Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն, շեղում կա այդ փաստաթղթերից, դրա համար են ասում՝ գաղտնիության գրիֆը բարձրացվել է»․ Սերժ Սարգսյանը՝ 1980-ականներին հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մասին

Մայիս 31,2024 18:10

«Խաղաղությունը հարաբերական բան է․ եթե Ադրբեջանն այսօր հայտարարի, որ ամեն ինչ լավ է ընթանում, արդյոք դա երաշխի՞ք է, որ վաղը չէ մյուս օրը կարող է կարծիքը չփոխել։ Խաղաղության երաշխիքը միայն, մեծ մասամբ ես նկատի ունեմ, կախված է այդ երկրի՝ իր երկրի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու ունակությունից»,- «Դիզվառելիքի գործով» դատարանի որոշման հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ խաղաղության գնալու Ադրբեջանի հեքիաթին ինքը չի հավատում, ավելին, հակառակ կարծիքի է։

Հիշեցնենք, դատարանն արդարացրեց այդ գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ Գեւորգ Հարությունյանին։

Հարցին՝ բանակում մեկ զինվոր եւ գեներալ չեղավ, որը հրաժարվեր դիրքը թողնել, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ նրանք ժամանակին ծառայում էին, բայց հիմա չի կարելի զինվորին կամ կրտսեր սպայակազմին այդ բանի համար մեղադրել։ Մեղադրանքները բանակի վերնախավին պետք է ուղղվեն․ «ԳՇ պետը՝ իմ գլխավոր գերագույն հրամանատար լինելու ժամանակ, առավել ևս՝ պաշտպանության նախարար լինելու ժամանակ, երեւացող պաշտոն չէր զբաղեցնում․ ես հիմա ի՞նչ պիտի ասեմ նրա մասին»։

Նա հորդորեց՝ քամուն տալ ԳՇ պետի ասածները, մասնավորաբար, լրագրողներին ուղղված «հրավերը»՝ սահմանը պահելու մասին։

Վերստին խոսելով Տավուշում սահմանազատման-սահմանագծման գործընթացի մասին, Սերժ Սարգսյանը կրկնեց՝ 1980-ականներին, 4-5 տարի Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ ընթանում էին բանակցություններ, թեեւ դրանք չէին համարվում սահմանազատում-սահմանագծում․ «Հայկական կողմից բանակցությունները վարում էր Վլադիմիր Մովսիսյանը։ Հիմա, մեր պատգամավորներին ասում են՝ այդ փաստաթղթերի գաղտնիության գրիֆը բարձրացել է։ Ուրեմն, շեղում կա այդ փաստաթղթերից, դրա համար են ասում»։

Ինչ վերաբերվում է Տավուշում տեղի ունեցածի շրջելիությանը, նախագահ Սարգսյանը կարծում է, որ՝ «չափազանց բարդ կլինի հանել արդեն տեղադրված սյուները հանելուն, բայց դա էլ հնարավոր է։ Նոր իշխանությունները, սահմանազատման գործընթացը ապօրինության դաշտից բերելու են օրինական դաշտ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սերժ Սարգսյանը նաեւ պնդեց, որ հնարավոր է առանց արտաքին աջակցության Հայաստանում հասնել իշխանափոխության․ տարբերակը՝ փողոցի ճնշումն է եւ իր տպավորությամբ, Բագրատ սրբազանը բավական «մարտական» է տրամադրված։

«Բացառվում էր, մեր իշխանության ժամանակ պատգամավորին ծեծեին ու քրգործ չհարուցվեր»,- անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ կատարվածին էլ, ասաց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031