին աջակցության ծրագրերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031