Կայացավ Սյունիքում «Երգով ու սիրով» 4-րդ երգչախմբային փառատոնը։
Մայիսի 26-29-ը Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցնող փառատոնը կազմակերպել էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Փառատոնին մասնակցում էին Սյունիքի մարզի 10 երգչախումբ և Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։
Մայիսի 27-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը։
Երգչախումբն, ինչպես միշտ, կատարում էր իր բազմաժանր երգացանկի լավագույն կտորները՝ բարդագույն դասական, հոգևոր, ժամանակակից ստեղծագործություններ՝ հիմնականում գրված կանացի պրոֆեսիոնալ կազմի համար։
Կարդացեք նաև
Սակայն այս երեկոն, թերևս, տարբերվում էր մինչ այդ երգչախմբի ունեցած բոլոր ելույթներից, քանի որ հանդիսատեսի հետ զրույց-հանդիպման ձևաչափում անցավ։ Կատարումների ընդմիջումներին մաեստրո Հեքեքյանը և երգչախմբի անդամները պատասխանում էին ամենատարբեր տարիքի, մասնագիտության տեր ներկաների հարցերին, ինչն առանց այդ էլ մտերմիկ միջավայրը դարձրեց առավել ջերմ ու անմիջական։
Տիգրան Հեքեքյանն իր խոսքում չհապաղեց հերթական անգամ կապանցի ունկնդրին հայտնել, որ ինքն ու իր սաները Սյունիք գալով սեփական տուն են եկել։ Պատմեց տարբեր դրվագներ երգչախմբի առօրյայից, ստեղծման պատմությունից, օրերս ավարտված՝ Գերմանիայի 4 քաղաքներում երգչախմբի ունեցած գեղեցիկ և անմոռանալի շրջագայությունից։ Հատկանշական է, որ մեկ տարի առաջ «Երգով ու Սիրով 3»-ի ժամանակ պարոն Հեքեքյանը ներկաներին պատմում էր, որ փառատոնին անմիջապես հաջորդելու է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հայտնի Բախի փառատոնին «Հայաստանի փոքրիկ երգիչների» մասնակցությունը, ապա հիմա՝ հակառակը, ասում էր, որ նոր ենք Գերմանիայից վերադարձել և հումորով նշում, որ Գերմանիայի շրջագայությունը երգչախմբի համար նախավարժանք էր՝ Սյունիքի խստապահանջ ու հարազատ ունկնդրի դատին ներկայանալու համար։
Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, «Երգով ու Սիրով 4» փառատոնի հերթական և եզրափակիչ համերգն էր, որի ընթացքում Սյունիքի տարբեր քաղաքներից ժամանած խմբերը հանդես եկան մի քանի համարով, ապա, ըստ ավանդույթի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ համատեղ միասնական կատարումով։ Այս անգամ միասին հնչեցին Ռոբերտ Պետրոսյանի «Երկիր Հայրենի» սիրով լի ստեղծագործությունը, հուզիչ, հզոր ու պարտադրող «Տղերքը, որոնք չկան»-ը, հայրենասիրական ու արդիական «Սարդարապատը», իսկ վերջում՝ հոտնկայս ձայնակցող ունկնդրի հետ՝ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանը»։
Շնորհակալ և այնքա՜ն ջերմ կապանցի ունկնդիրը բուռն ծափերով էր ընդունում յուրաքանչյուր կատարում։
Ջերմ, շատ հարազատ մթնոլորտ էր Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճում՝ հերթական անգամ փաստող և հիշեցնող, որ մենք Սյունիքում սեփական տանն էինք, եկել էինք կարոտով, սիրով, երգով ու վերադառնալու միտումով, և Սյունիքն էլ մեզ դիմավորեց նույն կերպ՝ երգով, սիրով, գրկաբաց ու անառիկ։
Հայաստանի փոքրիկ երգիչներ