Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իշխանության վերջը չեմ տեսնում, ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից»․ ՔՊ-ական

Մայիս 31,2024 16:44

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Եկեղեցին հարկելու մասին իր հայտարարությանը։

«Ես գործընկերներիս հետ միասին ուսումնասիրում եմ Հայ Առաքելական Եկեղեցու, ընդհանրապես կրոնական կազմակերպությունների գույքերը, որոնք ազատված են հարկերից։ Սա չի վերաբերում վանքերին, գույք ասելով՝ արտադրական, հասարակական տարածքների մասին է խոսքը։ Դրանք ազատված են հարկերից, եւ երբ ուսումնասիրության արդյունքում հասկանանք՝ ինչ ունենք, նոր կհասկանանք, թե ինչ հարկային պարտավորություններ կլինեն։ Այնտեղ հարյուրավոր բնակարաններ կան, որոնք չեն հարկվում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Եկեղեցին հարկեր վճարում է, այդ մասին հայտարարություն է եղել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ո՞ւմ նկատի ունեք՝ ասելով Եկեղեցի, Եկեղեցին ի՞նչ է։ Դուք նկատի ունեք հոգեւոր ծառայողներն են հարկվում, թե՞ գույքն է հարկվում։ Հարկատեսակները բազմաթիվ են, դուք որպես քաղաքացի հարկվո՞ւմ եք։ Դուք եկամտահարկ եք վճարում, բնակարանի համար գույքահարկ եք վճարում։ Այո, կան հարկատեսակներ, որտեղ հարկերը վճարվում են, դա եկամտահարկն է եւ կան հարկատեսակներ, որտեղ, այո, վճարում չի կատարվում»։

Ծովինար Վարդանյանը հեռախոսով ցույց տվեց Եկեղեցուն պատկանող գույքի ցանկը, որը կազմել են ՔՊ-ականները՝ նշելով, որ այդ թվում կան նաեւ վանքեր։ «Բայց այստեղ կան նաեւ որոշ վանքեր, որոնք հնադարյան պատմամշակութային արժեք են ներկայացնում, բայց կան նաեւ վանքեր, որ ինչ-որ մարդիկ, բարեգործներ որոշել են, որ այստեղ-այնտեղ պետք է եկեղեցի կառուցել իր սեփական նախաձեռնությամբ։ Այս ամենը պետք է հստակեցվի, եւ պետության հետ հարաբերութունները պետք է կամայական ինստիտուտի հետ լինեն հստակ ու ՀՀ օրենսդրության ներքո»,- ասաց Վարդանյանը։

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ՞ինչ գույքեր են դրան, ինչի՞ն են ծառայում։ Եթե գույքերը ծառայում են առեւտրային գործունեությանը եւ այդտեղ իրականացվում է ձեռնարկատիրական կամ արտադրական գործունեություն, այդ գույքերը հետագայում կարող են հարկվել։

Նա նշեց, որ այս հարցերը մշտապես քննարկվել են, այնպես չէ, որ նոր են սկսել խոսել այդ մասին․ «Օրինակ՝ եղել է նաեւ այն, որ ժամանակին պարաֆինի հումքի ներմուծումը բարեգործական տակ էր, որը հետո դուրս է եկել եւ հիմա ԵԱՏՄ երկրներից է ներմուծվում։ Ուղղակի այս ամենը ձեր ուշադրության տակ չի եղել»։

Դիտարկմանը, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ժամանակահատվածը համընկա՞վ Եկեղեցին հարկելու խոսույթի հետ, Ծովինար Վարդանյանը պատասխանեց․ «Դուք նկատի ունեք Վազգեն Գալստանյանի՞ն, գուցե»։

Հարցին, թե իրենց իշխանության վերջը տեսնո՞ւմ է, Ծովինար Վարդանյանը պատասխանեց․ «Ոչ, չեմ տեսնում»։ Այդ դեպքում ինչո՞ւ են անհանգստացած, պատասխանեց․ «Ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից»։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031