Ըստ կինոկենտրոնի տնօրենի՝ համակարգված ձեւով միջազգային ասպարեզում հայկական կինոն ունի իր ուրույն տեղը
«Դրամաշնորհը մեզ անհրաժեշտ էր նոր սերնդի ժապավենային, մոնտաժային սեղան ձեռք բերելու համար, որն այսօր Հայաստանում գոյություն չունի: Իսկ այն, ինչ ունեինք, խորհրդային ժամանակներից էր մնացել «Հայկ» կինոստուդիայի տարածքում եւ մի 50 տարվա վաղեմություն ունի: Երբեմն հումորով ասում էի՝ այնքան հին է, որ Համո Բեկնազարյանից մնացած ժառանգություն է»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ իրենց տրված դրամաշնորհի մասին խոսելիս: Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Եվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ էր տրվել: Տիկին Միրզախանյանն ասաց, որ առայժմ ուսումնասիրում են եվրոպական շուկան, որտեղից պետք է ձեռք բերեն սեղանը, նաեւ պետք է մրցույթ հայտարարվի այն ձեռք բերելու համար:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը, որ պաշտոնը ստանձնել է 2017թ. կեսից, ասում է, որ իրենց նպատակն էր վերադարձնել կինոժառանգությունը եւ դրանց իրավունքները՝ կինոկենտրոնին: Եվ իսկապես այն ժամանակվա մշակույթի նախարար Մակունցի հրամանով, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ օգտագործման իրավունքով պատկանող ամբողջ ֆիլմերը օգտագործման իրավունքով փոխանցվեցին «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ 2018թ. օգոստոսին ստորագրված այդ հրամանը հնարավորություն էր ընձեռում Ազգային կինոկենտրոնին վերականգնելու, պահպանելու եւ տարածելու հայկական ֆիլմերը միջազգային զանազան կինոհարթակներում (փառատոներում, կինոշուկաներում, ֆորումներում եւ այլն):
Շուշանիկ Միրզախանյանը նշում է, որ հենց օգոստոսից էլ սկսեցին աշխատանքները եւ արդեն ունեին միջազգային գործընկերներ: Նրանց թվում էին անկախ կինոպրոդյուսեր, հետագայում Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր՝ «Հայ կինոյի դասականներ» ծրագրի համակարգող եւ ֆիլմերի վերականգնման փորձագետ Դենիել Բըրդը, լեհական «Ֆիքսա ֆիլմ» ընկերությունը.
«Առաջին աշխատանքը, որ իրականացվեց, Փարաջանովի գործերն էին, դա «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմն էր, որի մասին նույնիսկ պրոֆեսիոնալ հարթակներում շատերը տեղյակ չէին: Մենք սկսեցինք թվայնացնել եւ վերականգնել ժապավանները, «Նռան գույնը» ֆիլմի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել մոնտաժից, դրանք մոտ 100 տուփ էին: Այդ ժապավենները գտնվում էին պետական արխիվում, որի հետ սկսեցինք արդյունավետ համագործակցել: Ժապավենները Հայաստանից տեղափոխվեցին Լեհաստան եւ լեհական «Ֆիքսա ֆիլմը» թվայնացրեց, վերականգնեց, ու մենք հետագայում ունեցանք տարբեր ծրագրեր: Երբ «Հակոբ Հովնաթանյանը» վերականգնվեց, զուգահեռ Դենիելը սկսեց զբաղվել մյուս երկու կարճամետրաժներով՝ «Կիեւյան որմնանկարներ» եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով»: Այդ երեք ֆիլմերը վերականգնվեցին եւ վերանվանվեցին «Տրիպտիխ»: Վերականգնումը հովանավորել էին «Ֆիքսա ֆիլմը» եւ «Կինոկլասսիկա» կազմակերպությունները։ Վերականգնված ֆիլմերի նոր՝ 35մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել էր ՀԲԸՄ-ն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի եւ Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար։ Սա մեծ համագործակցություն էր:
Ի դեպ, մենք երկու անգամ MoMA-ում ունեցել ենք ցուցադրություն. մեկը 2023թ. աշնանը, երբ ցուցադրեցինք Բեկնազարյանի «Խասփուշը» ժապավենով, մյուսը 2024թ. հունվարին էր, երբ MoMA-ի Վերականգնված ֆիլմերի փառատոնին ցուցադրեցինք Բեկնազարյանի «Երկիր Նաիրին» եւ «Տունը հրաբուխի վրա» ֆիլմերը: Երբեւէ հայկական կինոժառանգությունը նման հաջողություն չի ունեցել: Մենք ցույց էինք տալիս մեր հիմնադրի՝ Համո Բեկնազարյանի կինոն: Մենք ըստ էության Փարաջանովով ճանապարհ բացեցինք, որ Բեկնազարյան ներկայացնենք աշխարհին»: Ավելի վաղ՝ 2019-ին, մեծ ցուցադրություն էր կայացել նաեւ Ռոտերդամի փառատոնի շրջանակում, ներկայացվել էր Փարաջանովի «Տրիպտիխը»՝ զուգահեռ կայացել էր կոնֆերանս: Նույն տարվա ամռանը Երեւանի «Այրարատ» կինոթատրոնում եւս կազմակերպվել էր շքեղ ցուցադրություն:
Կարդացեք նաև
«Համակարգային փոփոխությունը, որ արվեց մեզանում այն էր, որ կինոն պետք է համատեղ արտադրություն ունենա, նկարահանվի տարբեր երկրների հետ համատեղ: 2018 թ. մենք ստեղծեցինք նոր ստեղծվող ֆիլմերի կանոնակարգ, եւ 2020-ին արդեն ունեինք Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը՝ Կաննի փառատոնի մրցութային ծրագրում, հետագայում էլ ունեցանք «Ավրորայի լուսաբացը», «Լուկան» եւ այլ ֆիլմեր: Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետություն է ներկայացրել, ամեն տեղ հնչեցրել ենք Հայաստան անունը: Եվ այսօր կարող ենք հպարտորեն հայտարարել, որ համակարգված ձեւով միջազգային ասպարեզում հայկական կինոն ունի իր ուրույն տեղը»,-նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Ի թիվս այլնի՝ Շուշանիկ Միրզախանյանն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի եւ շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) հետ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությանը, Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցին, որի անդամ ենք դարձել 2016 թ. հունվարին։ Նշեց, որ վառ իրադարձությունների թվում էին 2023թ. մարտին Փարիզի Սինեմատեկի «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված եւ արխիվացված ֆիլմերի միջազգային կինոփառատոնի օրերին Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» եւ «Դուստրը» ֆիլմերի ցուցադրությունը, երբ բացման խոսքով հանդես էր եկել եվրոպական կինոյի լեգենդար վարպետ, Ֆրանսիական Սինեմատեկի նախագահ Կոստա Գավրասը: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ վերջերս Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որի մեկնարկը տրվել էր Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
«Առավոտ» օրաթերթ
31.05.2024