Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր հիմնական նպատակն է տարածաշրջանի արվեստագետներին բերել Հայաստան եւ մշակութային խաչմերուկ դառնալ». Վահան Բադալյան

Մայիս 31,2024 15:00

Գեղագիտության ազգային կենտրոնը «Մշակութային խաչմերուկ» ծրագրի շրջանակում հյուրընկալել է ժամանակակից արվեստագետների՝ Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Շվեյցարիայից։  «Արդեն երկրորդ տարին ենք իրականացնում «Մշակութային խաչմերուկ» նախագիծը: Մեր նպատակն է, որ տարբեր երկրների արվեստագետների հրավիրենք Հայաստան՝ իրենց մշակութային նախագծերն իրականացնելու, ինչպես նաեւ միաժամանակ ծանոթանալու մեր երկրի մշակույթին, հարուստ ժառանգությանը, նաեւ մեր արվեստագետների համայնքին»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը:

Վահան Բադալյան

«Այս տարի մենք պատիվ ունենք հյուրընկալելու հինգ երկրից արվեստագետների, որոնք ներկայացնում են տարբեր ուղղություններ՝ գեղանկարչություն, կատարողական արվեստ, թատրոն, տիկնիկագործություն եւ այլն: Շատ հետաքրքիր եւ հարուստ ծրագիր ենք մտածել իրենց համար: Վարպետության դասերը տեղի են ունենալու ոչ միայն Երեւանում, այլեւ Վանաձորում եւ Գորիս քաղաքում: Կարծում ենք, որ իդեալական հարթակ ենք հանդիսանալու մշակութային հանդիպումների ու փոխանակումների համար: Ինչպես արդեն նշեցի, մեր հիմնական նպատակն է տարածաշրջանի արվեստագետներին բերել Հայաստան եւ իսկապես մշակութային խաչմերուկ դառնալ»,-ասաց Վահան Բադալյանը:

Խորեոգրաֆ և պարուհի Դանիելա Դելերչին (Իտալիա) ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, եւ սա իր առաջին այցն է մեր երկիր: «Աշխատելով որպես խորեոգրաֆ՝ ինձ համար հետաքրքիր է կապեր ստեղծել հայ արվեստագետների հետ: Իմ աշխատարանը ժամանակակից պարի վրա է հիմնված: Ներկայացնելու ենք հայկական եւ իտալական մշակութային առանձնահատկությունները ժամանակակից պարի միջոցով»,-ասաց Դելերչին:

Լուսիեն Հոգ

Դրամատուրգ, ռեժիսոր Լուսիեն Հոգը (Շվեյցարիա) եւս առաջին անգամ էր այցելում Հայաստան: Նա ասաց, որ հույս ունի ծրագրի շրջանակում հայաստանցի արվեստագետներից սովորել ամեն ինչ, ինչ հնարավոր է: «Թատրոնում շատ կարեւոր են կապը եւ հաղորդակցությունը. Ես հույս ունեմ, որ այդ ամենն ինձ համար կստեղծվեն նաեւ Հայաստանում»,-ընդգծեց Լուսիեն Հոգը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031