2023 թվականին ՏԿԵՆ-ն իրականացրել է 21 ծրագիր եւ 138 միջոցառում: Գումարը կազմել է գրեթե 270 մլրդ դրամ, տարեկան ճշտված պլանի նկատմամբ կատարողականը եղել է 98,2 տոկոս. այս մասին մայիսի 31-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Օրակարգում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումն էր:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ներկայացմամբ նախարարությանը 2023 թվականի բյուջեով տրանսպորտի ոլորտում փաստացի ծախսել է 101 մլրդ 987 մլն դրամ, որի շրջանակում իրականացրել է 3 ծրագիր, 31 միջոցառում: Էներգետիկայի ոլորտում ծախսել է 6 մլրդ 423 մլն դրամ` իրականացնելով 4 ծրագիր, 9 միջոցառում, ջրային ոլորտում` 49 մլրդ 992 մլն դրամ` ապահովելով 6 ծրագրի եւ 43 միջոցառման իրականացում:
Ծրագրերից թերեւս ամենախոշորը, ըստ փոխնախարարի, «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որի շրջանակում իրականացվել է 24 միջոցառում, որոնցից 18-ը` վարկային դրամաշնորհային միջոցներով: «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի իրականացման համար 2023 թվականի բյուջեով նախատեսվել էր 103 մլրդ 820 մլն դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 100 մլրդ 442 մլն դրամ:
Խոշոր միջոցառումներից Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել է «Պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման եւ ճանապարհների միջին նորոգման» ծրագիրը, որի փաստացի ծախսը կազմել է 66 մլրդ 951 մլն դրամ: Իրականացվել են շուրջ 305 կմ ավտոմոբիլային ճանապարհների, միջպետակա` 97 կմ, հանրապետական` 103 կմ եւ մարզային` 105 կմ հիմնանորոգման աշխատանքներ: Կատարվել են նաեւ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ, որոնց փաստացի ծախսը կազմել է 8 մլրդ 379 մլն դրամ:
Կարդացեք նաև
Խոսելով վարկային-դրամաշնորհային ծրագրերի կատարողականի մասին` հիմնական զեկուցողը նշել է, որ 2023 թվականի փաստացի ծախսը կազմել է 24 մլրդ 793 մլն դրամ` ապահովելով 31 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհների վերակառուցման աշխատանքների կատարում:
Ավարտվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի 220 կմ լարման Լիճք-Աշնակ եւ Վանաձոր 1 ենթակայանների վերակառուցման աշխատանքները:
Մանրամասն ներկայացնելով ոլորտում իրականացած ծրագրերն ու ծախսերը` Քրիստինե Ղալեչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհաշինարարության ժամկետներին, դրանց վերահսկմանը, անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին` Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է հայեցակարգային եւ ռազմավարական մոտեցումները: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը: Մշակվում է նոր կազմավորություն, որը կունենա ներդրումային եւ տեխնիկական իրագործելիության պլան ճանապարհային ցանցի այն երթուղիների մասով, որոնք ապահովելու են միջազգային փոխադրումներ:
ԱԺ