«Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, լրիվությամբ պատասխանատվությունը Արարատ Միրզոյանի վրա է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
ԱԳՆ-ի մոտ բախումների հետեւանքով կան տուժածներ:
Բագրատ սրբազանն ասաց. «Բոլոր նրանք, ովքեր բիզ, այլ կտրող-ծակող գործիքներով որեւէ կերպ մարդու կվնասեն, կամ գույք, նրանք բոլորովին կապ չունեն մեզ հետ: Մեր ձեռքերի մեջ ուրիշ բան չկա: Նրանք կամ ներդրված են հատուկ կերպով, ինչպես երեկ գիշեր է տեղի ունեցել այստեղ, քիչ էր մնում մարդու այտը դանակով կտրեին: Ոստիկանության մեջից էլ են գտել լիքը բան: Բոլոր բռնի գործողությունները, որ տեղի են ունենում, դատապարտելի են մեզ համար: Ուժ՝ ոչ, բայց պաշտպանություն՝ այո: Չենք կարող մեր տղաներին գողանան մեր աչքի առջեւից, մենք էլ դիտենք, թե ոնց են տանում: Էս շարժումը դերասանների ու դիտորդների համար չի, ովքեր գալու են փայլուն շապիկներով, փայլուն կոշիկներով ու մազերով, դրանք լավ բաներ են, բայց էս շարժման համար չեն: Մեր աչքի առջեւից մարդ են գողանում, կանգնած կողքը նայում ենք, տանում են, վախենում եք: Մի թողեք տանեն, չեմ ասում` գնացեք ջարդեք, խփեք: 29 հոգու բերման են ենթարկել: Երկուսը հիվանդանոցում են: Մեր սարկավագներից մեկին չգիտեմ ինչ մարմնական վնասվածքներ են հասցրել, հիվանդանոցում են, մեր տեղեկություններով` դուբինկայով են հարվածել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ոստիկանների կրած վնասվածքներին՝ նա ասաց. «Ոստիկաններն ասում են՝ երկու հոգի վնասվածք է ստացել, սաղավարտներով, վահաններով ի՞նչ մարմնական վնասվածք կարելի է ստանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ