Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանավոր ելույթներից բացի՝ ոչ մի գործնական քայլ չի արվել». Աշոտ Գրիգորյանը՝ Արցախի ժառանգության ոչնչացման եւ ՀՀ ԱԳՆ-ի կեցվածքի մասին

Մայիս 31,2024 17:25

Տնտեսագիտության թեկնածու, գրքերի հեղինակ Աշոտ Գրիգորյանը Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգության վերաբերյալ հարցով գրավոր դիմել էր ՀՀ արտգործնախարարությանը:

«Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը արագորեն ոչնչացնում է Արցախի տարածաշրջանում գտնվող հայկական հոգեւոր և մշակութային հուշարձանները։ Միայն վերջին 2 ամիսներին հիմնահատակ ոչնչացվեցին Շուշիի Կանաչ ժամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (1847 թ․), Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին, Հայրենական պատերազմին եւ Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրներ եւ այլն։ Ըստ Monument Watch անկախ ակադեմիական հարթակի մշտադիտարկման՝ ներկայումս ոչնչացման վտանգի տակ է Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին։

Հայկական հոգևոր եւ մշակութային հուշարձաններին հասցված վնասը համաձայն՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի լուրջ խախտում է, նաեւ՝ ցեղասպանական գործողություն է։

Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ Ֆիզիկական վնասներից բացի, եկեղեցիների ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Կարճ ժամանակ անց Արցախում կարող է չմնալ որևէ հայկական հուշարձան, ինչպես դա արվեց հայաթափված Նախիջևանում ու Ադրբեջանի ռեգիոններում։

Ի՞նչ կոնկրետ գործողություններ է իրականացնում «խաղաղության» օրակարգ որդեգրած ՀՀ ԱԳՆ-ն, որպեսզի կասեցնի այս՝ պետականորեն հովանավորվող վանդալիզմը եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկի միջազգային ատյաններում, որոնց անդամ են հանդիսանում նաեւ Ադրբեջանն ու Հայաստանի Հանրապետությունը»:

ՀՀ արտգործնախարարությունից Աշոտ Գրիգորյանին հետեւյալ կերպ են արձագանքել. «2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր՝ Հայաստանը մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման եւ աղավաղման խնդիրը: Հայաստանն աջակցություն է հայտնել դեռեւս 2020թ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ եւ կառուցողական կերպով ներգրավել է այդ առաքելության՝ հնարավորինս արագ գործուղման գործընթացում: Սակայն, Ադրբեջանը շարունակաբար արգելափակում է առաքելության իրականացումը:

 2023թ սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման եւ դրա հետեւանքով ԼՂ ողջ բնակչության էթնիկ զտման հետեւանքով առավել հրամայական է դարձել հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը:

2023թ նոյեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հանդիպման արդյունքում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարեւորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում եւ քարտեզագրում իրականացնելու նպատակով:

Նստաշրջանին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ԼՂ-ում մնացած մշակութային եւ կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի եւ ոչնչացման ռիսկերին՝ նշելով, որ 2020թ աշնանից ՀՀ ահազանգել է միջազգային հանրությանը ԼՂ-ում եւ շրջակայքում հսկայական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման եւ յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին եւ կարեւորել ԼՂ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը:

Նույն կերպ հարցը բարձրաձայնվել է նաեւ 2024թ մարտին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 219-րդ նստաշրջանում՝ մատնանշելով ԼՂ-ում վերջին հանցանքները եւ դրանք քողարկելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը արգելափակելու հանգամանքը: Հայաստանը հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը առաքելության իրականացման հարցում՝ դիտարկելով դա որպես գործուն միջոց Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու հարցում»:

Aravot.am-ը Աշոտ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իրեն բավարարո՞ւմ է ՀՀ ԱԳՆ-ից ստացված պատասխանը: «Ամենևին։ Կոնկրետ քայլերի, իրավաբանական ուժ ունեցող բանաձեւերի փոխարեն մատնանշվում են բանավոր ինչ-որ խոսակցություններ․ փաստորեն, 4 տարի է՝ բանավոր ելույթներից բացի ոչ մի գործնական քայլ չի արվել, մինչդեռ հուշարձանները մեծ արագությամբ շարունակվում են ոչնչացվել։ Իրականում բանավոր հարցադրումը դիվանագիտական ամենաձեւական միջոցն է, այն ոչ մի հետևանք չի ենթադրում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու տարբերակն, ըստ էության, փակուղային է»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր հարցին ի պատասխան՝ իր կարծիքով ինչ քայլեր պետք է իրականում ձեռնարկվեին, Աշոտ Գրիգորյանը հետեւյալը նշեց. «Կարծում եմ, որ տարբերակները շատ են․ աշխատել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ (մասնավորապես, հրավիրել ԱԳՆ ու հարցը բարձրացնել), ԱԺ-ում ընդունել դատապարտող բանաձեւ ու ջանալ ուրիշ երկրներում, նաև՝ Եվրոպառլամենտում, ԵԽ-ում եւ ուրիշ հարթակներում հարցը դնել, «խաղաղության» մասին բանակցելիս այս հարցը բարձրացնել եւ այլն։ Մասնավորապես, կարելի է Իրանին ներառել այս գործընթացներում, քանի որ օրինակ, Շուշիում Իրանական մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը մասնակցում էր Վերին մզկիթի ու մոտակա մեդրեսեի պահպանմանը եւ վերակառուցմանը, ուրեմն արժի առաջարկել, որ հակառակով էլ զբաղվի, որպես միջնորդ»։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031