«Որակում տալու որեւէ անհրաժեշտություն չկա, մեր հասարակությունը տեսնում է այդ ամենը։ Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները, վստահ եմ, իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են գնում»,- «Դիզվառելիքի գործով» դատարանի որոշման հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից կիրառվող անհամաչափ ուժին։
Հիշեցնենք, դատարանն արդարացրեց այդ գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ Գեւորգ Հարությունյանին։
ՀՀ իշխանություններին անհամաչափ աջակցության մասով, նա առաջին հերթին նկատի ունի «կոլեկտիվ արեւմուտքին»․ «Որովհետեւ տրադիցիոն երբեք մեր դաշնակիցները կամ ոչ արեւմտյան երկրները որեւէ հայտարարություն մեր ներքին կյանքին վերաբերող գրեթե բացառում էին: Իհարկե, տարբեր ժամանակներում եղել են հայտարարություններ, բայց ոչ ուղիղ: Մենք ԵԽ անդամ ենք եւ ԵԽ երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով, որովհետեւ մենք այդպիսի պարտավորություններ ընդունել ենք այնտեղ»:
Պատասխանելով ամսի 28-ին Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատ՝ ոստիկանների կողմից խոչընդոտելուն վերաբերող հարցին, երրորդ նախագահն ասաց՝ դա արդեն զուրկ է եւ իրավական եւ բարոյական հարթությունից։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցին՝ շարժման արդյունքների մասին կանխատեսումների վերաբերյալ եւ դիտարկմանը, որ Կիրանցում ինչ որոշել են իշխանություններն, այն էլ արել են, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Չկանխատեսենք՝ հաջողություն կգրանցվի՞, թե՝ ոչ, բայց չեմ կարծում, որ դեպի նվազում է գնում։ Եթե հնարավոր չէ կանխել, ապա ի՞նչ եք առաջարկում՝ ընդհանրապես չպայքարե՞լ։ Պայքարը նրա համար է, որ բռնեն ստորագրողների ձեռքը, այլ տարբերակ ես չեմ տեսնում»։
Պատասխանելով այս օրերին Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստանում կատարվողի մասին հնչող հայտարարություններին էլ, երրորդ նախագահը ասաց․ «Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումներն ինձ համար որեւէ նշանակություն չունեն։ Սրանից 2-3 տարի առաջ երբ արձագանքում էին, որոշակի կոնկրետություն կար իմ մասով, հիմա ի՞նչ արձագանքենք, այլ պատասխանատու կա, մեր արձագանքը ինչ-որ նշանակություն ունի՞ Ադրբեջանի համար»։
Հարց հնչեց նաեւ Բագրատ սրբազանի՝ վարչապետի թեկնածու լինելու մասին։ Սերժ Սարգսյանը վերահաստատեց՝ ՀՀԿ-ն եւ ինքը կսատարեն այն թեկնածուին, որի անունը կհնչեցնի Բագրատ սրբազանը։ Իսկ դիտարկմանը, որ սրբազանի վարչապետ դառնալու հետ կապված սահմանադրական արգելք կա՝ երկքաղաքացի է, պատասխանեց․ «Չէ, կներեք, այդպես չէ․ կա սահմանադրական ելք եւ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԺ-ում 2/3-ով փոխել այն դրույթը, որը արգելում է երկքաղաքացիներին՝ Հայաստանում բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։ Դա էլ է ճանապարհ․ մի քիչ բարդ, բայց տարբերակ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ