Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթերցվել է Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի գլխավոր դատախազի կարծիքը

Մայիս 31,2024 17:52

Ermenihaber. Ստամբուլում սպանված «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դատավարության շրջանակներում դատարան է ներկայացվել գլխավոր դատախազի կարծիքը:

Հերթական դատական լսումներին, որն անցկացվել է Ստամբուլի 14-րդ քրեական դատարանում, մասնակցել են նաև գործող կալանավորված կասկածյալներ Օքան Շիմշեքը, Գազյի Գյունային, Վեյսալ Շահինն ու նրանց փաստաբանները: Հեռավար տարբերակով մասնակցել է ևս 4 կալանավոր և 11 կասկածյալ:

Լսումների ընթացքում ընթերցված կարծիքի համաձայն՝ 22 տարի 6 ամսից մինչև 30 տարի ազատազրկում է պահանջվել գործով կասկածյալ Բեքիր Յոքուշի նկատմամբ: Նա մեղադրվել է «Նախագծված և դիտավորությամբ իրականացված սպանությանն աջակցելու» և «Սահմանադրությունը խախտելու» համար:

Նույն հիմունքներով նույն պատիժը պահանջվել է նաև գործով կասկածյալ Յավուզ Քարաքայայի նկատմամբ:

Վեյսալ Շահինի, Ալի Օզի, Գազի Գյունայի, Հասանք Դուրմուշօղլուի, Մեհմեդ Այհանի, Օքան Շիմշեքի, Օնուր Քարաքայայի, Օսման Գյուլբելի նկատմամբ էլ պահանջվել է սահմանել խիստ պայմաններով ցմահ ազատազրկում:

Դատախազի կարծիքի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար Դինքի ընտանիքի փաստաբանները ժամանակ են խնդրել:

Արդյունքում դատարանը որոշում է կայացրել պահպանել գործով մեղադրյալներին կալանքի տակ պահելու նախկինում ընդունված որոշումը:

Բացի այդ որոշվել է սպասել փախուստի մեջ գտնվող մեղադրյալ Ֆարուք Սարըյի հետ կապված որոշմանը, իսկ լսումները՝ հետաձգել հուլիսի 16-ից 17-ը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը 16 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ժամկետից շուտ ազատ էր արձակվել «լավ պահվածքի» համար:

Բանտից դուրս գալուց հետո Սամասթին առաջադրվել էր նոր մեղադրանք, ըստ որի՝ նա սպանությունը կատարելու ժամանակ եղել է Թուրքիայում ահաբեկչական համարվող FETO-ի՝ գյուլենական շարժման անդամ և հանցագործությունը կատարել է այդ շարժման անունից:

Նշվում է, որ հիշյալ մասով նրան ի սկզբանե մեղադրանք չի առաջադրվել իր անչափահաս լինելու պատճառով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031