ԱԳՆ-ի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ պահանջում է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նա մեգաֆոնով դիմեց աջակիցներին. «Եթե որևէ տեղից տեսնեք դուրս եկող աշխատակցի, չթողնեք, ուղղակի չթողնեք»: Այսպես Բագրատ սրբազանը շրջափակել տվեց ԱԳՆ շենքը:
Կարդացեք նաև
Հետո նա հայտարարեց. «Զգում եք, չէ՞, որ մեր երկրում տղամարդ չի ղեկավարում: Ոչ թե սեռի առումով, այլ քաջության իմաստով եմ ասում: Կենսաբանական տարբերության մասին չի խոսքը, զուտ նկարագրության՝ քաջություն, որեւէ ռիսկ ունեցող, մեկը, որ պատասխանատվություն կրող է: Մեր երկրում չկա նման բան, դրանք այլեւս արժեքներ չեն մեր երկրում»:
Բագրատ սրբազանը նաեւ տեղեկացրեց. «Քիչ առաջ մեզ ականատեսները տեղեկություն հաղորդեցին, որ ամառանոցից Սուրեն Պապիկյանն է դուրս եկել, երեւի գնացել է տեսնի՝ հողերը ինչպես են վերաձեւակերպում»:
Նա ասաց, որ ոստիկանական ուժերը չեն ուզում որեւէ գործողության դիմել. «Ներսից մեզ 5 րոպեն մեկ տեղեկություն է գալիս: Ոստիկաններին ամեն ձեւով փորձելու են ստիպել, որ գործողություն իրագործվի: Ուրիշ տեղեկություններ էլ ունենք, չեմ ասի, որ այս մարդկանց հազար ձեւով չհալածեն: Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, որ հիմա տեղի են ունենում՝ համբերությամբ այստեղ կանգնած ենք, մինչեւ չպարզենք՝ նե՞րսն են, թե՞ փախել են: Եթե փախած եղան, ի՞նչ անենք, նապաստակին չենք կարող հետեւից բռնել, չէ՞: Բայց ոստիկանական ուժերը չեն ուզում որեւէ ձեւով գործողություն իրականացնել, սա կարեւոր փաստ է մեզ համար»:
Այս պահին Բագրատ սրբազանը բանակցում է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի եւ բերետների ղեկավարի հետ: Նա ասաց, որ ոստիկանները, երբ փոխանցել են իրենց պահանջները, Արարատ Միրզոյանն այնտեղ՝ վերեւում է եղել:
Ի դեպ, արտառոց էր, որ կարմիր բերետավորներից մեկը ԱԳՆ-ի դիմաց բուժօգնություն էր տրամադրում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի, որի ձեռքը վնասվել էր: Նա ախտահանեց ու վիրակապեց ձեռքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ