ԱԳՆ-ի մոտ իրավիճակը մի պահ դուրս եկավ կառավարելիությունից:
Նախ` ոստիկանությունը հայտարարեց. «Ոստիկանությունը զգուշացնում է, որ հիշյալ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք, եթե ապօրինի գործողություններ լինեն, ոստիկանությունը կդիմի գործողությունների»:
Կարդացեք նաև
Ցուցարարները սկսեցին սուլել, աղմկել՝ ի նշան բողոքի: Բագրատ սրբազանը հեգնեց. «Ուրեմն չգիտեինք, որ հատուկ պահպանվող տարածք է, հատուկ պահպանվող մարդիկ էլ կան ներսում: Կամ էս կողմ, կա՛մ էն կողմ, թող որոշեն»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դիմեց ԱԳՆ նախարարին. «Միրզոյա՛ն, տղամարդկություն ունե՞ս, մենակ բարձրանամ, հետդ խոսամ»:
Միրզոյանը տեղի չտվեց, սկսեցին թեժ բախումներ, ոստիկանները հրեցին ցուցարարներին ԱԳՆ շենքի աստիճաններից ներքեւ: Ցուցարարները ջրի պլաստմասե դատարկ շշեր էին նետում՝ ի նշան բողոքի:
Բախումների ժամանակ կան տուժածներ:
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել:
Բագրատ սրբազանը դիմեց ոստիկաններին. «Կարմիր եք, սեւ եք, ինչ ուզում եք եղել, չեք անցնելու ու չեք մարսելու: Արարա՛տ Միրզոյան, այ վախկոտ, այ ստրո՛ւկ, ա՛յ սրիկա, էս լրիվ քո վզին է, իմացի: Ոստիկանություն, ասում եմ, Վահե՛ Ղազարյան, դու էլ գլխովդ պատասխան ես տալու: Ուրեմն մի սրիկա կարող է էդ վերեւը նստել, հրամաններ տալ, թե չեմ ընդունում, կամ ընդունո՞ւմ եմ, տո դու ո՞վ ես, որ չընդունես: Թուրքերի ու ադրբեջանցիների առաջ ծնկի եկած ԱԳՆ ղեկավարը, իր ղեկավարով թաքնված է ոստիկանության թիկունքում: Սա նախերգանքն է լինելու, ձեւ չկա, ոստիկանությունն էլ թող իմանա»,- ասաց Բագրատ սրբազանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. ԱԳՆ շենքի մոտից ոստիկանություն է բերվել ցույցի 26 մասնակից: Նրանց թվում են նաև հոգևորականներ, ծեծի է ենթարկվել լրագրող։ Սարկավագներից մեկը հիվանդանոց, մյուսը՝ բաժին է տեղափոխվել: